Նիկոլ Փաշինյանը՝ Ադրբեջանի, Իրանի, Թուրքիայի հետ անդրսահմանային ջրերն օգտագործելու մասին Zarkerak - Նիկոլ Փաշինյանը՝ Ադրբեջանի, Իրանի, Թուրքիայի հետ անդրսահմանային ջրերն օգտագործելու մասին
Zarkerak Zarkerak - Նիկոլ Փաշինյանը՝ Ադրբեջանի, Իրանի, Թուրքիայի հետ անդրսահմանային ջրերն օգտագործելու մասին
Նիկոլ Փաշինյանը՝ Ադրբեջանի, Իրանի, Թուրքիայի հետ անդրսահմանային ջրերն օգտագործելու մասին

Նիկոլ Փաշինյանը՝ Ադրբեջանի, Իրանի, Թուրքիայի հետ անդրսահմանային ջրերն օգտագործելու մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարանը, անդրադառնալով Դուբլինում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո տարածված պաշտոնական հաղորդագրությանը, նկատեց, որ հաջորդ օրը մեդիայում, սոցիալական ցանցերում խորհրդավորություն է տրվել անդրսահմանային ջրերի կառավարման գործընթացին։

«Անհասկանալի էր, թե ինչ կոնսպիրոլոգիաներ կարող են հյուսվել այս հարցի շուրջ։ Մասնավորապես, եթե լրացուցիչ տեղեկատվություն կա, կխնդրեի տեղեկացնել աշխատանքային խմբի կազմի մասին»,– հետաքրքրվեց պատգամավորը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ երբ երկրները խաղաղության օրակարգի շրջանակում հաղթահարում են կոնֆլիկտը, ամենատարբեր ոլորտներում պետք է համագործակցեն, այդ թվում՝ անդրսահմանային ջրերի։

«Մենք ունենք գետեր, որոնք Հայաստանի տարածքից մտնում են Ադրբեջանի տարածք, հետո նորից մտնում են Հայաստանի տարածք, հետո նորից դուրս են գալիս Հայաստանի տարածքից, և, ըստ էության, դրանք ընդհանուր գետեր են, և մենք պետք է հասկանանք՝ ինչ կանոններով ենք այդ ջրային ռեսուրսները... նաև բնապահպանական ստանդարտների մասով։

Մենք նման համագործակցություն ունենք նաև Իրանի Իսլամական Հանրապետության հետ, որովհետև այս դեպքում Արաքս գետի հետ կապված հարցեր կան, և բարձր մակարդակի քննարկումներում այդ թեմաներին ժամանակ առ ժամանակ անդրադարձ է կատարվում։

Մենք Թուրքիայի հետ ունենք այդպիսի համագործակցություն, մասնավորապես՝ Ախուրյանի ջրամբարն արդեն շատ երկար տարիներ համատեղ է օգտագործվում այդ ջրամբարի սահմանային լինելու բերումով։ Նկատի ունեմ՝ խաղաղ կյանքի շատ սովորական և անհրաժեշտ օրակարգ է, և առանց դրա դժվար է պատկերացնել։

Աշխատանքային խմբեր ձևավորվում են, հանդիպում տեղի չի ունեցել, և այս պահին կարող եմ ասել այդքանը, բայց տեղի կունենա, և քննարկումներ կլինեն,– ասաց Փաշինյանը և հավելեց։– Ընդհանրապես խաղաղության շուրջ կոնսպիրոլոգիաներ կառուցվում են, որովհետև երբ նորմալ իրավիճակն այն է, որ անընդհատ կրակոցների, էսկալացիաների մասին ենք խոսում, ու մեկ էլ՝ ջուր, վա՜յ, էդ ի՞նչ ջուր է, այստեղ դավադրություն կա... Դավադրությունը դարձել է նորմալ, նորմալը կարող է ընկալվել որպես դավադրություն»։

Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի քաղհասարակությունների հետ հանդիպումներին, որոնք ընդհատվել էին, ապա վարչապետը տեղեկացրեց, որ առաջիկայում «Խաղաղության կամուրջ» նախաձեռնությունը շարունակվելու է։

 

 

18 Նոյեմբեր, 2026 17:48
Վեր