Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Ըստ հրապարակված տվյալների՝ մոտ 1000-1200 մարդ է մասնակցել հանրահավաքին: Դեռևս շարժման սկզբից ես ասել եմ, որ այն հեռանկար չունի և ինչ-որ պահի մարելու է: Ըստ էության, այդ մարման պրոցեսը մենք տեսել ենք դեռևս ամռանը, բայց կարծես թե Գալստանյանը չի հաշտվում այդ մտքի հետ, փորձում է ամեն կերպ ցույց տալ, որ շարժումը կա և պրոցեսներ են տեղի ունենում»,-Zarkerak.am-ի հետ զրույցում անդրադառնալով հոկտեմբերի 6-ին Բագրատ Գալստանյանի հրավիրած հանրահավաքին՝ ասաց քաղաքագետ Էդգար Առաքելյանը:
Տեղի ունեցող գործընթացներն արհեստական են՝ նշեց Առաքելյանը՝ հավելելով. «Նախկինում, երբ շարժումն իր ավելի բուռն ընթացքի մեջ էր, այդ քայլերն այդքան էլ չէին խոսում շարժման հետագա հաջողության մասին: Այսօր այն, ինչ արվում է, արհեստական շնչառության նման մի բան է՝ ցույց տալու, որ քաղաքական գործընթացներ են ընթանում: Շարժման նախաձեռնումից շատ կարճ ժամանակ անց երևաց, որ այդ շարժման իրական շահառուն Բագրատ Գալստանյանը չէ, այլ՝ նախկին իշխանությունները և շարժման ամեն օրվա հետ դա ապացուցվում էր: Նախ ի սկզբանե շարժման կողքին կանգնած էին նախկին նախագահների թիմերը: Միևնույն ժամանակ, այն լոզունգներով, ինչով եկավ Գալստանյանը, այդ լոզունգները, ըստ էության, կեղծ էին և դրանց հետևում իրականում թաքնված էին այլ նպատակներ՝ Հայաստանում իրականացնել իշխանազավթում և իշխանությունը փոխանցել կրկին նախկին իշխանությունների ներկայացուցիչներին, Հայաստանը դարձնել Ռուսուստան-Բելառուս միութենական պետության անդամ, Ռուսաստանին տրամադրել Սյունիքով անցնող այսպես կոչված միջանցքը և ժամանակի ընթացքում նաև Հայաստանի անկախության կարգավիճակը նվազեցնել՝ ընդհուպ հասցնելով գուբերնիայի կարգավիճակի: Սա է իրենց ամբողջ պլանը»:
Քաղաքագետն ընդգծեց, որ շարժումը մինչ օրս չի ներկայացրել իր ճանապարհային քարտեզը. «Երբ հանրության մեծ մասը Գալստանյանին ասում էր ներկայացրեք ձեր ճանապարհային քարտեզը, նա որևէ հոդաբաշխ պատասխան չէր տալիս, նա ասում էր կգա ժամանակը, կիմանաք: Այսինքն՝ առերևույթ իրենք չունեին օրակարգ, բայց ունեին քողարկված ռեալ օրակարգ և այդ օրակարգը նրանք վախենում էին բարձրաձայնել: Այս ամենի բացակայությունը ստեղծում է հիմքեր, որ այս քաղաքական շարժումը չունի ակնհայտ օրակարգ Հայաստանի մասին, և այն օրակարգը, որն իրենք ունեն, ՀՀ-ի լիկվիդացիայի մասին է»:
Խոսելով նաև շարժման` Դատախազություն գնալու որոշման մասին՝ Էդգար Առաքելյանն ասաց. «Իրենք առաջ են քաշում արհեստական օրակարգեր, այդ մահացած շարժմանն արհեստական շնչառություն են փորձում տալ: Երբ դու սկսում ես քաղաքական գործընթացը մեկ պահանջով ու վերջացնում ես այդ շարժումը ՍԴ գնալով, դատախազության շենք գնալով, դա այլևս լուրջ չէ: Հենց քաղաքական կոնտենտի բացակայությունն էր այս շարժման գլխավոր ձախողման պատճառներից մեկը: Բոլոր հայտարարություններիը, իրենց բոլոր քայլերը հակաքաղաքական էին, սա, ըստ էության, իմ տեսած ամենաապաքաղաքական գործընթացն էր ընդդիմադիր զարգացումների մեջ»:
Անդրադառնալով նաև օրեր առաջ Շիրակի թեմի առաջնորդի այն հայտարարությանը, որ ՀՀ երկրորդ և երրորդ նախագահների ուրվականները քայքայեցին Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը՝ մեր զրուցակիցն ասաց. «Պատահական չի, որ հենց եկեղեցուց է նման հայտարարություն հնչում: Հաշվի առնելով, որ Բագրատ Գալստանյանը նույնպես հոգևորական է, օգտագործվում է այդ հեղինակային կառույցը՝ ճնշում գործադրելու Գալստանյանի վրա և նաև հանրությանը մեսիջներ ուղարկելու: Այն հետևորդները, ովքեր պատրաստ են գնալ Գալստանյանի հետևից, նաև նրանց է ուղղված այդ մեսիջը, որ այլևս այս շարժումը հեռանկարներ չունի: Բագրատ Գալստանյան պրոյեկտի կազմալուծումը և քաղաքական դաշտից հեռացումը տեղի է ունենում բավականին արագացված տեմպերով:
Այս հայտարարություններով նրանք Գալստանյանին ասում են, որ նա ձախողել է: Մյուս կողմից սա ուղղված է նաև նախկին երկու նախագահների դեմ: Նրանք, ովքեր կազմակերպել են այս գործընթացները, հասկացել են, որ նույնիսկ եկեղեցու հեղինակությունն օգտագործելով չկարողացան խաբել, մոլորեցնել հայ հանրությանը, միևնույն ժամանակ, նախկին երկու նախագահների սպասումները նույնպես չեն արդարացել այն առումով, որ նրանք փաստացի վերջնականորեն նաև ցույց են տվել, որ Հայաստանում չունեն այն քաղաքական ռեսուրսը, որը կկարողանա գեներացնել լայն զանգվածներ՝ ՀՀ-ում իշխանազավթում կամ հեղաշրջում իրականացնելու համար: Ես համոզված եմ, որ այս հայտարարությունները թե՛ Գալստանյանին, թե՛ նախկին նախագահներին չեն համոզելու հեռանալ քաղաքական դաշտից, ընդհակառակը, կարող է որոշակի հակասություններ լինեն եկեղեցու և արտաքին այն ուժերի հետ, որոնք կառավարում և կազմակերպում են այս գործընթացները»:
Խոսելով նաև Գալստանյանի այն հայտարարության մասին, որ ինքը բոլոր ժամանակներում եղել է ընդդիմադիր դիրքերում՝ Էդգար Առաքելյանը նշեց. «Մենք կարող ենք տեսնել նմանատիպ փոքր խմբերով երթեր, հանդիպումներ, այսինքն՝ որոշակի առումով ջրի վրա մնալու գործընթանցեր, բայց արդեն բոլորին հասկանալի է, որ այս շարժումը մարել է: Ինչ վերաբերում է Գալստանյանի այն հայտարարությանը, որ ինքը բոլոր ժամանակներում եղել է ընդդիմադիր, ապա կարծում եմ այստեղ էլ Գալստանյանն անկեղծ չէ, քանի որ եթե նա ընդդիմադիր է եղել, ապա մենք այդ ժամանակներում չենք լսել իր քաղաքական խոսքը՝ ուղղված նախագահներին և անհրաժեշտություն չկա հերթական անգամ սուտ հայտարարություններ հնչեցնել, Գալստանյանն ընդդիմադիր չի եղել»: