Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը և Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շրջել են «Արմավիր» ՔԿՀ-ի` վերջերս վերանորոգված և վերազինված բժշկական ստորաբաժնման հատվածում: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
Նախարար Ավանեսյանը ներկայացրել է ազատազրկված անձանց տրամադրվող բուժօգնության, այդ թվում` դեղապահովման ծրագրի վերջին բարեփոխումները:
Բուժսպասարկումն իրականացվում է գործող ընթացակարգերի և գործելակարգերի համաձայն՝ արտահիվանդանոցային պայմաններում. ընդունվելիս կատարվում է մարմնական զննություն, կիրառվում է հոգեկան առողջության գնահատման գործիքը, իրականացվում են առաջնային բժշկական զննություն, ռապիդ թեստավորումներ, հետագայում, ըստ դիմելիության, դիսպանսեր և դինամիկ հսկողության շրջանակներում նաև կազմակերպվում են տարեկան կանխարգելիչ այցեր։
Հիվանդանոցային բուժման ուղեգրումն իրականացվում է միայն բժշկական ցուցումով:
«Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Կամո Մանուկյանը ընդգծեց, որ հիվանդանոցային բուժումն իրականացվում է «Արմավիր» ստորաբաժանման ստացիոնար թերապևտիկ բաժանմունքում՝ ավագ և միջին բուժանձնակազմի 24-ժամյա հսկողության տակ:
Անահիտ Ավանեսյանը շփվել է բուժօգնություն ստացող ազատազրկված անձանց հետ, լսել նրանց հարցերը:


