Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է հետևողական միջոցառումներ իրականացնել Հայաստանի Հանրապետություն ծխախոտային արտադրանքի ապօրինի ներմուծման դեպքերը կանխելու և բացահայտելու ուղղությամբ։
ՊԵԿ-ի փոխանցմամբ՝ իրականացվող աշխատանքներն ուղղված են մաքսանենգության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը, մաքսային օրենսդրության պահանջների պահպանմանն ու երկրի տնտեսական անվտանգության պաշտպանությանը։
Օպերատիվ տվյալներն իրացնելիս Մաքսանենգության դեմ պայքարի և Պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչությունների աշխատակիցները համատեղ, մաքսային հսկողության շրջանակում, զննման են ենթարել ԻԻՀ-ից ՀՀ ժամանած երկու բեռնատար ավտոմեքենա, որոնք բեռնված են եղել շինարարության համար նախատեսված տարբեր ապրանքներով։
Զննության արդյունքում բեռնատարների կցորդներից հայտնաբերվել է չհայտարարագրված ընդհանուր 247 հազար 100 տուփ ծխախոտ:
Կատարված նախնական հաշվարկների համաձայն՝ Հայաստանի քաղաքացիների կողմից վերոգրյալ ծխախոտները ՀՀ տարածք անօրինական ներմուծելու արդյունքում չի հաշվարկվել և պետական բյուջե չի վճարվել ընդհանուր՝ 96 մլն 369 հազար ՀՀ դրամ ակցիզային հարկ։
Նշված դեպքերով ՀՀ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի հատկանիշներով ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները առերևույթ հանցանքի մասին հաղորդումներ են ուղարկել Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվել են քրեական վարույթներ։


