Վաճառականի վայրի մշակույթ Zarkerak - Վաճառականի վայրի մշակույթ
Zarkerak Zarkerak - Վաճառականի վայրի մշակույթ
Վաճառականի վայրի մշակույթ

Վաճառականի վայրի մշակույթ

Ֆենոմեն, որը թերևս բոնորոշ է միայն Հայաստանին։ Հայաստանը այն եզակի երկրներից է, որտեղ դոլարի փոխարժեքի ազդեցությունը  ներմուծվող ապրանքների գների վրա ազդում է բացառապես մի դեպքում, երբ դոլարի փոխարժեքը բարձրանում է։ Այս պարագայում տնտեսվարողները թանկացումները բացատրում են դոլարի գնի բարձրացումով։  

Բացատրությունը միանշանակ տրամաբանական է։ Տնտեսվարողներն այլ երկրներից ապրանքները ձեռք են բերում դոլարով կամ եվրոյով, այստեղ՝ տվյալ ապրանքը վաճառում են դրամով, իսկ հետո արդեն թանկ դոլար գնում, որպեսզի կրկին ապրանքներ  ներմուծեն։ Սակայն նույն տրամաբանությունը չի գործում, երբ արձանագրվում է հակառակ պատկերը։ Դոլարի արժեզրկման պայմաններում  տնտեսվարողն արդեն ապրանք ձեռք բերելիս ավելի ցածր գին է վճարում, տրանսպորտային ծախսերը չեն ավելանում, միջազգային շուկաներում ապրանքների գնաճ չի նկատվում, ինչը ենթադրում է, որ դրամի արժեվորման հետևանքով Հայաստանում ներմուծվող ապրանքների գինը պետք է էժանանա, սակայն այս դեպքում՝ ներմուծմամբ զբաղվող տնտեսվարողները մեղմ ասած կույր են ձևանում։

Հայաստանում արդեն տևական ժամանակ արձանագրվում է դոլարի և եվրոյի փոխարժեքի կտրուկ նվազում։ Վերջին օրերին փոխարժեքով պայմանավորված բենզինի գինն էապես նվազել է՝ ավելի քան 100 դրամով։ Բենզինը միակ ապրանքատեսակն է, որի գինը դրական առումով փոխվել է։ Սակայն ներմուծվող մյուս ապրանքների՝ մասնավորապես հագուստի, խմիչքի և այլ ապրանքների գների նվազում չկա։

Երևույթը չունի տրամաբանական բացատարություն և միակ բացատրությունը, թերևս, տնտեսվարողների ագահությունն է, կամ սպառողի հաշվին արագ հարստանալու մոլուցքը։

Հայկական շուկաներում տնտեսագիտական կանոնները չեն գործում։ Այստեղ գործում է բացառապես վայրի շուկայի կանոնը՝ հնարավոր բոլոր ձևերով ու անտրամաբանական թանկ գնով ապրանքները վաճառել սպառողներին։

Այս երևույթի դեմ տարիներ շարունակ հնարավոր չի եղել արդյունավետ պայքարել։ Բացի օրենսդրական ու այլ կարգավորումներից այս պարագայում նախ և առաջ պետք է գործի բարեխղճության մշակույթը, ինչը մեր մոտ չի եղել չկա ու հավանաբար երկար ժամանակ չի էլ լինելու, հաշվի առնելով  հանգամանքը, որ տնտեսագիտական կանոնների փոխարեն Հայաստանում ամրապնդված է վաճառականի մշակույթը՝ մարդիկ գերադասում են արագ հարստանալ և հարստանալ, այսպես ասած, թալանելով դիմացինին, մոռանալով որ այդ թալանի զոհը հաճախ նաև հենց իրենք են դառնում։

Մկրտիչ Իսրայելյան 

26 Դեկտեմբեր, 2022 15:14
Վեր