Կիրանցում ՔՊ-ի հաղթանակը քաղաքական ուշագրավ ուղերձ է՝ հատկապես հաշվի առնելով, որ ընդամենը երկու տարի առաջ հենց այդ գյուղը ընդդիմության կողմից ներկայացվում էր որպես ազգային աղետի խորհրդանիշ։ Այն ժամանակ ընդդիմադիր գործիչները կանխատեսում էին աղետալի հետևանքներ, խոսում հայրենիքի կորստի մասին և Կիրանցը դարձրել իրենց քաղաքական պայքարի կենտրոնը։ Այսօր, սակայն, հենց Կիրանցի ընտրողներն իրենց քվեով ցույց են տվել, թե որքանով են այդ աղետալի կանխատեսումները վերածվել քաղաքական իրականության։ Եվ ահա, երբ Կիրանցի թեման այլևս նախկին ազդեցությունը չունի, նույն «փրկիչները» նոր թիրախ են ընտրել՝ Տիգրանաշենը։ Նույն հռետորաբանությունը, նույն վախերը տարածելու փորձը, նույն քաղաքական հաշվարկը․ փոխվում է միայն գյուղի անունը։
Սցենարը վաղուց ծանոթ է՝ վերցնել սահմանային որևէ հարց, այն վերածել համազգային աղետի, մարդկանց վախերը դարձնել քաղաքական գործիք, իսկ սեփական քաղաքական հավակնությունները փաթեթավորել հայրենասիրական կարգախոսներով։ Երբ փաստարկները քիչ են, սկսվում են աղմկոտ հայտարարությունները, երբ քաղաքական օրակարգը դատարկ է՝ հայտնվում են նոր «փրկարարական առաքելություններ»։
Բայց մի պարզ հարց կա՝ որտե՞ղ էին այսօրվա «փրկիչները», երբ իրենք իշխանություն ունեին և հնարավորություն՝ լուծելու Հայաստանի սահմանների, անվտանգության ու տարածքային ամբողջականության հետ կապված խնդիրները։ Ինչո՞ւ այն ժամանակ հայրենիքի փրկության մասին այսպիսի աղմուկ չէր բարձրացվում, և ինչո՞ւ հիմա յուրաքանչյուր սահմանային թեմա վերածվում է քաղաքական բեմադրության։
Տիգրանաշենը քաղաքական շահարկումների առարկա չէ։ Այն մարդկանց տունն է, Հայաստանի ինքնիշխանության ու անվտանգության հետ կապված հարց։ Նման թեմաները պահանջում են փաստեր, պատասխանատվություն և հստակ լուծումներ, ոչ թե հերթական աղետապաշտական ներկայացում։
Հայաստանին պետք չեն հերթական ինքնահռչակ փրկիչները, որոնք յուրաքանչյուր խնդրի շուրջ փորձում են քաղաքական կապիտալ կուտակել։ Հայաստանին պետք են պատասխանատու քաղաքական ուժեր, որոնք ոչ թե վախ են տարածում, այլ ներկայացնում են փաստեր, լուծումներ և իրենց անցյալի համար պատասխանատվություն են կրում։
Կիրանցից հետո՝ Տիգրանաշեն։ Իսկ վաղը ո՞ր բնակավայրն է դառնալու նրանց քաղաքական ներկայացման հերթական բեմը։
Հայրենիքը փրկելու մասին բարձրագոչ հայտարարությունները դեռ հայրենասիրություն չեն։ Երբ հայրենիքի անունը դառնում է քաղաքական շահի գործիք, հասարակությունն իրավունք ունի հարցնելու՝ այս ամենի նպատակը սահմանների պաշտպանությո՞ւնն է, թե՞ սեփական քաղաքական դիրքերը փրկելը։
Մկրտիչ Իսրայելյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։


