Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ազգային ժողովի այսօրվա նիստում ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանն անդրադարձել է նոր Սահմանադրություն ընդունելու անհրաժեշտության վերաբերյալ իշխող քաղաքական ուժի հայտարարություններին և ասել․
«Ես ուզում եմ մի օրինակով ցույց տալ, որ նոր Սահմանադրություն ունենալը Հայաստանում բացառապես ալիևյան պահանջ է, և դա Ալիևի սահմանադրությունն է։ Այստեղից ՔՊ-ի անդամներն ասում են, որ դա միշտ մեր օրակարգն է եղել։ Սուտ է։ Իրենք երբեք չեն խոսել նոր Սահմանադրության մասին, մշտապես խոսել են Սահմանադրության բարեփոխումների մասին»։
Ի հիմնավորումն իր պնդման՝ պատգամավորը դահլիճում ցուցադրել է երկու լուսանկար՝ հետևյալ գրառումներով․
Ապա պատգամավորը հավելել է․ «Դուք չեք կարող ինձ ցույց տալ, օրինակ, երբ ՔՊ-ն խոսել է ոչ թե Սահմանադրության փոփոխությունների, այլ նոր Սահմանադրության մասին՝ Ալիևի պահանջից առաջ»։
Պատգամավորին տեղում հակադարձել էր ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանը նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտության մասին խոսել է դեռևս 2020 թվականի փետրվարին և հուլիսին։
«Փաստերի ստուգման հարթակը» գնացել է «Հայաստան» խմբակցության պատգամավորի պնդման հետքերով և պարզել, որ այն սխալ է, չի համապատասխանում իրականությանը։ Նիկոլ Փաշինյանը նոր Սահմանադրության ընդունման մասին հրապարակայնորեն խոսել է դեռևս 2020 թվականին՝ Իլհամ Ալիևի՝ Վարդանյանի վկայակոչած 2021 թվականի հայտարարությունից առաջ։
2020 թվականի փետրվարի 20-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Փաշինյանը չէր բացառել, որ հետագայում օրակարգում կարող է հայտնվել նոր Սահմանադրության ընդունման հարցը՝ հայտնելով նաև, որ քաղաքական թիմում դրա շուրջ քննարկումներ են սկսվել։
«․․․Մեր մոտ քննարկումներ են տեղի ունենում, որոնք կարող են հանգեցնել այնպիսի եզրակացության, որ այս հանրաքվեից հետո հնարավոր է՝ օրակարգը լինի ոչ թե Սահմանադրության փոփոխությունները, այլ նոր Սահմանադրության ընդունումը։ Ընդ որում, դե ֆակտո դրանք լինեն սահմանադրական փոփոխություններ, բայց դե յուրե լինի նոր Սահմանադրություն»,- նշել էր վարչապետը։
Փաշինյանը նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտության վերաբերյալ հստակ դիրքորոշում է հայտնել 2020 թվականի հունիսի 15-ին։ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նիստում նա հայտարարել է, որ հարկավոր է ոչ միայն սահմանադրական փոփոխություններ իրականացնել, այլև «դե յուրե նոր Սահմանադրություն ընդունել»։
«․․․Հատկապես այս շրջանում եկել եմ այն համոզման, որ մեզ ոչ միայն պետք է իրականացնել Սահմանադրական փոփոխություններ, այլ մեզ հարկավոր է դե յուրե նոր Սահմանադրություն ընդունել: ․․․Հիմա եկել եմ այն համոզման, որ ոչ թե քաղաքական անհրաժեշտություն կա՝ նոր Սահմանադրություն փոխելու, այլ կա պետական անհրաժեշտություն՝ նոր Սահմանադրություն ընդունելու»,- ասել էր վարչապետը։
Նույն թվականի հուլիսի 5-ին վարչապետը վերահաստատել է այդ դիրքորոշումը՝ ՀՀ Սահմանադրության օրվա կապակցությամբ ֆեյսբուքյան իր էջում հրապարակած շնորհավորական ուղերձում նշելով․
«Ու չնայած, իմ դիրքորոշումը եղել է այն, որ Սահմանադրության հաճախակի փոփոխությունները անհարկի սթրեսի են ենթարկում պետական համակարգը, Սահմանադրությանը անընդհատ փոփոխությունները բերում են անորոշությունների, նախորդ պարբերության մեջ նշված հանգամանքների գիտակցումը ինձ բերել է այն եզրակացության, որ մեր երկրին հարկավոր է նոր Սահմանադրություն, որը քաղաքացիների կամքի վրա հենված, քաղաքացիների կամքից բխող պետական կարգ կհաստատի Հայաստանում․․․»։

Արտապատկերումը՝ Փաշինյանի ֆեյսբուքյան էջից
Այսպիսով, Քրիստինե Վարդանյանի պնդումը, թե մինչև Ալիևի 2021 թվականի հայտարարությունը ՔՊ-ն երբևէ չի խոսել նոր Սահմանադրության մասին, սխալ է։
Միաժամանակ, Ռուբեն Ռուբինյանի հակադարձման այն մասը, ըստ որի՝ Նիկոլ Փաշինյանը նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտության մասին խոսել է նաև 2020 թվականի փետրվարին, ճշգրտման կարիք ունի։ Փետրվարին Փաշինյանը նոր Սահմանադրության ընդունումը ներկայացրել էր որպես քաղաքական թիմում քննարկվող հնարավոր սցենար, իսկ հունիսին և հուլիսին՝ արդեն որպես անհրաժեշտություն։

