Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Նարեի հաղթանակը սպասված էր այնքանով, որ մենք տեսել ենք, թե ինչպիսի մեծ աշխատանք է արվել Հանրային հեռուստաընկերության ամբողջ թիմի և պատվիրակության կողմից, իսկ երբ մի բան իսկապես մեծ սրտով է արվում ու ամեն ինչ ներդրվում է՝ հաջողությունը կա»,-Zarkerak.am-ի հետ զրույցում անդրադառնալով Հայաստանի մասնակցի «Մանկական եվրատեսիլ»-ում հաղթանակին՝ ասաց Հրաչուհի Ութմազյանը:
Ութմազյանի խոսքով՝ լավ արդյունքների սպասում էին. «Հաղթանակն ինչքան էլ սպասելի լինի, միևնույնն է այդ պահին շատ մեծ էմոցիաներ է արթնացնում ու կարծում եմ՝ դա երևացել է թե՛ իմ, թե՛ Համլետ Առաքելյանի ձայնից: Մալենայի ժամանակ ես բավականին հանգիստ եմ փորձել լինել, որպեսզի ձայնս չլինի այն բարձրության ու ուժգնության, ինչ-որ էմոցիաներս էին, որ այդ պահին խնդիր չառաջանա, բայց այս անգամ մինչ այդ հնչյունային ռեժիսորի հետ խոսեցի, ասացի՝ եթե գոռացինք, ինչ է լինելու, ասաց՝ հանգիստ եղեք, ղեկը մեր ձեռքին է, մենք ամեն ինչ կկառավարենք, թող հաղթենք, դուք գոռացեք ու մենք գոռացինք»:
Հրաչուհի Ութմազյանը նշեց, որ Հայաստանի դրոշը բարձր պահելը նման հարթակներում շատ կարևոր է երկրի ճանաչելիության տեսանկյունից. «Ոչ մի հաղթանակ հեշտ չի տրվում, իսկ Նարեի պարագայում գիտեմ, որ նա շատ մեծ երազանք է ունեցել երբևէ Հայաստանը ներկայացնել եվրատեսիլում և սա արդեն չորրորդ անգամ էր, որ նա մասնակցել էր ընտրությանը և հենց այս տարի ինքը ընտրվեց և երևի թե ամեն ինչ այս կյանքում իր ժամանակն ունի ու եվրատեսիլում ելույթ ունենալու իր ժամանակը այս եվրատեսիլն էր: Մենք տեսել ենք, թե ինչպիսի մեծ աշխատանք է արվել, իսկ ինքն անտրտունջ, պարտաճանաչ ամեն ինչ արել է: Բեմադրությունն էլ շատ մեծ դեր ունեցավ մեր հաղթանակի մեջ: Միայն աշխատանքն է բերում ցանկալի արդյունքի»:
Վերադառնալիս հաղթող մասնակիցը նշել է, որ շատ կարոտել էր բոլորին, Հայաստանը. «Սիրտս արագ էր բաբախում, երբ իմացա հաղթել եմ շատ ուրախ էի»,-ասել է նա և նշել, որ հաղթանակը իրեն տվեց փորձ ու ընկերներ։
Ի դեպ, նրան գրառմամբ շնորհավորել էր նաև Նիկոլ Փաշինյանը՝ Կեցցե՛ս Նարե։ Հայտնենք, որ Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթի արդեն եռակի հաղթող է։


