Ամբողջ աշխարհում գլխուղեղի կաթվածը (ինսուլտ) մահացության պատճառների մեջ 3-րդ տեղն է զբաղեցնում: Ըստ վիճակագրության` ամբողջ աշխարհում տարեկան գրանցվում է մոտ 1,5 միլոն գլխուղեղի կաթվածի դեպք, որից 1/3-րդ մահվան ելքով:
Զարգացած երկրներում գլխուղեղի կաթվածը մեծահասակների հաշմանդամության 1-ին պատճառն է. հիվանդների 80 տոկոսն է հիվանդանոցից տուն վերադառնում, վերջիններիս 50 տոկոսը հաշմանդամություն է ձեռք բերած լինում և ունենում է մշտական խնամքի կարիք:
Zarkerak.am-ը հասկանալու համար ինչ է այս հիվանդությունն իրենից ներկայացնում և ինչպես կարելի է կանխարգելել այն, զրուցել է ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի նյարդաբանական ծառայության պատասխանատու Եկատերինա Հովհաննիսյանի հետ, ով բացատրում է՝ գլխուղեղի կաթվածը գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարում է, որն ունի հիմնական երկու դրսևորումներ՝ իշեմիկ և հեմոռագիկ:
Իշեմիկ կաթվածն ուղեկցվում է գլխուղեղի համապատասխան հատվածների արնամատակարարման խանգարման՝ տրոմբի կամ անոթային սպազմի հետևանքով արյան շրջանառության դադարեցման ֆոնին:
Հեմոռագիկ կաթվածներն անոթի պատի պատռման հետևանքով առաջացող արյունազեղումներն են, որոնք ևս բերում են գլխուղեղի տարբեր հատվածների ախտահարման՝ կախված, թե ինչ կենտրոններ են ներառված, այդ պարագայում ունենում ենք տարբեր տեսակ կլինիկական նշաններ:
Եկատերինա Հովհաննիսյանի խոսքով Հայաստանում տարեկան միջինում 5-6 հազար գլխուղեղի իշեմիկ կաթվածի դեպք է գրանցում, և բնականաբար, ելքերը միջազգային ստատիստիկային համապատասխան են լինում: «Բայց, հաշվի առնելով նաև զարգացող երկիր լինելու փաստը, նաև, ի տարբերություն զարգացած երկրների, մահացություններն ու հաշմանդամության առաջացումն է բարձր տոկոս կազմում»,-շեշտում է նա:
Մասնագետի խոսքով, քանի որ գլխուղեղի կաթվածը վտանգավոր հիվանդություն է թե՛ հաշմանդամություն առաջացնելու տեսանկյունից, թե մահաբերության տեսանկյունից, ապա ավելի արդիական է դառնում մեծ շեշտադրում անել գլխուղեղի կաթվածների կանխարգելման վրա.
Եկատերինա Հովհաննիսյան
«Գոյություն ունի կանխարգելման 2 տեսակ՝ առաջնային կանխարգելում, երբ մարդը չունի գլխուղեղի կաթված և պետք է դեռևս առողջ մարդու մոտ այդ ռիսկի գործոնները կարողանանք իջեցնել՝ իրազեկելով հանրությանը, բժիշկներին:
Իսկ երկրորդային կանխարգելումը, երբ մարդը մի անգամ արդեն ունեցել է գլխուղեղի կաթված և պետք է տարատեսակ միջոցառումներ ձեռնարկվեն՝ դեղորայքի, ապրելակերպի առումով, որպեսզի կանխարգելենք 2-րդ կամ 3-րդ ինսուլտների առաջացումը»,- նշում է Հովհանննիսյանն ու հավելում, որ բազմատեսակ կրթական աշխատանքներ պետք է տանել, որպեսզի կարողանանք գլխուղեղի կաթվածի կանխարգելման կառավարելի գործոններն իրականում կառավարել:
Նյարդաբան Եկատերինա Հովհաննիսյանի նշում է գործոնները, որոնք նպաստում են ինսուլտի առաջացմանը 3 խմբի են բաժանվում՝ չփոփոխվող, փոփոխվող և պոտենցիալ՝ հնարավորինս փոփոխվող:
«Չփոփոխվողը գործոններից են տարիքը, սեռը, ընտանեկան հիվանդության առկայությունը, ազգությունը և ծննդաբերության ժամանակ ցածր քաշը: Այս գործոնների վրա հանարավոր չէ աշխատել իրենց փոփոխելու տեսանկյունից:
Իսկ այն գործոնները, որոնցից են զարկերակային ճնշումը, ֆիզիկական թերակտիվությունը, սննդակարգը, ճարպակալումը, շաքարային դիաբետը, ծխելը, նախասրտերի շողացումը և այլն, դրանք արդեն կարելի է կառավարել և դրանց վրա աշխատելով մենք կարող ենք 50 տոկոս հավանականությամբ կանխարգելել գլխուղեղի կաթվածների առաջացումը»,- նշում է Եկատերինա Հովհաննիսյանն ու որպես օրինակ ներկայացնում ավելորդ քաշը, որի դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկին, հասկանալու համար պատճառները՝ հորմոնալ է, թե սննդակարգի հետևանք, և փորձել բուժել հիվանդությունը հետագա ավելի բարդ ելքերից, ինչպիսին գլխուղեղի կաթվածի առաջացումն է, խուսափելու համար:
Տարիք, սեռ, ռասսա
ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի նյարդաբանական ծառայության պատասխանատուի խոսքով, գլխուղեղի կաթվածի դեպքում տարիքն ամենամեծ չփոփոխվող ռիսկի գործոններից է:
«Իշեմիկ կաթվածների առաջացումը մեծանում է տարիքի հետ: 55 տարեկանից հետո յուրաքանյուր տասնամյակում կրկնապատկվում է հավանականությունը գլխուղեղի իշեմիկ կաթվածների առաջացման, իսկ հեմոռագիկ կաթվածներն ավելի երիտասարդ պոպուլացիային են բնորոշ և մեծանում են 45 տարեկանից հետո»,- նշում է մասնագետն ու ընդգծում, որ սեռը ևս մեծ դեր ունի: Նրա խոսքով, երիտասարդ տարիքում կանանց մոտ է կաթվածի առաջացման ռիսկը շատ բարձր, իսկ ավելի մեծ տարիքում հակառակը՝ տղամարդկանց մոտ է բարձր լինում:
«Դա բացատրվում է նրանով, որ կանանց մոտ երիտասարդ տարիքում հետծննդաբերական կամ հղիության հետ կապված բարդությունները բերում են իշեմիկ կաթվածների առաջացմանը, ինչպես նաև այդ ընթացքում առաջացող հորմոնալ խանգարումները, կամ հակաբեղմնավորիչների կիրառումը. կանանց մոտ կաթվածի ռիսկը յուրաքանչյուր տարի աճում է 9 տոկոսով, իսկ տղամարդկանց մոտ՝ 10 տոկոսով»:
Մասնագետի խոսքով, չփոփոխվող ռիսկի գործոն է նաև ռասսան.
«Սևամորթների մոտ կրկնակի հաճախ են հանդիպում գլխուղեղի կաթվածները, քան սպիտակամորթների մոտ: Սակայն, ըստ հետազոտությունների դրանք պայմանավորված է ոչ թե կոնկրետ մաշկի գույնի հետ, կամ գենետիկ նկատառումների, այլ՝ սոցիալական պայմանների»,-նշում է նա:
Անդրադառնալով հաջորդ գործոնին, Եկատերինա Հովհաննիսյանն առանձնացնում է այն, որ եթե ընտանիքում ինչ-որ մեկն ունի կրած ինսուլտ՝ գլխուղեղի կաթված, ապա 30 տոկոսով բարձրանում է սերունդների մոտ առաջացման ռիսկը:
Հիվանդության առաջացման ռիսկը մեծանում է նաև գարնան և աշնան եղանակների, երբ կա մթնոլորտային ճնշման մեծ տատանումներ: «Ստատիստիկայով ավելի հաճախ է լինում հոկտեմբեր, նոյեմբեր և մարտ, ապրիլ ամիսներին. եղանակային անցման շրջաններն են»:
Ինչու են կարևոր ֆիզիկական ակտիվությունն ու սննդակարգը
«Ըստ հետազոտությունների, ֆիզիկական ակտիվությունը ևս նվազեցնում է կաթվածի առաջացման ռիսկը, և եթե չափահաս առողջ մարդը կարողանա բարձր ինտենսիվությամբ մարմնամարզություն իրականացնել, (նվազագույնը 40 րոպե շաբաթը 3-4 անգամ, կամ 30 րոպե՝ շաբաթը 5 օր), ապա դա կարող է արդեն կանխարգելման տեսանկյունից բավականին լուրջ ցուցանիշ հանդիսանալ»,- նշում է մասնագետն ու շեշտում, որ խոսքը սովորական վազքի մասին չէ միայն, այլ այնպիսի ինտենսիվ մարզումների, որի ժամանակ հնարավոր կլինի բոլոր մկաններն աշխատեցնել:
Ինչ վերաբերում է սննդակարգին, ապա նյարդաբանի խոսքով, լավագույն տարբերակ համարվում է միջերկրածովյան սննդակարգը, որն իր մեջ պարունակում է մեծ քանակի բանջարեղեններ, մրգեր ու ծովամթերք, մասնավորապես՝ ձուկ:
«Հետազոտություն կա, որ միջերկրածովյան սննդակարգը 30 տոկոսով է կանխարգելում կաթվածների առաջացումը, իսկ եթե դրան հավելենք շաբաթական 30 գրամ ցանկացած տեսակի ընկույզը, ապա կարելի կլինի 50 տոկոսով կանխարգելել գլխուղեղի կաթվածը»,- ընդգծում է նա ու շեշտում, որ պետք է խուսափել ճարպով հարուստ սննդի և շատ ածխաջրերի կիրառումից, որոնք օրինակ մեծ քանակությամբ խոլեստերին են պարունակում, ինչն էլ ռիսկի գործոն է հանդիսանում:
Կարևոր է իմանալ ժամանակի գինը
Նյարդաբանն ասում է՝ ինչքան արագ արձագանքեք գլխուղեղի կաթվածի նշաններին, այնքան մեծ կլինի հավանականությունը հաշմանդամության կանխարգելելու և կյանքը փրկելու:
«Եթե առաջին 4 ժամերի ընթացքում պացիենտը կարողանա դիմել համապատասխան կենտրոն, որը մասնագիտացված է կաթվածների բուժման տեսանկյունից, կա 50 տոկոս և ավել հավանականություն հաշմանդամ չմնալու ու այս պարագայում ցանկացած նյարդաբանական նշան, որն առաջացել է հանկարծակի ու միանգամից, պետք է պոտենցիալ դիտարկել որպես հնարավոր գլխուղեղի կաթված: Նշաններից են ձեռքի, ոտքի թուլությունը, դեմքի ծռվածությունը, խոսքի խանգարումը, գլխապտույտը՝ հանկարծակի ուժեղ առաջացած, տեսողության խանգարումը: Այսինքն, ցանկացած նյարդաբանական դեֆիցիտ, որը միանգամից է առաջացել, պետք է պոտենցիալ դիտարկվի որպես հնարավոր կաթված ու արագ արձագանքվի»,- նշում է նա, ու հավելում պետք չէ նստել ու փորձել հասկանալ թե ինչ խնդիր է,-«Եթե անոթների սնուցումը խանգարվեց, հնարավոր է տվյալ զոնան փրկել միայն առաջին 4 ժամերի ընթացքում: Ավելի լավ է չկորցնել այդ ոսկե ժամանակը և կանխարգելել հնարավոր հաշմանդամությունը կամ մահացությունը, քան թե «քցել-բռնել», թե միգուցե ուրիշ խնդիր է»,- նշում է նյարդաբան Եկատերինա Հովհաննիսյանը:
Արաքսյա Փաշոյան