ՆԳ նախարարը մասնակցել է Թմրամիջոցների դեմ պայքարի եվրոպական կոալիցիայի գագաթնաժողովին Zarkerak - ՆԳ նախարարը մասնակցել է Թմրամիջոցների դեմ պայքարի եվրոպական կոալիցիայի գագաթնաժողովին
Zarkerak Zarkerak - ՆԳ նախարարը մասնակցել է Թմրամիջոցների դեմ պայքարի եվրոպական կոալիցիայի գագաթնաժողովին
ՆԳ նախարարը մասնակցել է Թմրամիջոցների դեմ պայքարի եվրոպական կոալիցիայի գագաթնաժողովին

ՆԳ նախարարը մասնակցել է Թմրամիջոցների դեմ պայքարի եվրոպական կոալիցիայի գագաթնաժողովին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Իտալիայի Ռիմինի քաղաքում տեղի է ունեցել Թմրամիջոցների դեմ պայքարի եվրոպական կոալիցիայի (ECAD) բարձր մակարդակի միջազգային գագաթնաժողովը, որին մասնակցել է ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։

ՆԳ նախարարը հանդես է եկել ելույթով՝ ներկայացնելով թմրամիջոցների դեմ պայքարում Հայաստանի հանձնառությունը և ընդգծելով այս ուղղությամբ միջազգային համագործակցության կարևորությունը։

Ելույթներով հանդես են եկել Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին, Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն, ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրունները և այլ բարձրաստիճան անձինք։

Նախարար Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Իտալիայի և Ֆրանսիայի կառավարություններին գագաթնաժողովի կազմակերպման և ընդհանուր նպատակի շուրջ տարբեր երկրների ներկայացուցիչներին համախմբելու համար։

Իր ելույթում նախարարն ընդգծել է, որ թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը վաղուց վերածվել է ազգային սահմանները հատող մարտահրավերի՝ ազդելով հանրային առողջության, համայնքների և մարդկանց կյանքի վրա։ Նա նշել է, որ դրան արդյունավետ արձագանքելու համար անհրաժեշտ է համապարփակ, հավասարակշռված և մարդակենտրոն մոտեցում, որը ենթադրում է ոչ միայն թմրամիջոցների հասանելիության նվազեցում, այլև խոցելիության կրճատում, դիմակայունության ամրապնդում և անհրաժեշտ աջակցության ապահովում։

Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ թմրամիջոցների հիմնախնդրի լուծման առաջնահերթությունն ամրագրվել է նաև 2026 թվականի մայիսի 4-ին Երևանում ընդունված առաջնորդների համատեղ հռչակագրում։

Անդրադառնալով ոլորտի հիմնական մարտահրավերներին՝ նախարար Սարգսյանն առանձնացրել է սինթետիկ թմրամիջոցների աճող հասանելիությունը, նոր հոգեներգործուն նյութերի ի հայտ գալը և դրանց տարածման գործում թվային հարթակների դերի մեծացումը։

Այդ համատեքստում նախարարը կարևորել է միջազգային համագործակցության ամրապնդումը՝ ընդգծելով 2023 թվականին Սինթետիկ թմրամիջոցների սպառնալիքներին հակազդելու գլոբալ կոալիցիային Հայաստանի միանալու կարևորությունը։

Արփինե Սարգսյանն անդրադարձել է նաև թմրամիջոցների դեմ պայքարի ոլորտում Հայաստանի ձեռնարկած քայլերին՝ ընդգծելով, որ ՄԱԿ-ի Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի 67-րդ նստաշրջանում ստանձնած հանձնառության շրջանակում ՀՀ կառավարությունը 2025 թվականի հունիսին հաստատել է Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ոչ բժշկական օգտագործման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարությունը և դրանից բխող 2025–2027 թվականների գործողությունների ծրագիրը։

Նախարարը մանրամասնել է, որ ռազմավարությունն ընդգրկում է երեք փոխկապակցված հիմնական ուղղություն՝ կանխարգելում, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքար, ինչպես նաև կախվածություն ունեցող անձանց բուժում, վերականգնում և սոցիալական վերաինտեգրում։

«Մեզ համար սա հերթական քաղաքականության փաստաթուղթը չէ։ Այն արտացոլում է խնդրի նկատմամբ մեր մոտեցման էական փոփոխությունը։ Հայաստանի համար այս ռազմավարությունը կարևոր քայլ է առավել համապարփակ և հավասարակշռված ազգային արձագանք ձևավորելու ճանապարհին»,- նշել է Արփինե Սարգսյանը։

Նախարարն ընդգծել է, որ թմրամիջոցների դեմ պայքարի արդյունավետ քաղաքականությունը չի կարող սահմանափակվել միայն իրավապահ միջոցառումներով։ Այս համատեքստում նա կարևորել է առողջապահական բաղադրիչը՝ առանձնացնելով մեթադոնային անվճար բուժման ապահովումն ու ուղեցույցների ներդրումը։

Արփինե Սարգսյանի խոսքով՝ Հայաստանը հետևողականորեն ամրապնդում է թմրամիջոցների ապօրինի շրջանառության և կազմակերպված հանցավոր խմբերի դեմ պայքարի կարողությունները՝ որպես հանրային առողջության և անվտանգության պաշտպանության կարևոր նախապայման։

Նախարար Սարգսյանն անդրադարձել է նաև սահմանների համալիր կառավարման կարևորությանը․ «Որպես Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացում Հայաստանի կողմից գլխավոր բանակցող՝ ցանկանում եմ ընդգծել, որ սահմանների համալիր կառավարումն առանցքային առաջնահերթություն է և կնպաստի անդրսահմանային հանցավորության, այդ թվում՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի մեր ջանքերին»։
Անդրադառնալով միջազգային համագործակցությանը՝ նախարարը տեղեկացրել է, որ ավարտական փուլում են Եվրոպական միության թմրամիջոցների գործակալության հետ աշխատանքային պայմանավորվածության շուրջ իրականացվող աշխատանքները։ Միաժամանակ շարունակվում է Ինտերպոլի և Եվրոպոլի կապուղիներով գործընկերների հետ համագործակցությունը։

Ելույթի ավարտին Արփինե Սարգսյանը վստահություն է հայտնել, որ գագաթնաժողովի ընթացքում ստանձնած հանձնառությունները կվերածվեն ընդհանուր մարտահրավերների հաղթահարմանն ուղղված էական և շոշափելի առաջընթացի։

Նախարարը հույս է հայտնել նաև, որ միջազգային համագործակցությունը կշարունակի զարգանալ՝ հիմնված հանրային անվտանգության և առողջության պահպանման, կախվածությունից տուժած անձանց աջակցության և առավել առողջ ու դիմակայուն հասարակությունների ձևավորման հարցում ընդհանուր պատասխանատվության վրա։

Գագաթնաժողովին Հայաստանի պատվիրակության կազմում էին նաև ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը, ՆԳՆ քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Հայկ Հարությունյանը և այլ ներկայացուցիչներ։

26 Հոկտեմբեր, 2026 18:52
Վեր