Առանց նոր ծրագրերի՝  կլինեն կտրուկ անկումներ․ ինչպես չփակել բիզնեսի «ախորժակը»․ Գուրգեն Գրիգորյանը՝ եկամտահարկի վերադարձի մասնակի դադարեցման մասին Zarkerak - Առանց նոր ծրագրերի՝ կլինեն կտրուկ անկումներ․ ինչպես չփակել բիզնեսի «ախորժակը»․ Գուրգեն Գրիգորյանը՝ եկամտահարկի վերադարձի մասնակի դադարեցման մասին
Zarkerak Zarkerak - Առանց նոր ծրագրերի՝ կլինեն կտրուկ անկումներ․ ինչպես չփակել բիզնեսի «ախորժակը»․ Գուրգեն Գրիգորյանը՝ եկամտահարկի վերադարձի մասնակի դադարեցման մասին
Առանց նոր ծրագրերի՝  կլինեն կտրուկ անկումներ․ ինչպես չփակել բիզնեսի «ախորժակը»․ Գուրգեն Գրիգորյանը՝ եկամտահարկի վերադարձի մասնակի դադարեցման մասին

Առանց նոր ծրագրերի՝ կլինեն կտրուկ անկումներ․ ինչպես չփակել բիզնեսի «ախորժակը»․ Գուրգեն Գրիգորյանը՝ եկամտահարկի վերադարձի մասնակի դադարեցման մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Եկամտային հարկի վերադարձի ծրագրի աստիճանական դադարեցումը, եթե չլինեն փոխարինող գործիքներ, բնականաբար կունենա բացասական ազդեցություն երկրի տնտեսության վրա»,- Zarkerak.am‑ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Գուրգեն Գրիգորյանը:

Նշենք, որ եկամտահարկի վերադարձի ծրագիրը 2029 թվականից կդադարեցվի՝ պահպանվելով միայն սահմանամերձ բնակավայրերում:

Գրիգորյանի խոսքով՝ հենց այդ ծրագիրն էր, որ խթանիչ հանգամանք հանդիսացավ քաղաքաշինական ծրագրերի բուռն վերելքի ապահովման տեսանկյունից. «Այդ մասին են վկայում  վիճակագրական ցուցանիշները՝ թե՛ զբաղվածության, թե՛ ՀՆԱ-ում ունեցած ցուցանիշները: Մեր ոլորտը՝ քաղաքաշինական ծրագրերի բուռն վերելքով պայմանավորված, հարակից և սպասարկվող ոլորտների հետ միասին կազմում է ՀՆԱ-ի շուրջ մեկ հինգերորդը, խոսքը 20-21 տոկոսի մասին է: Բնակչությանն ընձեռնվեց հնարավորություն ռեալիզացնելու իրական պահանջարկ, որն այսօր էլ կա, բայց աստիճանաբար այդ պահանջարկը ռեալիզացնելը դառնում է  դժվար, որովհետև ծրագիրը դադարեցվելու է: Եթե այսօր Երևանում կա քաղաքաշինական ակտիվություն, ապա դա նախկին տարիներին տրամադրված շինարարության թույլտվությունների շնորհիվ է, այս տարի տեմպերը կտրուկ նվազել են: Ինչ վերաբերում է մարզերին, ապա ակտիվություն նկատելի է միայն մերձերևանյան մարզերում, քանի որ բնակչության կողմից առկա է որոշակի պահանջարկ»:

Գրիգորյանը նշեց, որ 2020-2025 թվականի առաջին կիսամյակում էական, մեծ ակտիվություն է եղել Կոտայքի, Տավուշի և Արագածոտնի մարզերում. «Մեր այն կանխատեսումը, որ եկամտային հարկի վերադարձի դադարեցումը Երևանում ձևավորելու է պահանջարկ հիմնականում մերձերևանային համայքներում, այսօր տեսնում ենք, որ իրականություն է դառնում և դա ունի նաև իր վտանգը, այն է՝ Երևանի սահմաններն ընդլայնվում է: Հայաստանում  դադարեցվում է ծրագիրը՝ բացառությամբ սահմանամերձ գոտիների, կառուցապատողները կգնան սահմանամերձ գոտիներ, դրա համար պետք է լինի պահանջարկ, բայց այսօրվա իրականության մեջ կարծում եմ՝ նման պահանջարկ չի լինի»:

Խոսելով եկամտահարկի վերադարձի դրական հետևանքների մասին՝ Գուրգեն Գրիգորյանը նշեց. «Վերջին 10 տարիների ընթացքում քաղաքաշինական ծրագրերի բուռն վերելքը  մի կողմից պետական բյուջեի վրա ունեցավ որոշակի ծանրաբեռնում՝ ֆինանսական տեսքով, բայց մյուս կողմից երկարաժամկետ կտրվածքով սա էապես ձեռնտու քաղաքականություն է, որովհետև նախ և առաջ լուծվեց ամենակարևոր խնդիրը՝ չգրանցված աշխատավարձերի պրակտիկան գրեթե իսպառ վերացավ, աշխատողները գործատուներից պահանջեցին արդարության սկզբունքով, բաց և թափանցիկ ներկայացնել իրենց աշխատավարձը, որովհետև ցանկանում էին օգտվել եկամտահարկի վերադարձից, այսինքն՝ սև աշխատաշուկան վերացավ:

Երկրորդը՝ հայ տղամարդիկ արտագնա աշխատանքի երևույթից հրաժարվեցին և քաղաքաշինական ծրագրերի ակտիվությանը զուգահեռ աճ գրանցվեց նաև աշխատաշուկայում: Երրորդը՝ տնտեսության մյուս ճյուղերի դինամիկ զարգացում արձանագրվեց, քանի որ քաղաքաշինական ծրագրերը շոգեքարշի դեր կատարեցին և տնտեսության հարակից սպասարկող բոլոր ոլորտներն ունեցան էական աճ և երկրի տնտեսական կյանքում արձանագրվեց ապրանքադրամային տեղաշարժերի խոշոր տրանսֆորմացիա: Այս ծրագրի շնորհիվ էր, որ գոյություն ունեցող բնակարանային ֆոնդին զուգահեռ, կառուցվեց և զարկ տրվեց նաև նոր քաղաքաշինական ծրագրերի, ինչը ստեղծեց պահանջարկի բավարարում: Միայն այս ծրագրի շնորհիվ 2020-2025 թվականի առաջին կիսամյակն ընկած ժամանակահատվածում ավելի քան 350 միլիարդ դրամ հարկեր են գեներացվել պետական բյուջե, դրանք թե՛ կառուցապատողների, թե՛ շինարարների, թե՛ հարակից ոլորտների շոնրհիվ»:

Անդրադառնալով առաջացած խնդիրներին՝ մեր զրուցակիցն ասաց. «Եկամտային հարկի վերադարձով սուբսիդավորվում էր ամբողջ վարկային տոկոսի բեռը՝ չկար սահմանաչափ, դա հանգեցրեց նրան, որ ֆինանսավարկային համակարգի մեր գործընկերներն այլևս չէին մտահգովում մրցակացային պայմաններ առաջարկելով վարկի տոկոսի մասով և առաջարկում էին տոկոս, որը մեր բնակչին հետաքրքիր չէր, որովհետև եկամտային հարկի վերադարձով դա ամբողջությամբ ծածկվում էր: Խնդիրն այն էր, որ տոկոսներն այդ աստիճան բարձր լինելով ձևավորեցին մեծ ֆինանսական բեռ նաև պետական բյուջեի վրա, որը կարճաժամկետ կտրվածքով պետական բյուջեի տեսանկյունից մեծ բեռ է, բայց երկարաժամկետ կտրվածքով եթե դիտարկենք, ապա դա ուներ նաև դրական էֆեկտներ՝  նախորդիվ նշված հանգամանքներով պայմանավորված»:

Գրիգորյանն ընդգծեց, որ ներկայումս պետության կողմից այլ քաղաքականություն չկա ներդրված. «Մեր կոչ-խնդրանքն է ներդնել  փոխարինող գործիք. դրանք վերաբերում են հնամաշ բնակֆոնդի ռենովացիայի քաղաքականություններին, որի կապակցությամբ ունեցանք բազմաթիվ քննարկումներ, բայց առ այսօր առարկայական որևէ տեսլական չկա, երկրորդը վերաբերում էր հիփոթեքային վարկերի քաղաքականությանը, որին հնարավոր կլիներ հասնել նաև ֆինանսական գործիքների, պարտատոմսերի, ֆոնդերի թողարկումների և տեղաբախշխումների միջոցով, այդ թվում՝ կենսաթոշակային ֆոնդերի ռեսուրսների որոշակի մասը պետք է տեղաբաշխվեր առաջնային շուկայում, սա էլ մնաց խոսակցությունների մակարդակում: Այստեղ շատ կարևոր է արձանագրել պետության, համայնքի և մասնավորի համագործակցությունը»:

Գրիգորյանը նկատեց նաև, որ կառուցապատողները կարողացել են նոր գործիքներ ներդնել. «Մասնավորապես՝ երկարաժամկետ կտրվածքով անտոկոս անշարժ գույքի վաճառքներ՝ փուլային վճարումներով, օրինակ 50-60 ամիս կտրվածքով ամսական վճարումներով կարողացան գնորդներին առաջարկել անշարժ գույքի ձեռքբերման հնարավորություն՝ առանց վարկային միջոցների ներգրավման, ինչը գնորդների որոշակի խմբի համար եղավ հնարավորություն ռեալիզացնելու իրենց իրական պահանջարկը: Կառուցապատողների ճկունությունն ապահովվեց նաև կորպորատիվ պարտատոմսերի թողարկման և տեղաբաշխումների միջոցով, ինչը հնարավորություն տվեց իրականացնել արդյունավետ ներդրումներ: Առանձին կառուցապատողների մոտ նկատելի են գնորդների ռիսկերի ապահովագրությանն ուղղված միջոցառումների իրականացում»:

Գրիգորյանի խոսքով՝ վերջին տարիներին տեղի ունեցած մի շարք գործընթացներով պայմանավորված  խստացումներ և պատժողական քաղաքականություններ որդեգրվեցին, որոնք բիզնեսի մոտ առաջացրին դժգոհություններ. «Չպետք է  նույն արշինով չափել թե՛ բարեխիղճ կառուցապատողներին, թե՛ անբարեխիղճ կառուցապատողներին, ովքեր փորձում են չարաշահել օրենսդրական կարգավորումների պահանջները: Այս ամենին զուգահեռ կան նաև դրական առաջընթացներ՝ հանձին ընդունվող կարգավորումների, որոնք կարող են գայթակղիչ պայմաններ առաջ քաշել: Ցանկացած երկարաժամկետ ներդրումային ծրագրի համար գերկարևոր խնդիրը կանխատեսելի միջավայրի ապահովումն է: Կարգավորումները չպետք է լինեն այն աստիճան խիստ, որ բիզնեսի ախորժակը փակվի: Հաճախ ընդունվում են որոշումներ, որոնք ի սկզբանե ունեն լավ նպատակ, սակայն չունեն երկարաժամկետ կտրվածքով ազդեցության գնահատումներ, դրա համար հաճախ առաջացնում են հակառակ էֆեկտը»:

Գուրգեն Գրիգորյանը նկատեց, որ պետք է հետևողական լինել և համատեղ ջանքերով ներդնել նոր ծրագրեր, որոնք կապահովեն շուկայի շարունակական կայուն աճ, հակառակ դեպքում մոտ ապագայում ականատես կլինենք կտրուկ անկումների:

 

Աննա Բզնունի

13 Հոկտեմբեր, 2025 16:32
Վեր