Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Երիտասարդության միջազգային օրվա շրջանակում 2026 թվականի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք Կապանում այսօր տեղի է ունեցել «Հրաշալի գաղափարներ» մրցույթի արդյունքների ամփոփումը: Այս մասին հաղորդում են ԿԳՄՍՆ-ից:
ԿԳՄՍ նախարարության, «Օսմ» հիմնադրամի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի և ՄԱԿ-ի Փախստականների գործակալության հետ համագործակցությամբ Սյունիքի մարզի երիտասարդների համար կազմակերպված մրցույթի արդյունքներով յուրաքանչյուր հաղթող գաղափարի հեղինակ ստանում է 1000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամական աջակցություն՝ իր գաղափարը կյանքի կոչելու նպատակով։
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Տիգրան Վիրաբյանը, Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը, Կապանի համայնքապետի առաջին տեղակալ Գոռ Թադևոսյանը, քաղհասարակության ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք:
Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Երիտասարդության միջազգային օրվա առիթով՝ կարևորելով միջոցառման անցկացումը Կապանում, որը 2026 թվականին հռչակվել է ինչպես Հայաստանի, այնպես էլ ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք: Նախարարը հիշեցրել է՝ բոլորովին վերջերս Կապանը հյուրընկալել էր ԱՊՀ երկրներից ժամանած տարբեր պատվիրակությունների, իսկ բազմազան և հագեցած միջոցառումները ևս մեկ անգամ ցույց են տվել քաղաքի երիտասարդական մեծ ներուժը։
«Այսօր միասին հավաքվել ենք Երիտասարդության միջազգային օրվա առիթով՝ վերահաստատելու, որ այստեղ իսկապես կա ստեղծագործելու, արարելու և առաջ գնալու շատ մեծ ներուժ»,- ասել է Ժաննա Անդրեասյանը։
Նախարարն ընդգծել է, որ Երիտասարդության միջազգային օրվա այս տարվա խորագիրը՝ «Տարբեր միջավայրեր, ընդհանուր ձգտումներ», խորհրդանշական է նաև միջոցառման համատեքստում, քանի որ Կապանում համախմբվել են տարբեր համայնքներ ներկայացնող երիտասարդներ։ Նրա դիտարկմամբ՝ անկախ բնակավայրից՝ երիտասարդների բարձրաձայնած հարցերը, նպատակներն ու ձգտումները շատ առումներով ընդհանրական են։
«Մեր ամենակարևոր երազանքներն ու նպատակները կապված են մեր պետության՝ Հայաստանի Հանրապետության զարգացման հետ։ Վստահ եմ, որ հատկապես երիտասարդների ներուժը, ոգևորությունն ու եռանդը նոր խթան են դառնում մեր պետության զարգացման համար»,- նշել է ԿԳՄՍ նախարարը՝ ընդգծելով, որ պետական քաղաքականությունն էլ հենց միտված է երիտասարդներին աջակցելուն։
Ժաննա Անդրեասյանը շեշտել է, որ երիտասարդության ոլորտի քաղաքականությունը Կառավարության առաջնահերթություններից է։ Այս համատեքստում նա անդրադարձել է նաև «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքին՝ ընդգծելով, որ այն երիտասարդության ոլորտի առաջին օրենսդրական կարգավորումն է և ամրագրում է երիտասարդների իրավունքներն ու տեսանելիությունն իրավական և ինստիտուցիոնալ մակարդակներում։ Նախարարի խոսքով՝ օրենքը հնարավորություն է տալիս առավել թիրախային և արդյունավետ դարձնել երիտասարդներին ուղղված ծրագրերն ու գործիքները և հասնել ավելի մեծ արդյունքների։
Անդրադառնալով երիտասարդական կենտրոնների գործունեությանը՝ ԿԳՄՍ նախարարը կարևորել է պետության, համայնքների և հասարակական կազմակերպությունների համագործակցությամբ ստեղծված մոդելը։ Նմանօրինակ կենտրոն գործում է նաև Կապանում։
«Սա, թերևս, լավագույն ձևաչափն է, որովհետև մեր ամենալավ գործերը տեղի են ունենում, երբ դրանք անում ենք միասին։ Երիտասարդական կենտրոնները հենց նման՝ միասին արված գործերի վկայությունն են»,- ասել է Ժաննա Անդրեասյանը։
Նախարարը տեղեկացրել է, որ մինչև տարեվերջ Հայաստանի տարբեր մարզերում և բնակավայրերում արդեն կգործի 27 երիտասարդական կենտրոն։ Դրանք, ըստ նրա, դառնում են երիտասարդների մտքերի, գաղափարների և ստեղծագործականության խթանման համար նպաստավոր միջավայրեր։
«Վստահ եմ՝ հենց նմանատիպ միջավայրերից մեկում էլ ծնվել են այն հրաշալի գաղափարներից շատերը, որոնց հեղինակներին այսօր առիթ ունենք պարգևատրելու։ Հուսով եմ՝ այդ մրցանակները կնպաստեն, որպեսզի ձեր գաղափարներն իրականանան և սկիզբ դնեն նոր հաջողությունների»,- դիմելով մրցույթի հաղթողներին՝ ասել է նախարարը։
Եզրափակելով խոսքը՝ Ժաննա Անդրեասյանը ևս մեկ անգամ շնորհավորել է երիտասարդներին՝ ընդգծելով նրանց աջակցելու, ոգևորելու և խրախուսելու կարևորությունը։
«Ընդունված է ասել, որ կարևորը հոգով երիտասարդ լինելն է, բայց վստահ եմ, որ հատկապես Երիտասարդության միջազգային օրը մենք պետք է առանձնահատուկ ուշադիր լինենք մեր քաղաքացիների այն խմբի նկատմամբ, որոնք նոր են մուտք գործում ինքնուրույն կյանք և կարիք ունեն աջակցության, ոգևորության ու խրախուսման, որպեսզի մեծ հաջողություններ գրանցեն թե՛ իրենց անձնական կյանքում, թե՛ ի նպաստ մեր պետության զարգացման»,- եզրափակել է ԿԳՄՍ նախարարը։
Ողջույնի խոսքով հանդես են եկել նաև Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը՝ փոխանցելով Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի շնորհավորական ուղերձը Երիտասարդների օրվա կապակցությամբ, ինչպես նաև Կապանի համայնքապետի առաջին տեղակալ Գոռ Թադևոսյանը:
Հաջորդիվ տեղի է ունեցել «Հրաշալի գաղափարների մրցույթի» հաղթողների պարգևատրումը: Մրցույթի նպատակն էր խրախուսել երիտասարդներին՝ վեր հանելու իրենց համայնքներում առկա խնդիրները, առաջարկելու լուծումներ և, ամենակարևորը, գաղափարները վերածելու իրական նախաձեռնությունների։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի երիտասարդական ծրագրերի ղեկավար Աննա Բարֆյանը 1-ին մրցանակը հանձնել են «Գյուղի ձայնը» նախագծի հեղինակներին՝ Լուսինե Մազլումյանին, Անի Մանվելյանին, Թամարա Պոդոսյանին, Կամիլա Մարտիրոսյանին։
2-րդ լավագույն հայտի մրցանակը հանձնել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի երիտասարդական ծրագրերի ղեկավար Հասմիկ Ալեքսանյանը. մրցանակը ստացել է Արեն Առաքելյանը՝ «Երիտասարդ առաջնորդների լաբորատորիա» նախագծի համար:
3-րդ տեղի մրցանակը ստացել է «Շինուհայրում խաղահրապարակի վերաիմաստավորում» նախագծի հեղինակ Լուսինե Էմիրյանը: Այն հանձնել է հանձնել է ՄԱԿ-ի Փախստականների գործակալության արտաքին հարաբերությունների պատասխանատու Անահիտ Հայրապետյանը:
Կապանում Երիտասարդության միջազգային օրվա միջոցառումները մեկնարկել են պլոգգինգով՝ երիտասարդների մասնակցությամբ տարածքի մաքրման աշխատանքներով՝ զուգակցված վազք մարզաձևով, ինչպես նաև կայացել են «Ապագա առաջնորդներ. երիտասարդություն, նորարարություն, մշակութային ժառանգություն» ֆորումը և երիտասարդության ոլորտին առնչվող թեմաներով պանելային քննարկում: Օրվա շրջանակում նախատեսվում են նաև երիտասարդ նկարիչների համատեղ ցուցահանդեսի բացում, «Լեռների և գետերի միջև» կոմիքսների շարքի ներկայացում և փորձարկում, տաղավարային ցուցադրություն երիտասարդական տարբեր թեմաներով: Օրը Կապանում կամփոփվի գալա համերգով:
Երիտասարդության միջազգային օրը տարաբնույթ միջոցառումներով նշվում է ՀՀ ողջ տարածքում՝ Երևանի 12 վարչական շրջաներում և շուրջ 50 համայնքում:


