Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողների հետևողական աշխատանքի արդյունքում բացահայտվել է թմրամիջոցի իրացումների շղթա, նաև հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք։ Օպերատիվ տեղեկությունը քրեական ոստիկանները սկսեցին իրացնել նոյեմբերի 9-ին։ Ըստ հավաստի տեղեկության՝ օտարերկրյա մի քաղաքացի այդ օրը պետք է թմրանյութ ձեռք բերեր Գյումրու բնակչից։
Ժամը 19․45-ին Գյումրու Անկախության փողոցում օտարերկրացին ձերբակալվել ու տեղափոխվել վարչություն։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել են երկու փաթեթ՝ լցված շուրջ 4 գրամ մարիխուանայով։ Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում ձեռնարկված միջոցառումների արդյունքում նոյեմբերի 10-ին՝ ժամը 11․45-ին, հայտնաբերվել ու ձերբակալվել է նաև օտարերկրացուն թմրանյութն իրացրած գյումրեցի 65-ամյա տղամարդը։ Նա խոստովանել է, որ օտարերկրյա քաղաքացիներին պարբերաբար իրացրել է մարիխուանա։ Արդեն հաջորդ օրը Շիրակի քրեական ոստիկանները հայտնաբերել են նաև 65-ամյա տղամարդուն թմրանյութ իրացրած մեկ այլ գյումրեցու։
Նոյեմբերի 11-ին՝ ժամը 11․50-ին, 57-ամյա տղամարդը ձերբակալվել և իր վարած «Նիսան» մակնիշի մեքենայով հանդերձ տեղափոխվել է վարչություն։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել են մարիխուանայով փաթեթներ ու կաթուցիչ, իսկ նրա տան խուզարկությամբ՝ տարաներում լցված շուրջ 270 գրամ մարիխուանա, կանեփի սերմեր, նաև ապօրինի պահվող ատրճանակ ու երկփողանի ողորկափող հրացան։
Նախաքննությունը շարունակվում է։


