Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը՝ Ճյուղային սննդի ինստիտուտի և «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի հետ համատեղ, հայտարարում է «Հայաստանի դպրոցական լավագույն մինի այգի-2026» ամենամյա վեցերորդ մրցույթի մեկնարկի մասին։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
Այս տարվա թեման է՝ «Հարևանները մեր այգում․ կենսաբազմազանության գաղտնիքները»․ երեխաները բացահայտելու են, թե ինչպես կարող են տարբեր բույսեր, միջատներ և այլ կենդանի օրգանիզմներ համատեղ ապրել և աջակցել միմյանց՝ ստեղծելով առողջ էկոհամակարգ։
Մրցույթի շրջանակում տարրական դասարանների աշակերտները պետք է նկարեն իրենց երևակայական մինի այգին՝ ցույց տալով, թե ինչպես են բույսերն աճում որպես լավ հարևաններ՝ կցելով իրենց այգու կենսաբազմազանության մասին պատմությունները։ Խորհուրդ է տրվում այս թեման ներառել կրթական գործունեության և գյուղատնտեսական նախաձեռնող խմբերի հանդիպումների օրակարգերում։
Մրցույթի նոր շեշտադրումը․ թափոնների կառավարում և ռեսուրսների խնայողություն
Մրցույթի այս տարվա խորագիրը նվիրված է շրջակա միջավայրի հանդեպ պատասխանատվությանը։ Մասնակից դպրոցները պետք է ներկայացնեն օրգանական և անօրգանական թափոնների կառավարման, նյութերի վերաօգտագործման իրենց մոտեցումները և աշակերտների ներգրավվածությունը բնապահպանական պատասխանատու միջոցառումներում։
Մրցույթի անվանակարգերը
Պարգևատրում և մրցանակներ
«Դպրոցական լավագույն մինի այգի» անվանակարգում առաջին տեղը զբաղեցրած դպրոցը կպարգևատրվի 3000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամով՝ այգեգործական նախաձեռնությունների զարգացման համար։
Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած դպրոցները կստանան արժեքավոր մրցանակներ՝ ուղղված դպրոցական ճաշարանների կամ այգիների բարելավմանը:
«Լավագույն այգին՝ պատուհանագոգին» անվանակարգի հաղթողը կստանա հատուկ մրցանակ՝ իր նախագծի զարգացմանն աջակցելու համար։
Կազմակերպիչները կարող են սահմանել նաև հատուկ անվանակարգեր՝ առավել ստեղծարար, նորարար լուծումներ առաջարկած կամ հետևողական մասնակցություն ցուցաբերած դպրոցների համար։ Բոլոր մասնակից դպրոցները կստանան հավաստագրեր։
Մրցույթի ժամանակացույցը
Փուլ 1․ Գրանցման հայտերի ներկայացում
Գրանցման վերջնաժամկետ՝ 2026թ․ հուլիսի 1
Փուլ 2․ Նախագծային փաթեթների ներկայացում
Նախագծերի ներկայացման վերջնաժամկետ՝ 2026թ․ նոյեմբերի 1
Մրցույթի արդյունքները կամփոփվեն և հաղթողները կհայտարարվեն մինչև 2026թ. դեկտեմբերի 1-ը:
Մասնակցության կարգը
Մրցույթին մասնակցել ցանկացող դպրոցները մասնակցության կարգին և անհրաժեշտ պահանջներին կարող են ծանոթանալ «Մրցույթի պայմաններում»։
Մասնակցության համար գրանցվելու համար անհրաժեշտ է լրացնել Մասնակցության հայտը։
Հարցերի կամ խորհրդատվության համար կարելի է կապ հաստատել minigarden.armenia@gmail.com էլեկտրոնային հասցեով։
Նորություններին, հիշեցումներին և հայտարարություններին կարելի է հետևել՝ միանալով մրցույթի պաշտոնական ֆեյսբուքյան էջին։
Դպրոցական այգիները դարձել են ուսումնական գործընթացի կարևոր բաղադրիչ․ 2021 թվականից ի վեր բազմաթիվ դպրոցներ միացել են մրցույթին և ստեղծել մինի այգիներ։ Այստեղ երեխաները բացահայտում են բույսերի աճի գաղտնիքները, սովորում են թիմային աշխատանք և բնության հանդեպ հոգատարություն։ Իսկ այգիներից ստացված բերքը դպրոցական ճաշարանների համար ապահովում է թարմ բանջարեղեն ու կանաչեղեն։


