Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Սա մարդկանց վախեցնելու փորձ է, դրսից են ասել, որ այդ տեխնոլոգիան կիրառեն, իրենք հիմա դիվերսիա են իրականացնում ՀՀ քաղաքացիների դեմ՝ վախի մթնոլորտ ստեղծելով»,-Zarkerak.am-ի հետ զրույցում անդադառնալով «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի այն հայտարարությանը, թե Ադրբեջանը ցանկանում է 300,000 ադրբեջանցի բնակեցնել Հայաստանում, ինչում Սյունիքը կորցնելու, Սևանի Գյոլչա դառնալու վտանգ է տեսնում՝ ասաց քաղաքագետ, ՔՊ նախընտրական ցուցակում ընդգրկված Էդգար Առաքելյանը:
Առաքելյանի խոսքով՝ այդ խոսույթն օգտագործում է Ադրբեջանը, իսկ իրենք դա վերցնում են ու տարածում են Հայաստանի ներսում. «Իրենք դարձել են Ալիևի կամավորները ՀՀ-ի ներսում: Նրանց գալու պարագայում է, որ կորցնելու ենք Սյունիքը, կորցնելու ենք մեծ առումով ՀՀ-ն, կորցնելու ենք նույնիսկ մեր ինքնությունը, քանի որ Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ ցանկանում է, որպեսզի Հայաստանում ռուսերենը լինի պետական լեզու, այսինքն՝ նա նույնիսկ ոտնձգություն է իրականացնում մեր ամենակարևոր ինքնության՝ լեզվի նկատմամբ»:
Ինչ վերաբերում է 300 հազար աշխատատեղ ստեղծելու և մեկ աշխատատեղ՝ թմբուկ նվագելը, Նիկոլ Փաշինյանի համար պահելու հայտարարությանը՝ Առաքելյանն ասաց. «Այո, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 7-ի ընտրություններից հետո անպայման նվագելու է կալուգական արտադրության թմբուկ: Ինչ վերաբերում է 300 հազար աշխատատեղին, իրենք լկտիաբար ստում են: Իրենք նախորդ տարիներին, երբ իշխանության էին, ոչ միայն այդ 300 հազար աշխատատեղը չեն ստեղծել, այլ ՀՀ տնտեսությունը մոնոպոլիզացրել են, ստեղծել են քրեաօլիգարիկ կլանային տնտեսական համակարգ և տնտեսությունը բաշխվել է տարբեր կլանների միջև, որոցից մեկն իրենց ընտանիքն է: Դրա արդյունքում աշխատատեղեր են փակվել, ստեղծվել է սոցիալ-տնտեսական լուրջ ճգնաժամ, դրա արդյունքում 600 հազար քաղաքացի լքել է Հայաստանը»:
Էդգար Առաքելյանի դիտարկմամբ՝ նրանց հույսն ընտրակաշառքն է. «Գրեթե ամենօրյա ռեժիմով տեսնում ենք, թե ինչպիսի ձայնագրություններ են տարածվում, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է, որ իրենց հույսն իրենց քսակի վրա է, բայց մոռանում են, որ այլևս այդ քսակի ժամանակներն անցել են ու մեր հասարակությունը քաղաքական աղբանոց է նետելու նրանց, ովքեր գալու են Հայաստան ու կրկին փորձեն, իրենց գումարներն օգտագործելով, այլասերել մեր հասարակությանը, պետությանն ու ընտրական համակարգը»:
Առաքելյանը նաև նշեց, որ չի կարող նման համակարգված ընտրակաշառքի գործընթաց լինել ու դրանում Սամվել Կարապետյանը, Նարեկ Կարապետյանը ներգրավված չլինեն. «Ակնհայտ է, որ իրենք թաքնվում են մի պարագայում կրծքով կերակրող մոր հետևում, մյուս պարագայում կեղծ հերոսի հետևում ու այսպես շարունակ, իրենց չեն հետաքրքրում այդ մարդկանց ճակատագրերը, իրենց հետաքրքրում է մի բան, որ Հայաստանում իրականացնեն այն հանձնարարությունը, որն իրենց տրվել է դրսից: «Ուժեղ Հայաստան»-ը շանսեր չունի մեծ թվով ձայներ հավաքելու»:


