Արագ հարստանալու մոլուցքը խորտակեց հնարավորությունը Zarkerak - Արագ հարստանալու մոլուցքը խորտակեց հնարավորությունը
Zarkerak Zarkerak - Արագ հարստանալու մոլուցքը խորտակեց հնարավորությունը
Արագ հարստանալու մոլուցքը խորտակեց հնարավորությունը

Արագ հարստանալու մոլուցքը խորտակեց հնարավորությունը

Ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված՝ այս տարվա գարնանը և հետագա ամիսներին, Ռուսաստանից մարդկանց մեծ հոսք սկսվեց Հայաստան, ինչն իր հերթին տնտեսական և ֆինանսական առումով դրական ակտիվություն առաջացրեց Հայաստանի տնտեսությունում։

Այս հանգամանքից էապես օգտվեց նաև մեր հասարակությունը։ Մեծացավ տների վարձակալության և տարբեր ոլորտներում մատուցվող ծառայությունների պահանջարկը։ Բայց ինչպես օգտվեց հասարակությունն այս շահեկան հնարավորությունից։ Կարճաժամկետ ընթացքում հարստանալու մոլուցքով տարված նույն հասարակությունն իր ձեռքով ուղղակի խորտակեց ընձեռված հնարավորությունը։

Հիմնականում Ռուսաստանի քաղաքացիների ներհոսքով պայմանավորված՝ Հայաստանում տների վաճառքի, վարձակալության և ծառայությունների գները աստղաբաշխական գների հասան։ Այդ գներն ընդհուպ մոտեցան աշխարհի զարգացած և հարուստ երկրների ցուցանիշներին։

Ընդհանրապես՝ տարածված կարծիք կա, թե իբր հայերի մեծ մասը լավ ձեռներեցներ են։ Իրականում ձեռներեցությունում արդյունքի հասնելու համար պահանջվում է քրտնաջան և երկար աշխատանք, իսկ ինչ են երազում նրանք ովքեր քնից արթնանում և որոշում են ձեռներեց դառնալ՝ չաշխատել, բազմոցին նստել ու դառնալ մեծահարուստ։ Հենց այս խավն է չարիք դառնում բարեխիղճ ձեռներեցների համար և արգելակում ընդհանուր տնտեսության առաջընթացը։

Այսօր արդեն նկատվում է ռուսների արտահոսք Հայաստանից։ Շատերի կարծիքով ռուսները հեռանում են, որովհետև իրենց երկրում իրավիճակը դրական առումով փոխվել է։ Իրականում այնտեղ իրավիճակը չի փոխվել, փոխվել է ռուսների վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ, որովհետև ոչ մեկ չի ցանկանում «կթու կովի» դերում լինել։

Վերջին օրերի ցուցանիշները փաստում են, որ Հայաստանում տների վարձակալության գները սկսել են նվազել, ինչը նշանակում է, որ պահանջարկն է նվազել, իսկ պահանջարկը նվազել է՝ անբարեխիղճ մոտեցման պատճառով։ Մինչդեռ այս ներհոսքը երկրարաժամկետ առումով կարող էր իրական հարստության աղբյուր դառնալ շատերի համար։ Կարող էր, եթե հարստանալու հաշվարկը կատարվեր ոչ թե ժամերի, կամ օրերի սանդղակով, այլ ամիսների, ինչու ոչ նաև տարիների։ Այդ հաշվարկը՝ ֆինանսական առումով շահեկան կլիներ բոլորի համար։

Հիմա, այս բաց թողնված հնարավորությունից կօգտվեն հավանաբար մեր հարևան երկրները, մասնավորապես Վրաստանը, որին հայ հանրությունը շատ է սիրում պիտակավորել։

Մկրտիչ Իսրայելյան 

 

 

23 Դեկտեմբեր, 2022 16:25
Վեր