Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ամփոփվել է հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների հավակնորդների համար նախատեսված «Կրթության կառավարում և առաջնորդություն» յոթամսյա վերապատրաստման ծրագրի հերթական փուլը։ Ծրագրի մասնակիցները ստացել են հավաստագրեր։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
Ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Այբ» կրթական հիմնադրամի համագործակցությամբ:
Միջոցառմանը մասնակցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Վահե Գաբրիելյանը, «Հ․ Հովնանյան» ընտանեկան հիմնադրամի ղեկավար Կորյուն Խաչատուրյանը, վերապատրաստող փորձագետները, ծրագրի մասնակիցները։
Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ իրականացված համատեղ աշխատանքն ուղղված է հանրակրթության ոլորտում դպրոցի կառավարման դժվարությունները հաղթահարելուն: Նա ընդգծել է, որ վերջին շրջանում տնօրենների հավակնորդները, որոնք մասնակցում են թափուր հաստիքների մրցույթին, ավելի պատրաստված են ներկայանում՝ հիմքից պատկերացնելով խնդիրները, ինչը, ըստ նրա, ուսուցչական փորձի, ներսից խնդիրները դիտարկելու արդյունք է. «Մեզ համար կարևոր է՝ ուսուցիչները, որոնք աշխատել կամ աշխատում են դպրոցում և իրենց մեջ նկատում են առաջնորդական հատկություններ, նախաձեռնողականություն, սկսում են հավատալ, որ կարող են այս գործընթացով անցնել և դառնալ կառավարիչ»:
Արաքսիա Սվաջյանը շնորհակալություն է հայտնել մասնակիցներին՝ ցուցաբերած հետաքրքրության, մասնագիտական զարգացման շարունակականության, ինչպես նաև գործընկերներին՝ հաջող համագործակցության համար՝ նշելով, որ փորձը ցույց է տալիս՝ միայն բովանդակային ծրագիր և լավ դասավանդողներ ունենալը բավարար երաշխիք չեն պատրաստված հավակնորդ լինելու համար, և այսօրինակ վերապատրաստումներն ամբողջացնում են հավակնորդների պատրաստվածությունը:
Նա բոլոր մասնակիցներին բարի ընթացք է մաղթել՝ հույս հայտնելով, որ նրանց հետ կհանդիպեն արդեն հարցազրույցների փուլում:
«Մենք խորապես գնահատում ենք ուսուցիչների և դպրոցների տնօրենների դերը Հայաստանում կրթության որակը բարելավելու գործում և մեր առաքելությունն ենք համարում նրանց օժանդակելը: Կրթության կառավարման և առաջնորդության վերապատրաստման ծրագրերը «Այբ» հիմնադրամը նախաձեռնում և իրագործում է հենց այս տեսլականով: Սա պարզապես անհատների վերապատրաստման ծրագիր չէ, սա ծրագիր է մարդկանց համար, որոնք, լիահույս ենք, իսկապես վերափոխելու են իրենց դպրոցները մասնավորապես, կրթությունը՝ ընդհանրապես»,- ասել է «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Վահե Գաբրիելյանը:
Դասընթացը մեկնարկել է 2025 թ․ սեպտեմբերին և շարունակվել մինչև 2026 թ․ ապրիլը: Վերապատրաստման մասնակիցները հնարավորություն են ունեցել ձեռք բերելու դպրոցի զարգացման ծրագրի մշակման և դրա որակի գնահատման հմտություններ, զարգացնելու կրթական կառույցի ռազմավարական կառավարման գիտելիքներն ու կարողությունները։
Ծրագրի մասնակցելու հայտ է ներկայացրել 298 մասնակից, որոնցից ընտրվել է 60-ը: Աշխատանքներն իրականացվել են 2 խմբով՝ համակցված ձևաչափով, ընդհանուր տևողությունը (2 խմբի պարագայում) 252 ժամ, որից 143 ժամն առկա, 109 ժամը՝ առցանց:
«Կրթության կառավարում և առաջնորդություն» վերապատրաստման ծրագիրը մշակել է և իրականացրել է «Այբ» կրթական հիմնադրամը՝ միջազգային գործընկերոջ՝ Լոնդոնի համալսարանական քոլեջի Կրթության ինստիտուտի (UCL IOE) հետ համագործակցությամբ: Դասընթացի հերթական փուլն իրականացվել է «Հ․ Հովնանյան» ընտանեկան հիմնադրամի ֆինանսավորմամբ:
Դասընթացի նախորդ փուլն իրականացվել էր ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործընկերությամբ:


