ԱԺ-ում քննարկման է դրվել ԱԺ պատգամավորներ Բաբկեն Թունյանի և Հովիկ Աղազարյանի կողմից ներկայացված պետական տուրքի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը:
Զեկուցող Բաբկեն Թունյանի խոսքով՝ Հայաստան ներկրվող ցեմենտի և ցեմենտի հումքի կլինկերի տուրքին: Առաջին ընթերցմամբ՝ կլինկերի համար նախատեսվող 2000 դրամ տուրքը հանվել էր, իսկ ցեմենտի համար գործող 14 հազար դրամ տուրքը նվազեցվել էր մինչև 9000 դրամ:
«Սակայն պայմանավորվել էինք, որ մինչև 2-րդ ընթերցում մենք լրացուցիչ ուսումնասիրություն կանենք, կտեսնենք շուկան ինչ ուղղությամբ է գնում, գներն ինչպես են փոխվում և եթե հարկ լինի՝ տուրքի չափը կվերանայենք: Երկրորդ ընթերցմամբ ավելի ենք իջեցրել ներկրվող ցեմենտի տուրքը և սահմանել ենք 2000 դրամ, այսինքն խորհրդանշական չափի տուրք ենք սահմանել»,-շեշտեց Թունյանն ու հավելեց, որ թվերն անգամ ցույց են տալիս, որ կարելի էր տուրքն ընդհանրապես հանել, բայց որոշվել է այդ 2000 դրամը, այդուամենայնիվ, հօգուտ տեղական արտադրողի պահել:
Նրա խոսքով, այս որոշմամբ ցեմենտի շուկան կվերադառնա հավասարակշիռ վիճակի.
«Կլինի մրցակցություն, գները կգան նորմալ մակարդակի և կառուցապատողներն ու տեղական արտադրողները խնդիր չեն ունենա»,- նշեց Թունյանը:
Նա նաև հայտնեց, որ հաշվի առնելով խնդրի հրատապությունը, փոփոխություն է կատարվել նաև ժամկետի առումով և օրենքն ուժի մեջ է մտնելու դրա հրապարակման հաջորդ օրը:


