Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Նոր վիրուս չէ, ինչպես շատ հաճախ շահարկվում է, հայտնաբերվել է դեռ 2001-ին»,- Zarkerak.am-ի հետ զրույցում ասում է ԵՊԲՀ առողջապահական ծրագրերի գիտահետազոտական կենտրոնի ղեկավար, Համաճարակաբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Մերի Տեր-Ստեփանյանը՝ անդրադառնալով Չինաստանում մարդու մետապնևմովիրուսային (HMPV) վարակի բռնկմանը, դրա տարածման աշխարհագրության հնարավոր ընդլայնմանը և դիմակների «ժամանակաշրջանին վերադառնալու» ռիսկերին:
Հիշեցնենք, որ Չինաստանում ներկայումս արձանագրվում է մարդու մետապնևմովիրուսային (HMPV) վարակի դեպքերի կտրուկ աճ: Վարակը պատկանում է Pneumoviridae ընտանիքին, որը ներառում է նաև ռեսպիրատոր սինցիցիալ վիրուսը (RSV): Խոցելի խմբում են հատկապես երեխաները, տարեցները և թուլացած իմունային համակարգ ունեցողները:
Մերի Տեր-Ստեփանյանը նկատում է, որ վերջին շրջանում վիրուսների շրջանակը բավականին արագ է համալրվում՝ հաշվի առնելով հետազոտությունների նոր ու անընդհատ թարմացվող մեթոդները.«Այնպես, որ մեզ նախկինում հայտնի մի քանի սուր շնչառական վարակների հարուցիչներն այսօր բավականին լայն սպեկտր են կազմում, և ամեն օր կարող ենք խոսել ինչ-որ մի նոր հարուցիչի տեսակի մասին»:
Խոսելով այն մասին, թե որքանով մետապնևմովիրուսային (HMPV) վարակն ունի պանդեմիկ պոտենցիալ և որքանով է վտանգավոր համավարակ առաջացնելու առումով՝ մասնագետը նշում է.«Վիրուսը մարդկային պոպուլյացիային ադապտացված է, մենք միգուցե դրանով հիվանդացել ենք և երևի թե բավականին մեծ զանգված ունի իմունիտետ: Մեր երկրում էլ շրջանառվել է, կարծում եմ՝ ահաբեկման անհրաժեշտություն չկա և պետք չէ արհեստական խուճապ առաջացնել, այս պահին ես անհանգստության առիթ չեմ տեսնում: Պետք է պարզապես հետևել այն պաշտպանական միջոցների կիրառմանը, ինչն այս սեզոնին ակտուալ է՝ սուր շնչառական ցանկացած վիրուսի կանխարգելման առումով»:
Նշենք, որ ըստ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի, իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում 2023 թվականին հայտնաբերվել է մետապնևմովիրուսի 10 դեպք, իսկ 2024թ.-ի հունվար-ապրիլ ամիսներին՝ 50 դեպք։ Ապրիլից մինչ այժմ իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում մետապնևովիրուս չի հայտնաբերվել։
«Միգրացիոն ֆոնը և գլոբալիզացիան հաշվի առնելով՝ այս դեպքերը կարող են լինել և՛ բերովի, և՛ տեղական»,-նկատում է մասնագետը:
Ինչ վերաբերում է այս հիվանդության ախտանշաններին, ապա ըստ Մերի Տեր-Ստեփանյանի դրանց մեջ չկան այնպիսիք, որ անձն ինքնուրույն կարող է հասկանալ՝ դրանով վարակված լինելու մասին: Հիմնականում սուր շնչառական վարակներին բնորոշ երևույթներ են ի հայտ գալիս՝ հազ, ջերմություն, քթից արտադրություն, շնչառության դժվարացում, ուստի միայն հետազոտությունները կարող են փաստել դրա առկայությունը:
Այս վիրուսի բարդություններն են թոքաբորբը և ստորին շնչուղիների բորբոքումը.«Վիրուսը հատուկ բուժում չունի, հակավիրուսային դեղամիջոցներ, որոնք ցուցված են հենց այս վիրուսի համար, չկան»:
Քանի որ HMPV-ի հնարավոր տարածումն էլ անհանգստություն կարող է առաջացնել հանրության շրջանում՝ հաշվի առնելով ոչ վաղ անցյալ ունեցող Covid-19-ի համավարակը, ապա ըստ Տեր-Ստեփանյանի պետք չէ հավասարության նշան դնել այս երկու վիրուսների միջև.«Եկեք չհամեմատենք, որովհետև կորոնավիիրուսը բոլորովին նոր շտամ էր, որին մարդկությունն ադապտացված չէր, և մենք չգիտեինք, թե վիրուսն ինչ դրսևորումներ կունենա: ԱՀԿ-ն էլ անընդհատ փոխում էր մոտեցումները: Իհարկե, զգոնություն պետք է ունենալ, ցանկացած դեպքում՝ ասել սովորական վիրուս է, ոչինչ պետք չէ անել, սխալ է, բայց մասնագետները ձեռքը պահում են զարկերակին և ըստ անհրաժեշտություն համապատասխան միջոցառումներ կձեռնարկեն»:
«Բայց պետք է հիշել, որ վիրուսները ենթարկվում են էվոլյուցիայի, պանդեմիաներ եղել են ու համոզված եղեք, որ նորից են լինելու»,- զգուշացնում է Մերի Տեր-Ստեփանյանը:
Ինչպես սուր շնչառական այլ վարակների դեպքում, այնպես էլ մետապնևմովիրուսային վարակի դեպքում մասնագետը խորհուրդ է տալիս պատվաստվել, թեև այս վիրուսն հենց իր համար նախատեսված պատվաստանյութ չունի.«Պատվաստումը պրակտիկորեն չունի կողմնակի ազդեցություն, ու մեկ ներարկումով կարելի է ամբողջ սեզոնի համար կանխել սուր շնչառական վարակները: Առավել ևս ռիսկի խմբերին դա ցուցված է՝ 65+ տարիքային խումբ, երեխաներ, հղիներ, բուժաշխատողներ: Պատվաստումը, միանշանակ, խրախուսում եմ և խորհուրդ եմ տալիս բոլորին ստանալ սեզոնային գրիպի դեմ պատվաստումը»,- նշում է մասնագետը: Բայց և նկատում է, որ մեր հանրության շրջանում դեռ քչերի մոտ է տեսնում նախաձեռնողականություն՝ պատվաստվելու առումով:
Մերի Տեր-Ստեփանյանը նաև նշեց, որ ինչպես եվրոպական տարածաշրջանում, այնպես էլ ՀՀ-ում ակտիվություն է նկատվում է գրիպի A տեսակի հետ կապված, որի շտամը ևս ներառված է պատվաստանյութում. «Մի շարք երկրներում նմուշառված դեպքերը ցույց են տալիս, որ այս վիրուսը հատել է 10-12 տոկոսի շեմը, շրջանառվում է նաև կորոնավիրուսը, ռեսպիրատոր վիրուսների ամբողջ «փունջը», կարելի է ասել, շրջանառվում է, որոնց ախտանշաններն իրարից գրեթե չեն տարբերվում: Ուղղակի պետք է մեկուսանալ, նվազեցնել շփումը, որրպեսզի ավելի լայն տարածում չունենա»: