Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելում ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանություն» թեմայով աշխատաժողովը հուլիսի 16-ին շարունակվել է Արարատի մարզի Արտաշատ համայնքում։
Դասընթացն անցկացվել է բնակչության հետ անմիջական շփում ունեցող առողջապահության ոլորտի մասնագետների, իրավապահ և տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ՝ կարևորելով ոչ միայն Երևանում, այլև մարզերում աշխատող մասնագետների մասնագիտական ներուժի ամրապնդումը։
Աշխատաժողովի նպատակն է նպաստել ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման, բռնության ենթարկված անձանց, այդ թվում՝ երեխաների իրավունքների արդյունավետ պաշտպանության ոլորտում մասնագիտական կարողությունների զարգացմանը, ինչպես նաև փորձի փոխանակման միջոցով իրավասու մարմինների գործունեության արդյունավետության բարձրացմանը։
Միջոցառման բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել Մարդու իրավունքների պաշտպանի կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության պետ Լիլիթ Աղաջանյանը, ՄԻՊ աշխատակազմի հետազոտական, փորձագիտական և կրթական կենտրոնի ղեկավարի տեղակալ Լիլիթ Վարագյանը, Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) Երևանյան գրասենյակի ծրագրերի համակարգող Նելլի Թումասյանը։
Աշխատաժողովի շրջանակում ներկայացվել են ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման, բռնության ենթարկված անձանց պաշտպանության, իրավասու մարմինների գործունեության ընթացքում իրավունքահեն մոտեցումների ապահովման, ինչպես նաև բռնություն գործադրած անձանց հետ տարվող աշխատանքների, վարքագծի փոփոխությանն ուղղված միջամտությունների և փոխհատուցման մեխանիզմների կարևորությանը վերաբերող թեմաներ։
Գերմանացի փորձագետները դասընթացը զուգակցել են գործնական խմբային աշխատանքներով՝ ներկայացնելով ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման, ինչպես նաև բռնության ենթարկված անձանց աջակցության և պաշտպանության արդյունավետ մեխանիզմները։
Քննարկումները ներառել են ինտերակտիվ ձևաչափով փորձի փոխանակում և մասնագիտական քննարկումներ՝ ուղղված ոլորտում առկա մարտահրավերների, դրանց հաղթահարման արդյունավետ մեխանիզմների, ինչպես նաև բռնության կանխարգելման և արձագանքման գործիքների վերհանմանը։
Աշխատաժողովի ամփոփիչ միջոցառումը տեղի կունենա հուլիսի 17-ին Երևանում։ Այն կմիավորի իրավասու պետական մարմինների, այդ թվում՝ առողջապահության, սոցիալական պաշտպանության և կրթության ոլորտների, երեխայի խնամք և պաշտպանություն իրականացնող ցերեկային և շուրջօրյա հաստատությունների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների և այլ մասնագետների։
Աշխատաժողովն իրականացվում է Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) համագործակցության շրջանակում և միտված է ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման, ինչպես նաև բռնության ենթարկված անձանց, այդ թվում՝ երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում մասնագիտական կարողությունների շարունակական զարգացմանը։


