Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«ՀՀ-ում ծխողը միջինում օրական ծխում է 24 գլանակ, սա բավականին բարձր ցուցանիշ է՝ ամբողջ տարածաշրջանի համար առաջատարներից ենք»,-Zarkerak.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱՆ Հանրային առողջության բաժնի գլխավոր կազմակերպիչ Մարիամ Մնացականյանը:
ՀՀ-ում տարեկան 5500 մարդ մահանում է ծխախոտի օգտագործման հետևանքով: Մայիսի 31-ին նշվում է «Առանց ծխախոտի» համաշխարհային օրը.«ՀՀ-ում բնակչության մոտ 28 տոկոսը ծխող է, 50%-ից ավելին տղամարդիկ են՝ ամեն երկրորդ տղամարդ ծխում է՝ սա էլ կրկին տարածաշրջանի համար բարձր ցուցանիշ է: Կանանց շրջանում ծխողները կազմում են մոտ 1,8-2%՝ 100-ից 2-ն է ծխող»:
Մնացականյանը վստահեցրեց ծխախոտը ՀՀ-ում ավելի քան էժան է.«ՀՀ-ում ծխախոտի գինը շատ մատչելի է, միջազգային հետազոտություններով՝ դրա հասանելիությունը չի նվազում տարիների ընթացքում: Գուցե գնաճի պայմաններում մի փոքր թանկանում է, բայց մնում է հասանելի: Եթե նաև ԱՀԿ-ի առաջարկներով գները բավական բարձր լինեն, սպառումը կնվազի, քանի որ գնի բարձրացումն առաջնային քաղաքականությունն է, որը կարող է բերել սպառման նվազման»:
2020-ից սկսած ՀՀ-ում գործում է «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքը: Մեր զրուցակիցը նախ բացատրեց՝ ակնկալել շատ արագ տեսնել հակածխախոտային պայքարի արդյունքները, այդքան էլ արդարացված սպասում չէ.«Օրենքը երկփուլային մտել է ուժի մեջ, այս պահին գրեթե ամբողջությամբ գործում է: Հիմնական նպատակը մերժելի դարձնելն է ծխախոտի օգտագործման վարքագիծը, նաև միտված է կանխարգելել դեռահասների, երիտասարդների շրջանում դրա օգտագործումը: Մեկ այլ նպատակ է երկրորդային ծխի ազդեցության նվազեցումը՝ մասնավորապես չծխողների առողջության վրա»:

Թեև Մնացականյանի հավաստմամբ՝ բացարձակ արգելք կա մինչև 18 տարեկաններին ծխախոտային արտադրատեսակների վաճառքի, նաև էլեկտրոնային ծխախոտների, դեռահասների շրջանում ունենք շատ ցավալի արդյունքներ.«2022-ին արված հետազոտությամբ՝ ծխախոտի օգտագործումը 15 տարեկան տղաների շրջանում մոտ 23% է (երբևիցե կյանքում փորձածների մասին է խոսքը), էլեկտրոնային ծխախոտի օգտագործումը՝ 36%: Նույն տարիքի աղջիկների շրջանում՝ ծխախոտի օգտագործումը 4% է, էլեկտրոնային ծխախոտինը՝ 6%»:
Մտահոգիչ համարելով այս ցուցանիշները՝ Մարիամ Մնացականյանն ասաց, որ վաճառքի վերահսկողությունը Շուկայի տեսչական մարմնի ու ՏԻՄ-երի տիրույթում է.«Վերահսկողության խնդիրներ ունենք, այն հնարավոր չէ իրականացնել ամենուր և անընդհատ: Ամեն ինչ նախ գիտակցության տիրույթում է՝ սկսած վաճառողից, որը նախ պետք է գիտակցի, որ անգամ էլեկտրոնային ծխախոտն ուղղակի համ ու հոտ չէ, վտանգավոր, վնասակար արտադրատեսակ է, որը պարունակում է մի շարք քիմիական նյութեր, նիկոտին՝ ի վերջո հանգեցնելով կախվածության»:
_1748514836.png)
Մարիամ Մնացականյան
Մասնագետի խոսքով, այս հարցում հատկապես մտահոգիչ է էլեկտրոնային ծխախոտի՝ այսպես ասած վեյփերի վաճառքը, վաճառողները շատ հաճախ չեն էլ հասկանում, որ արգելքը գործում նաև դրա համար.«Ամբողջ աշխարհում օգտագործողների շատ մեծ աճ կա, հիմնական օգտագործողները 13-15 տարեկան դեռահասներն են: Դրանք վերջին տարիներին են ակտիվորեն տարածվում, կարգավորումներն ամբողջ աշխարհում այդ թվում ՀՀ-ում նոր են սկսում աշխատել և մեր երկիրն էլ դրանց ուղղությամբ վարում է համապատասխան քաղաքականություն»,- նշեց մեր զրուցակիցն ու հավելեց, որ դա արվում է մասնավորապես ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների հրապարակային ցուցադրումը, դրանք սպառողի համար տեսանելի վայրում տեղադրելն արգելելով:
Ինչ վերաբերում է հանրային սննդի վայրերում չծխելուն և այս կանոնի պահպանմանը, ԱՆ ներկայացուցիցը դրա կիրառումը գնահատեց լավ.«Օրենքը կանխարգելիչ հիմնական նպատակ ունի, փակ հանրային վայրերում ծխախոտի օգտագործումն արգելված է, այդ թվում բոլոր արտադրատեսակների, ծխախոտային և փոխարինիչներին, ծխելը նաև արգելված է որոշ բաց վայրերում՝ օրինակ երեխաների համար նախատեսված պուրակներում, կրթական բժշկական հաստատությունների մուտքերից 5 մետր հեռավորության, վրա: Իհարկե, կլինեն խախտումներ, հնարավոր չէ բոլորին ամեն վայրկյան վերահսկել, դրա համար այդ ուղղությամբ իրականացվում են իրազեկման աշխատանքներ»:

Արձագանքելով, թե արդյոք սա արհեստականորեն բարձրաձայնվող թեմա չէ և ինչ-որ չափով ծխողների իրավունքների սահմանափակում, Մնացականյանն ասաց, որ նախ նպատակը չծխողներին պաշտպանելն է, ծխախոտի բացասական հետևանքները նվազեցնելը.«Օրենքը միտված չէ ծխախոտ օգտագործողներին ինչ-որ ձևով նեղացնել կամ վատ պայմաններ ստեղծել:Միևնույն ժամանակ ծխախոտ օգտագործողները հանդիսանում են հսկայական բեռ առողջապահական համակարգի վրա, ծխախոտն առաջացնում է մի շարք հիվանդություններ՝ ազդելով ամբողջական օրգան-համակարգերի վրա: Սա արհեստական թմբակահարվող թեմա չէ, այլ կարևոր գործիք է, որի արդյունքները կտեսնենք հետագայում»:
Առողջությունը քայքայելն ընտրությու՞ն է
ԵՊԲՀ սրտաբանության ամբիոնի դոցենտ, «Հերացի» Ընդհանուր և ինվազիվ սրտաբանության և ներքին հիվանդությունների կլինիկայի բժիշկ-սրտաբան Լաուրա Սահակյանն ասաց՝ իհարկե պետք է լինեն ծխելու դեմ ծրագրեր, բայց միայն պարտադրանքով հարցը հնարավոր չէ լուծել.«Եթե մարդը հոգեբանորեն պատրաստ չէ դադարեցնել, անկախ կողքի գործոններից չի դադարեցնի, դա իր ընտրությունն է, սրա հիմքերը շատ ավելի խորքային ու հոգեբանական են, կարևոր է հասկանալ՝ վերջինիս տրամադրվածությունը ծխելը դադարեցնելու նկատմամբ»,- նշեց բժիշկը: Ու վստահեցրեց՝ այս հարցում իրազեկման գլխավոր թիրախը պետք է լինի դպրոցը:

Լաուրա Սահակյան
Բժիշկ-սրտաբանի պրակտիկայում բազմաթիվ են դեպքերը, երբ տարատեսակ հիվանդությունների զարգացման գործում վճռորոշ է եղել ծխելը.«Ծխելը բավականին լուրջ ռիսկի գործոն է հանդիսանում սրտանոթային հիվանդությունների զարգացման գործընթացում, իսկ նման հիվանդությունների դեպքում ծխել շարունակելն էլ ավելի է մեծացնում հետագա բարդությունների ռիսկը»:
«Ծխելն օրինակ այլ ռիսկի գործոնների հետ նպաստում է խոլեստերինի բարձր մակարդակին, մի քանի անգամ բարձրացնում է աթերոսկրելոզի ռիսկը: Ծխելը նաև համարվում է ռիսկի գործոն քաղցկեղային հիվանդությունների առաջացման գործընթացում, դրա դերը շատ մեծ է կոկորդի, միզապարկի, թոքերի քաղցկեղի զարգացման դեպքում, քաղցկեղի մյուս տեսակների զարգացման համար էլ ռիսկի գործոն է: Նպաստում է նաև թոքերի խրոնիկական բրոնխիտին, որը տարիների ընթացքում ունենում է շատ լուրջ դրսևորումներ՝ թե՛ ախտանիշների առաջացման, թե՛ հետագա բարդությունների մասով: Մեծ է նաև զարկերակային հիպերտենզիայի առաջացման ռիսկը»:
Սրտաբանի խոսքով, պասիվ ծխողներն էլ սրտանոթային հիվանդությունների ձեռքբերման թիրախում են, մարքեթինգային հնարքներն էլ, թե ժամանակակից ծխախոտը ունի առավել լավ ֆիլտրացում, չեն նվազեցնում ռիսկերը.«Նույնիսկ գլանակների քանակի նվազեցումն էլ այդքան նշանակություն չունի, ինչքան ծխելը դադարեցումը: Ներկայումս ծխախոտն իր կազմի մեջ շատ այլ արհեստական տարրեր է պարունակում, որոնք ունեն տարբեր տեսակի վնասակար ազդեցություներ, մեծ հավանականությամբ մաքուր ծխախոտ չի ու ազդեցությունն էլ ավելի վնասակար է»,- ասաց մասնագետն ու հավելեց, որ մի շարք վտանգներ կարելի է նկատել նաև էլեկտրոնային ծխախոտի դեպքում:

Ինչ վերաբերում է թե ծխախոտ, թե էլեկտրոնային ծխախոտ սպառող անչափահասներին, ապա բժշկի խոսքով, բացի վերոնշյալ հիվանդությունները, դրանցում առկա նյութերը տարատեսակ պրոցեսների են հանգեցնում օրգանիզմում, ու մոլորություն է մտածել, թե դրանք առավել անվտանգ են.«Եթե անձը հակվածությունի ունի ինչ-որ հիվանդության՝ գենի մակարդակով, ծխախոտը մեծացնելու է ռիսկի գործոնները, դրա առաջացրած ազդեցությունները նույնիսկ բջջային մակարդակով կարող են վնաս պատճառել՝ տարատեսակ դրսևորումներով»:

Բժիշկ-սրտաբանը հատկապես ուշադրություն հրավիրեց կանանց ծխելու դեպքում առաջացող խնդիրներին. «Հետազոտություններով՝ նույն տարիքի կնոջ օրգանիզմի վրա ծխախոտը մի քանի անգամ ավելի բացասական ազդեցություն է թողնում, քան տղամարդու: Կանանց դեպքում ծխելը կարող է բերել վերարտադրողական խնդիրների, նաև բարդացնելով հղիության ընթացքը: Հղիության ընթացքում ծխող կանանց մոտ բարձր է ծննդաբերական բարդությունների ռիսկը, հավանակությունը, որ երեխան կունենա տարատեսակ հիվանդություններ ևս բարձր է»,- նկատեց Լաուրա Սահակյանը:



