Բաց մի թողեք մառախուղի տված շանսը Zarkerak - Բաց մի թողեք մառախուղի տված շանսը
Zarkerak Zarkerak - Բաց մի թողեք մառախուղի տված շանսը
Բաց մի թողեք մառախուղի տված շանսը

Բաց մի թողեք մառախուղի տված շանսը

Ընդդիմադիրներն այսօր կրկին դերի մեջ էին։ Եկել էին ազգային ժողով ու մեղադրում էին իշխանություններին՝ Լաչինի միջանցքի հարցում այսպես ասած անգործության համար։ Մեղադրում էին, իշխանություններին ու ինչպես կասեին ֆուտբոլային մեկնաբանները՝ անձնուրաց խաղով պաշտպանում միջանցքի անվտանգության և վերահսկման ուղիղ պատասխանատուին՝ Ռուսաստանին։ Սա ընդդիմության գործելաոճն է։ Սա այլ երկրի շահերը՝ սեփական երկրի շահերից, բարձր դասող ընդդիմության ոճն է։

9-րդ օրն է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակ է։ Ընդդիմությունն այս օրերին ոչ մի ռեալ քայլ, գործողություն, որը կնպաստեր ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը՝ չի արել։

Այս ընթացքում ընդդիմադիրներն աչքի են ընկել միայն իշխանության դեմ ուղղված ակցիաներով ու Ազգային ժողովում անիմաստ մեղադրանքներ հնչեցնելով։ Ինչպես միշտ սկսել են թիկունքից հարվածներ հասցնել։

Տասնմյակներ շարունակ որևէ լուրջ քայլ չանելով, Արցախի և Հայաստանի անվտանգությունն ու կապը ապահովագրելու առումով, այսօր ամպագոռգոռ մեղադրանքներ են հնչեցնում։ Ու դա անում են այնպիսի պաթոսով՝ կարծես իրենք սրբեր են, իսկ մյուսները՝ սատանաներ։

Ընդդիմությունը լավ կաներ պատասխաներ հարցին՝ ինչո՞ւ իրենց իշխանության տարիներին Արցախը սնուցող պահեստային գազատար չի կառուցվել, ինչու Արցախը Հայաստանին կապող այլընտրանքային, պահեստային ճանապարհներ՝ մասնավորապես Լաչինին այլընտրանքային ճանապարհներ չեն կառուցվել, որոնք կօգտագործվեին նման իրավիճակներում։ Իսկ որ նման իրավիճակներ լինելու էին թե՛ Ռոբերտ Քոչարյանը, թե՛ Սերժ Սարգսյանը լավ պատկերացրել են։ Անհնար էր չպատկերացնեին, որովհետեև հենց իրենք են տարիներ շարունակ՝ Արցախին ոչ մի ապագա չխոստացող սկզբունքների շուրջ բանակցել։

Ի դեպ, այսօր եղանակային պայմանները բավական բարենպաստ են ընդդիմության համար։ Ու տեղին կլիներ, որ Ազգային ժողովում այլ երկրի պաշտպանությամբ զբաղվելու փոխարեն ընդդիմադիրները արագ հանրահավաք կազմակերպեին։ Մառախուղը թույլ չի տա այդ հանրահավաքի սակավամադրությունը տեսնել, փոխարենը՝ ընդդիմության սազանդարներին «բազմահազարանոց» հավաքի մասին հեքիաթներ պատմելու լավ առիթ կտա։

Մկրտիչ Իսրայելյան 

20 Դեկտեմբեր, 2022 16:04
Վեր