Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Եզրափակիչ ելույթում ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Արուսյակ Ջուլհակյանն անդրադարձավ մի շարք դիրքորոշումների և պնդումների, այդ թվում՝ կալանքի հարցին:
Նրա խոսքով՝ կալանքի հարցը երկար քննարկվել է:
«Այո՛, այլընտրանքային խափանման միջոցներ են արդեն նախատեսված, և դա նախատեսել ենք մենք մեր ընդունած Քրեական դատավարության նոր օրենսգրքով, և նաև մենք ենք եղել այն քաղաքական ուժի ներկայացուցիչները, որոնք տարիներ շարունակ մեր դժգոհությունն ու բողոքն ենք ներկայացրել քննչական մարմիններին, դատախազությանը, որ այլընտրանքային խափանման միջոցները չեն կիրառվում այն չափով, որ պետք է կիրառվեն»,- հայտարարեց թեկնածուն:
Նա նաև նկատեց, որ, այդուհանդերձ, այդ առումով ունեն առաջընթաց:
«Այս տարի առաջին անգամ արձանագրվել է այս առումով բալանսի փոփոխություն դեպի դրականը: Նկատի ունեմ այն, որ այս տարի վերջապես արձանագրվել է, որ ՔԿՀ-ներում իրենց պատիժը կրող անձանց թիվը ավելին է, քան կալանավորված անձանց թիվը: Նախքան դա մեզ մոտ վիճակագրությունը այլ էր: Հիմա մեզ հաջողվել է այդ վատ վիճակագրությունը փոխել և, բնականաբար, այս ուղղությամբ դեռ պետք է շարունակել աշխատանքները»,- նշեց Ջուլհակյանը:


