Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Օրերս, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ «ԿՈՒՍԱԿԱԼԸ» խորագրով ներկայացումը, որը պատմական դրամա է՝ երկու գործողությամբ։

Պիեսի հեղինակը Սամվել Մհերյանն է, որը պիեսը գրել է իր՝ «Փոթորկից առաջ» պատմավեպի հիման վրա։ Պիեսը նկարագրում է 3-րդ դարի վերջին Մեծ Հայքում տեղի ունեցած պատմական իրադարձությունները, երբ Խոսրով արքայի դավադիր սպանությամբ, պարսից Արտաշիրը նվաճում է նրա գահն, ու սկսում է երկիրը կառավարել իր կուսակալների միջոցով:
29֊ամյա անիշխանության այս պայմաններում ժողովուրդը շարունակում է հույսով սպասել Հռոմում մեծացած հայոց արքայորդի Տրդատի վերադարձին, ով իր գալով պիտ ազատագրեր և վերհաստատեր Արշակունյաց գահը։

Ներկայացման բեմադրիչը Արթուր Սահակյանն է, գլխավոր դերակատարներ են՝ ՀՀ վաստակավոր արտիստ Սամսոն Ստեփանյանը, ՀՀ վաստակավոր արտիստ՝ Շանթ Հովհաննիսյանը և շատ այլ հետաքրքիր ու տաղանդավոր դերասաններ, ընդհանուր առմամբ բեմում զբաղված էին ավելի քան 35 արտիստ։ Ներկայացումն ամբողությամբ ստեղծվել է ստեղծագործական թիմի ջանքերով՝ հովանավորների օգնությամբ։ Բեմական շքեղ հագուստները, խորհրդավոր լուսային էֆեկտները և յուրատեսակ երաժշտությունը չափազանց մեծ խորհրդավորություն են հաղորդում ներկայացմանը։

«ԿՈՒՍԱԿԱԼԸ» Երևանում կլինի մայիսի 12, 19, 20-ին և հունիսի 2-ին, իսկ այնուհետև կշրջագայի Հայաստանի մարզերում։


