«Հետխորհրդային տարիներին բնակֆոնդի անվտանգ շահագործման ուղղությամբ համակարգված լայնածավալ աշխատանքներ չեն իրականացվել։ Բազմաբնակարան շենքերի սեփականատերերի կողմից ևս պարտադիր նորմերը անհրաժեշտ ծավալով և որակով չեն պահպանվել։ Զգալիորեն մեծացել է բնակֆոնդի մաշվածությունը» ,- ԱԺ այսօրվա նիստում Քաշաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը ներկայացրեց «Քաղաքաշինության մասին օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Ղուլարյանի խոսքով՝ նախագծի ընդունման նպատակը անբավարար տեխնիկական վիճակում գտնվող բնակարանային ֆոնդի հիմնախնդիրների կանոնակարգման պետական քաղաքականությունը սահմանելն է։
«Մարզերից և Երևան քաղաքից հավաքված տվյալների համաձայն՝ հանրապետությունում անբավարար տեխնիկական վիճակում գտնվող 3-րդ և 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող ավելի քան 600 բազմաբնակարան շենք կա։ Առկա տվյալների համաձայն՝ անբավարար վիճակում է գտնվում հանրապետության մոտ 19 հազար բազմաբնակարան շենքերի 3,2 տոկոսը։ Հանրապետության բնակավայրերում առկա են նաև քանդման ենթակա վթարային 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող ավելի քան 1200 անհատական բնակելի տուն, որից մոտ 1000-ը՝ բնական աղետների հետևանքով» ,- նշեց Ղուլարյանը։
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը նշեց նաև, որ 2021 թ-ին կառավարության որոշմամբ հաստատվել է անբավարար տեխնիկական վիճակում գտնվող բնակֆոնդի հիմնախնդրի կանոնակարգման հայեցակարգը և դրանից բխող միջոցառումների ծրագիրը․ «Հայեցակարգի նպատակը անբավարար տեխնիկական վիճակում գտնվող բնակֆոնդի հինախնդիրների կանոնակարգման համար 2021-2023 թթ-ի ընթացքում իրավական հիմքերի ստեղծումն է, լուծումների առաջադրումը և մոտեցումների հստակեցումը» ։
Ղուլարյանը նշեց նաև, որ հայեցակարգի միջոցառումով և կառավարության՝ 2021-2026 թթ գործունեության միջոցառումների ծրագրով նախատեսված է հնարավորություն տալ կառավարությանը սահմանել ուժեղացման, վերակառուցման և քանդման ենթակա բնակարանային ֆոնդի հիմնախնդիրների կանոնակարգման պետական քաղաքականությունը։


