Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Մաքսային գոտում չի կարող լինել պատժամիջոց, եթե կա պատժամիջոց` ուրեմն դա մաքսային միություն չէ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արման Եղոյանը:
«Գիտեմ, որ մենք ԵԱՏՄ-ի լիիրավ անդամ ենք, և ԵԱՏՄ-ից հեռացման մեխանիզմ գոյություն չունի, եթե անդամ պետություններից մեկը դուրս գալու մասին չի հայտարարել, կամ նման նախաձեռնություն չի ցուցաբերել: Եթե մի միություն կոչվում է մաքսային միություն, ապա այնտեղ ոչ միայն չի կարող լինել պատժամիջոց, այլև չեն կարող լինել նաև մաքսեր, և չեն կարող լինել առևտրի բարիերներ»,-ասել է պատգամավորը և հավել, որ եթե որևէ մաքսային միրությունում գործածվում են առևտրին խոչընդոտող գործիքներ, դա ավելի է դադարում մաքսային միություն լինելուց:
Ըստ Եղոյանի՝ Ռուսաստանի կողմից հայկական ապրանքների դեմ կիրառվող սահմանափակումները ճիշտ չէ որակել որպես «սանկցիա Հայաստանի դեմ», քանի որ նման գործելաոճով «սանկցիա է կիրառովում» հենց ԵԱՏՄ-ի դեմ:
«Տուժում է ոչ միայն Հայաստանը, այլև այդ կառույցի ֆունկցիոնալությունը և հեղինակությունը: Մյուս անդամները ողջամտորեն կարող են մտածել, որ այդ նույն սահմանափակումները վաղը կկիրառվեն նաև իրենց նկատմամբ»,-ասել է Եղոյանը:
Նրա խոսքով՝ այս ամենը չի նպաստում կառույցի զարգացմանը, անմաքս առևտրի խորացմանը և ազատ շուկայի զարգացմանը, այսինքն՝ այն ամենին, ինչի վերաբերյալ տարիներ շարունակ հայտարարում էին Ռուսաստանից, Ղազախստանից և Բելառուսից:
«Այնտեղ խոսում էին նույնիսկ միասնական գազի շուկայի մասին: Կներեք, եթե միասնական ծիրանի շուկան է սահմանափակվում, ինչպես կարելի է խոսել միասնական գազի շուկայից: Հետևաբար սա վնաս է հենց ԵԱՏՄ-ին» ,-ասել է պատգամավորը:


