ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում քննարկում անցկացվեց՝ կապված Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի հետ: Մի շարք երկրների ներկայացուցիչներ հասցեական հայտարարություններ հնչեցրին՝ դատապարտելով Ադրբեջանի գործողությունները:
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Zarkerak.am-ի հետ զրույցում ինքնին դրական գնահատեց ՄԱԿ-ի ԱԽ նիստի անցկացումը. «Այդ նիստը նախաձեռնել էր Հայաստանը: Ընդհանրապես, Հայաստանը պարտավոր է այս իրավիճակում ամբողջ գործիքակազմն օգտագործել՝ Ադրբեջանի վրա միջազգային ճնշում գործադրելու նպատակով: Այս առումով նիստի անցկացումը դրական եմ համարում և ևս երկու հանգամանք կա, որ դրական եմ գնահատում: Առաջինն այն է, որ ՄԱԿ-ի ԱԽ-ի թե՛ մշտական, թե՛ ոչ մշտական անդամները դատապարտեցին Լաչինի միջանցքի փակումը, տոնայնություններն էր մի փորք տարբեր, մեկն ավելի խիստ էր, մեկն ավելի՝ մեղմ: Հատկապես, հասցեական քննադատություն իհարկե հնչեցրել են ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Նորվեգիան և Իռլանդիան: Եվ երկրորդ կարևոր հանգամանքն այն էր, որ Լեռնային Ղարաբաղ տերմինը հիշատակվում էր՝ ի հեճուկս Բաքվի ջանքերի»:
Բացի դրականից Սուրենյացը նշեց, որ պետք չի ֆետիշացնել այդ նիստը. «Ֆետիշացումը շատ վտանգավոր է, որովհետև նախ այդ նիստն ավարտվեց առանց բանաձևի կամ որևէ հայտարարության ընդունման, դա էլ խոսում է այն մասին, որ նույնիսկ նախանշան չկա, որ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն: Եվ երկրորդը՝ գլոբալ հակադրության պայմաններում ՄԱԿ-ի ԱԽ-ն ինքն է գտնվում ինստիտուցիոնալ ճգնաժամի մեջ և դժվար է ակնկալել, որ այն կարող է ինչ-որ որոշումներ կայացնել, որը գործնական ազդեցություն կունենա իրավիճակի վրա: Մենք պարտավոր ենք շատ իրատեսական մեր ակնկալիքները ձևակերպել, որպեսզի հետո հիասթափություններ չապրենք, ավելորդ պատրանքներ չունենանք»:
Քաղաքագետն այս նիստի անցկացումն համարեց միջազգային ճնշման գործիքներից մեկը՝ նշելով, որ ժամանակը ցույց կտա, թե որքան է այն բավարար. «Ես չեմ կարծում, որ նման մի նիստը բավարար է լինելու, որպեսզի Ադրբեջանն իր ագրեսիվ պլաններից հրաժարվի: Ընդհանրապես, եթե մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանը պետք է իր ագրեսիվ օրակարգից հրաժարվի, դրա համար ամենակարևոր նախապայմանը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումն է»:
Անդրադառնալով միջազգային հանրության կողմից հնարավոր պատժամիջոցների կիրառմանը՝ Սուրենյանցն ասաց. «Ադրբեջանը չափազանց կարևոր գործընկեր է արևմտյան մի շարք երկրների համար: Չմոռանանք, որ անցած շաբաթ, երբ Լաչինի միջանցքն արդեն փակված էր, Եվրամիության հանձնաժողովի նախագահի ներկայութամբ Ադրբեջանն՝ այդ թվում Եվրամիության երկու երկրի հետ ստորագրեց վերականգնողական էներգետիկայի մասին ռազմավարական գործընկերության փաստաթուղթ, ինչը նշանակում է, որ Եվրամիության ղեկավարության համար իր շահերն ավելի կարևոր են, քան Արցախի ժողովրդի հումանիտար խնդիրները: Ուստի, տեսանելի ապագայում սպասել պատժամիջոցներ Ադրբեջանի դեմ՝ ցանկությունների դաշտից է, որը շատ քիչ աղերս ունի իրականության հետ»:
Աննա Բզնունի


