Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Կան հարկեր, կա պետություն, չկան հարկեր`չկա պետություն:
Այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32 կիլոմետրանոց ճանապարհահատվածի կառուցման աշխատանքներին ծանոթանալուց հետո:
«Քաղաքացին թող տեսնի, թե ինքն ինչ նախագծեր է անում, որովհետև այս նախագծերը, անկախ նրանից՝ վարկային, թե ինչ միջոցներով, Հայաստանում աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված հարկերը վճարող քաղաքացիների աշխատանքի արգասիքն են։ Ամենամեծ հակապետական և վտանգավոր պրոցեսը համարում է այն, երբ փորձ է արվում դեմոնիզացնել հարկերը»,-ասաց Փաշինյանը:
Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցությունը, ըստ վարչապետի, կախված է առաջին հերթին ոչ թե նրանից, թե ինքն իր բարեկեցության վրա ինչքան գումար է ծախսում, այլ կախված է նրանից, թե ՀՀ պետական բյուջեն իր բարեկեցության վրա ինչքան գումար է ծախսում:
Էլի ուզում եմ պատասխանատու կերպով ասել, որ Հայաստանում չկա մի ընտանիք, որ իր բարեկեցության վրա ավելին է ծախսում, քան ծախսում է ՀՀ պետական բյուջեն: Եվ հետևաբար քաղաքացու մասնակցությունը պետական բյուջեի ձևավորմանը սկզբունքային նշանակություն ունեցող հարց է, դա քաղաքացու՝ իր պետությանը տեր կանգնելու հատկանիշ է, դա քաղաքացու՝ իր անկախությանը, ինքնիշխանությանը տեր կանգնելու, իր երկրին տեր կանգնելու հատկանիշ է: Կան հարկեր, կա պետություն, չկան հարկեր` չկա պետություն»,- ասաց վարչապետը:
Փաշինյանը նաև անդրադարձավ նրանց, ովքեր, ըստ իրեն, հարկերի դեմ խոսում են, աջ ու ձախ խոստանում են, թե հարկերից կազատեն:
«2018-ին, երբ եկանք, սկսեցինք ուումնասիրել շրջանառության հարկի հետ կապված իրադրությունը, տեսանք, որ Հայաստանում ինչքան խոշոր բիզնես կա, շրջանառության հարկի դաշտում գործող ձևական ընկերություններ ստեղծելու միջոցով իրենց փողերը լվանում է:
Մենք իրադրությունների առաջ կանգնեցինք, երբ սուպերմարկետների ամեն անցուղու վրա մի առանձին ԱՁ է դրած: Հենց այդ առանձին ԱՁ-ն մոտենում է շրջանառության հարկի շեմին, այդ ԱՁ-ն շպրտում են մի կողմ, ուրիշ ԱՁ են դնում և այդպես շարունակ: Նրանք, ովքեր այս կարգի բաներ են ասում, ընդամենն ուզում են սեփական փողերի լվացման համար մեխանիզմներ ստեղծել»,- ասաց վարչապետը:


