«Նոր ժողովրդական ճակատ» (NPF) ձախ կուսակցությունների կոալիցիան հաղթել է Ֆրանսիայում խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում և ստացել 182 մանդատ Ազգային ժողովում, հայտնում են երկրի ՆԳՆ պաշտոնական տվյալները՝ վկայակոչելով ֆրանսիական լրատվամիջոցներին։
Երկրորդ տեղը զբաղեցրել է նախագահ Էմանուել Մակրոնի «Միասին» կենտրոնամետ կոալիցիան (168 մանդատ), երրորդ տեղում՝ ծայրահեղ աջ «Ազգային հանրահավաքն» է (RN)՝ Մարին Լը Պենի և Ջորդան Բարդելլայի գլխավորությամբ (143 մանդատ):
Նշենք, որ ընտրություններին մասնակցությունը կազմել է 66,63 տոկոս։ Ընդ որում, ոչ մի քաղաքական ուժի չի հաջողվել մեծամասնություն ստանալ խորհրդարանում։ Ազգային ժողովն ունի 577 պատգամավոր, իսկ մեծամասնության համար անհրաժեշտ է 289 մանդատ։
«Պարզ է, որ Մակրոնը չէր գնա արտահերթ խորհրդարանական ընտրությունների, եթե նախապես «ձախերի» հետ պայմանավորվածություն չունենար: Մակրոնը գնաց այդ քայլին, երբ տեսավ, որ Եվրախորհրդարանի ընտրություններում հաղթում են «աջերը», այսինքն՝ ինքը փորձեց, կարող ենք ասել, որ դա նրա մոտ ստացվեց, իր լեգիտմիությունը վերականգնել, որն այդ պահին խաթարված էր և գնաց այդ քայլին: Ընտրությունների առաջին փուլում հաղթեցին ծայրահեղ «աջերը», երկրորդ փուլում նրանք ընդամենը երրորդ տեղում էին, պարզ պատճառով, որովհետև «ձախերը» և պրոնախագահական կուսակցությունը պայմանավորվել են և այն տարածքներում, որտեղ տեսնում էին, որ ձախերն ավելի շատ ձայն են տանում, օրինակ՝ Մակրոնի կուսակցությունն իր թեկնածությունը հանում էր և հակառակը, և դրա համար մենք տեսանք, որ առաջին փուլում հաղթած Լը Պենի կուսակցությունը երկրորդ փուլում հայտնվեց երրորդ տեղում, ինչը սպասելի էր»,- Zarkerak.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը:
Խոսելով իշխանության եկած «Նոր ժողովրդական ճակատ»-ի և Մակրոնի կուսակցության կոալիցիա կազմելու հնարավորության մասին՝ քաղաքագետն ասաց. «Ես չգիտեմ՝ նրանք կոալիցիա կազմելու են, թե՝ ոչ, բայց եթե նույնիսկ կոալիցիա էլ չկազմեն, դա որևէ կերպ չի խանգարի, որ նրանք խորհրդարանում ցանկացած կարևոր քվեարկության ժամանակ հանդես գան ընդհանուր դիրքերից: Մենք պետք է հասկանանք, որ նրանց դաշինքն ուղղված է երրորդ ուժի դեմ: Ես այստեղ Լը Պենի դերը կհամեմատեի այն դերակատարության հետ, որը 2018, 2021 թվականների ՀՀ ընտրություններում ուներ Ռոբերտ Քոչարյանը, այսինքն՝ մարդիկ գնում էին և քվեարկում ոչ թե ի օգուտ Փաշինյանի, այլ Քոչարյանի դեմ, նույնն էլ այստեղ էր: Մակրոնն ունի վստահության պակաս, բայց Մակրոնը Ֆրանսիայի նախագահն է, Մակրոնն իշխանությունը պահպանելու է մինչև 2027 թվականը և նա հիմա ստանում է պառլամենտ, որն իր համար խոչընդոտներ չի հարուցելու, եթե մենք հաշվենք, որ Ֆրանսիան ինքն իրենով նախագահական հանրապետություն է և իշխանության մեծ մասը նախագահինն է, ապա Մակրոնը ստանում է այն, ինչ-որ իրեն պետք է, որպեսզի հանգիստ մինչև 2027 թվականը շարունակի նախագահել և լինի երկրի լիարժեք նախագահ»:
Անդրադառնալով նաև ընտրությունների արդյունքների ՀՀ-ի վրա ազդեցությանը՝ Դավիթ Ստեփանյանն ասաց. «Միանշանակ կարելի է ասել, որ սա մեզ համար լավ արդյունք է, որովհետև ցանկացած դեպքում Լը Պենի ու իր կուսակցության իշխանության գալը Հայաստանի շահերից չէր բխի, չեմ կարծում, որ Լը Պենն ինչ-որ հատուկ անսիմպատիա ունի Հայաստանի նկատմամբ, բայց ուղղակի Մակրոնն ամենապրոհայկական նախագահն է, ես միշտ էլ ասել եմ, որ մենք պետք է ամեն ինչ անենք, որ Ֆրանսիայի հետ հնարավորինս շատ զարգացնենք հարաբերությունները, քանի դեռ Մակրոնն է երկրի նախագահը, հիմա ունենք մոտավորապես 3 տարի դրա համար»:
Ֆրանսիայի դիրքորոշումը ՀՀ-ի հետ տարվող քաղաքականության մեջ չի փոխվելու՝ նշեց Ստեփանյանը՝ հավելելով. ««Ձախեր»-ի ներկայացրած ծրագիրը կարդացել եմ, այնտեղ ամբողջությամբ պրոհայկական դիրքորոշում է՝ և՛ Արցախի հարցում, և՛ հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցում, և՛ Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների հարցում, այնպես որ մենք այստեղ խնդիրներ չպետք է ունենանք: Հարկավոր է զարգացնել հարաբերությունները Ֆրանսիայի հետ, որքան ես հասկանում եմ՝ ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ, ես շատ կուզեի, որ մենք Ֆրանսիայի հետ ունենայինք դաշնակցային հարաբերություններ, բայց որքանով հասկանում եմ՝ այս պահին Ֆրանսիան դրան պատրաստ չէ: Այստեղ է հիմնական խնդիրը, չեմ կարծում, որ կա խնդիր Հայաստանի կողմից, համենայնդեպս՝ դա չի նշանակում, որ մենք չպետք է աշխատենք, մենք պետք է հետևողականորեն աշխատենք և՛ ընդդիմության, և՛ Մակրոնի, և՛ «ձախերի» հետ, որոնք հիմա դարձել են իշխանություն և փորձենք անել այն, ինչը մեզ պետք է: Ֆրանսիան շարունակում է մնալ Հայաստանի համար աշխարհում ամենամոտ պետությունը»:
Աննա Բզնունի