Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Սուր շնչառական վարակների մասով ունենք ակտիվացում թե՛ ամբուլատոր օղակում դիմելիության, թե՛ հիվանդանոցային: Մեր հսկողության տակ է, ամենօրյա մոնիթորինգ ենք իրականացնում»,- ճեպազրույցում այս մասին ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Իրավիճակով պայմանավորված հեռավար կրթության անցնելու հնարավորության մասին նա ասաց.«Աշխատում ենք ԿԳՄՍՆ-ի գործընկերների հետ՝ գործարկելու մեխանիզմը, որ այն դասարանները, որտեղ բացակայությունների թիվը 20 տոկոսից ավելի է, ապա նրանք հնարավորություն ունենան անցնելու հեռավար դասապատրաստման: Իրար փոխանցում ենք ամենօրյա բացակայությունների թիվը, այս պահին չեմ կարող ասել քանի դասարան է անցել հեռավար կրթական պրոցեսի, այս պահին չունենք այն համաճարակային իրավիճակը, որ դիմենք ընդհանուր դասապրոցի կանգնեցմանը»,- ասաց նախարարն ու ընդգծեց, որ երեխաներն ավելի ծանր են տանում վիրուսները:
«Վիրուսային հիվանդությունները կապ չունեն օդի աղտոտվածության հետ, դրանք տարբեր բաներ են, դրանք սեզոնային տրամաբանությամբ սկսում են ակտիվանալ նոյեմբերից մինչև հունվարի վերջ, շատ փոքր շեղում ունենք անցյալ տարվա սեզոնային գրիպի ակտիվացման ցուցանիշներից»,- ասաց նա, նաև հավելեց, որ շրջանառվող շտամների հետևանքով թոքաբորբերի ցուցանիշները տագնապային չեն:


