Հաշվի առնելով ցեմենտի գների փոփոխությունը, շուկայում նկատվող զարգացումները՝ դեֆիցիտը, գնաճը, ինչպես նաև ներկրվող ցեմենտի փաստացի այսօր արգելափակված վիճակը՝ որոշել ենք, որ ներկրվող ցեմենտի տուրքն ավելի շատ ենք իջեցնելու: Այս մասին այսօր տեղի ունեցած ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ներկայացնելով պետական տուրքի մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցը, ասաց հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը:
«Եթե սկզբնական տարբերակով 14 հազար դրամի փոխարեն սահմանվում էր 9 հազար դրամ, հիմա կսահմանվի՝ 2 հազար դրամ»,- ասաց Թունյանն ու հավելեց, որ փոխվել է նաև անցումային դրույթներում ուժի մեջ մտնելու ժամկետը:
Նրա խոսքով, եթե նախնական տարբերակով օրենքն ուժի մեջ պետք է մտներ հրապարակմանը հաջորդող ամսի 1-ից, հիմա ուժի մեջ կմտնի հրապարակման հաջորդ օրը:
ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ ասաց, որ նախարարությունը միշտ կարևորում է տեղական արդյունաբերության զարգացումը և այս պետական տուրքի ներմուծումը մի քանի տարի առաջ հենց նպատակ է ունեցել, որպեսզի զարգանա տեղական արդյունաբերությունը, «սակայն, այսօր մենք տեսնում ենք, որ կառուցապատման ոլորտը և ընդհանուր շինարարության ոլորտը շատ մեծ խոչընդոտների առաջ է կանգնած: Մենք թե՛ Շինարարների , թե՛ Կառուցապատողների ասոցիացիաների կողմից ունենք ահազանգեր»:
Քերոբյանի խոսքով,այսօրվա ցեմենտի գները և ցեմենտի որակը լուրջ խոչընդոտ են հանդիսանում ոլորտի զարգացման և ոլորտում տեղի ունեցող նախագծերի պատշաճ իրականացման վրա:
«Այս պարագայում Էկոնոմիկայի նախարարությունն առաջնորդվում է բալանսավորված շահի տեսանկյունից: Մենք գտնում ենք, որ համենայն դեպս առաջիկա որոշակի ժամանակահատվածում անհրաժեշտություն կա մեղմացնել ներմուծվող ցեմենտի տուրքի չափը, որպեսզի թե՛ Իրանից, թե՛ Վրաստանից հնարավորություն ընձեռնվի, որպեսզի ընկերությունները կարողանան լրացնել այն ծավալները, որոնք չեն կարողանում տեղական արտադրողների շնորհիվ անել»,- նշեց նախարարը:
Նա նաև շեշտեց, որ կարևոր է գնագոյացման հարցը.
«Մենք տեսնում ենք, որ մեր հարևան շուկաներում ցեմենտի գինն էապես ավելի էժան է քան մեր մոտ և դա իսկապես լուրջ դժվարություն ու խոչընդոտ է շինարարական ոլորտի պատշաճ զարգացման համար»,-ընդգծեց նա:


