Հայաստանում այս պահի դրությամբ սուր շնչառական վարակներով և գրիպով պայմանավորված հիվանդացության աճ է արձանագրվել: Ցուցանիշները նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի համեմատ գտնվում են նույն մակարդակի վրա:
Zarkerak.am-ի հետ զրույցում Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների վարչության բժիշկ-համաճարակաբան Եվգենյա Խաչատրյանը նշեց, որ դեկտեմբեր ամսից սկսած հանրապետությունում ունենք, հիմնականում, գրիպ A տեսակի H1N1 ենթատեսակի շրջանառություն: Կան նաև A տեսակի H3 ենթատեսակի և, գրիպ B տեսակի լաբորատոր հայտնաբերումներ: Խաչատրյանի խոսքով, դրանք պայմանավորված են սեզոնայնությամբ: Այդ ակտիվությունը գրանցվում է և՛ մարզերում, և՛ Երևանում:
«Այս պահի դրությամբ մարզերից առավել ակտիվ են Տավուշը և Շիրակը: Իսկ ընդհանուր առմամբ ՀՀ հիվանդանոցներում բուժում են ստանում 586 պացիենտ, որոնց 95 տոկոսը 0-18 տարեկան երեխաններն են: Հիվանդանոցային բուժում ստացողներից 256-ի մոտ այս պահի դրությամբ արձանագրված է թոքաբորբ, դրանց 51 տոկոսը 0-18 տարեկան երեխաներն են»,- նշում է բժիշկ-համաճարակաբանը:
Նա ընդգծում, որ այս ցուցանիշները, սակայն, չեն նշանակում, որ մեծահասակներն ավելի քիչ են հիվանդանում, պարզապես դիմելիությունը 0-18 տարեկանների շրջանում առավել բարձր է:
ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ-ի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների վարչության բժիշկ-համաճարակաբան Եվգենյա Խաչատրյան
Անդրադառնալով շտապօգնության կանչերին, Եվգենյա Խաչատրյանը նշում է, որ նախորդ տարվա նույն օրերի համեմատ կանչերի թիվը նվազել է 1 տոկոսով:
«Հոսպիտալային բուժման դիմողների առումով վերջին 4 օրերի համեմատ մի փոքր կայունացում ունենք, սակայն, գրանցում ենք ամբուլատոր պոլիկլինիկական կազմակերպություններ դիմելիության աճ»- ասում է Եվգենյա Խաչատրյանը:
ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի բժիշկ-վարակաբան Ելենա Սիլկան Zarkerak.am-ի հետ զրույցում ընդգծում է, որ սուր շնչառական վարակների հարուցիչներն ամեն տարի տարբեր են լինում:
Նա ևս փաստում է, որ այս տարի մեզ մոտ գերակշռում է գրիպի H1N1 տեսակի շտամը, որը մարդու գրիպի վիրուսի խոզի գրիպի հետ խաչասերումից է առաջացել, դրա համար էլ այս վիրուսն ստացել է խոզի գրիպ անվանումը: Սակայն, շրջանառվող H1N1 վիրուսը միայն մարդուց մարդուն է փոխանցվում:
Մասնագետը շեշտում է, որ այժմ հայտնաբերելիությունն է ավելացել, քանի որ բուժհիմնարկներն ապահովված են թեստային համակարգով:
«Այժմ ավելի հստակ կարելի է ախտորոշել, թե գրիպի որ ենթատեսակի հետ գործ ունենք: Պացիենտի համար դժվար է տարբերակել, թե որ տեսակի գրիպն է իր մոտ առկա, դրա համար պարտադիր պետք է դիմել բուժհիմնարկ»,- նշում է Ելենա Սիլկան: Խոսելով գրիպի ծանր ընթացքի ռիսկի խմբերի մասին, մասնագետը շեշտեց, որ այդ խմբում են 65-ից բարձր տարիքի անձինք, քրոնիկ հիվանդություններ՝ շաքարային դիաբետ, շնչառական օրգանների, սիրտ-անոթային համակարգի, լյարդի խնդիրներ ունեցողները, հղիները և մինչև 5 տարեկան երեխաները:
ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի բժիշկ-վարակաբան Ելենա Սիլկա
Անդրադառնալով տարածված H1N1 գրիպի ախտանշաններին, բժիշկ-վարակաբանն ասում է, որ այն ուղեկցվում է արտահայտված գլխացավերով, մկանացավերով՝ ավելի քան մյուս տեսակների դեպքում: Կարող է լինել նույնիսկ լուսավախություն, պացինետը կարող է խնդրել, որ վարագույրներն անընդհատ փակ լինեն սենյակում, և ակնակապիճի ցավ, ակնագնդերի ցավ աչքի շարժումների ժամանակ՝ սա շատ հատուկ ախտանշան է:
Վարակաբանն ասում է, որ այժմ շրջանառվող տեսակին բնորոշ է նաև մարսողական տրակտի ախտահարումները: Հաճախ երեխաների մոտ դիտվում է սրտխառնոց, փսխում և փորլուծություն, իսկ մարմնի ջերմաստիճանը 37,5 աստիճանից բարձր է լինում:
Ելենա Սիլկան ընդգծում է, ջերմության հետ մեկտեղ, եթե մյուս ախտանշաններն էլ առկա են, ապա պարտադիր պետք է դիմել բժշկին, որպեսզի հստակեցվի տեսակն ու համապատասխան բուժում իրականացվի:
Մասնագետն անդրադարձավ ինքնաբուժությանը և ընդգծեց դրա վտանգավորության մասին․
«Ցավոք, ինքնաբուժությունը հայերի մոտ դեռևս տարածված է: Հիմնականում, եթե տեսնում են, որ ջերմությունը բարձր է, տագնապից ելնելով շատերը սկսում են հակաբակտերիալ միջոցներ կիրառել:
Հաճախ, առանց բժշկի նշանակման մայրիկներն են հակաբակտերիալ միջոցներ կիրառում, օշարակներ են տալիս երեխաներին, տեսնելով որ օրինակ 38-ից բարձր է ջերմությունը: Դա ամենամեծ և ամենակոպիտ սխալն է, քանի որ հակաբակտերիալ դեղամիջոցները չեն ազդում գրիպի վիրուսի վրա և դրանով արդեն կարող են բարդացնել հիվանդության հետագա ընթացքը»,- ասում է Ելենա Սիլկան:
Հարցին, իսկ ի՞նչ պետք է անել, եթե հիվանդության կրողի հետ են հանդիպել և վարակվելու հավանականությունը դրանով պայմանավորված ավելանում է: Մասնագետն ի պատասխան նշում է, որ հանդիպելիս, եթե հասկանում ենք, որ մարդը վիրուսակիր է, նախ պետք է հեռավորություն պահել՝ 1 մետրից ավելի.
«Շփումից հետո պետք է հիգիենայի բոլոր կանոնները պահպանվեն՝ լվանալ ձեռքերը, ախտահանել իրերը, որոնց հետ շփվել է վարակակիրը: Անհրաժեշտ է նաև կիրառել առատ հեղուկներ, որոնք կնպաստեն վիրուսի արագ դուրս բերմանը: Սակայն, հիմնական կանխարգելիչ միջոցն ամբողջ աշխարհում մնում է պատվաստումը»,- ասում է ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի բժիշկ-վարակաբանը:
Նա ընդգծում է, որ գրիպի դեմ պատվաստանյութը հանրապետության առողջության առաջնային պահպանման օղակի բոլոր կետերում առկա է:
«Միջազգային տվյալների համաձայն, պատվաստանյութը 90 տոկոս արդյունավետություն է ապահովում: Այսինքն, պատվաստված մարդկանց 90 տոկոսը չի վարակվում, իսկ մնացած տոկոսը վարակվելու դեպքում թեթև է տանում, այսինքն՝ չեն դիմում բուժհաստատություններ»,- նշում է Ելենա Սիլկան:
Արաքսյա Փաշոյան