Սուրբ Ծնունդը Փոքր Զատիկ անվանելը սխալ է․ սարկավագը՝ Սուրբ Ծննդին առնչվող սխալ ընկալումների մասին Zarkerak - Սուրբ Ծնունդը Փոքր Զատիկ անվանելը սխալ է․ սարկավագը՝ Սուրբ Ծննդին առնչվող սխալ ընկալումների մասին
Zarkerak Zarkerak - Սուրբ Ծնունդը Փոքր Զատիկ անվանելը սխալ է․ սարկավագը՝ Սուրբ Ծննդին առնչվող սխալ ընկալումների մասին
Սուրբ Ծնունդը Փոքր Զատիկ անվանելը սխալ է․ սարկավագը՝ Սուրբ Ծննդին առնչվող սխալ ընկալումների մասին

Սուրբ Ծնունդը Փոքր Զատիկ անվանելը սխալ է․ սարկավագը՝ Սուրբ Ծննդին առնչվող սխալ ընկալումների մասին

Հունվարի 6-ին Հայ Առաքելական եկեղեցին տոնում է տարվա հինգ տաղավար տոներից առաջինը՝ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը, որը Հիսուսի  Ծննդյան և մկրտության հիշատակումն է:

Հունվարի 6-ի առավոտյան մատուցվում է Սուրբ Պատարագ, որից հետո` կատարվում է Ջրօրհնեքի կարգ (ըստ ավանդույթի` խաչը ջուրն իջեցնելը խորհրդանշում է Հիսուսի Հորդանան գետը մտնելը): Պատարագիչը խաչով, ապա մյուռոնով օրհնում է ջուրը և հավատացյալներն այդ ջրից տուն են տանում, որպես օրհնություն ու բուժիչ դեղ հիվանդների համար:

Սուրբ Ծննդի խորհրդի, Տոնին առնչվող սխալ ընկալումների և  ննջեցյալներին այցելելու մասին  Zarkerak.am-ը զրուցել է ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի բարեշնորհ սարկավագ Գրիշա Հարությունյանի հետ։   

Մեծ Զատիկ-Փոքր Զատիկ․ սխալ ընկալումներ

 «Սուրբ Ծննդին Փոքր Զատիկ ասելը ժողովրդական ավանդույթով եկած արտահայտություն է, որը մեր եկեղեցին համարում է սխալ դիրքորոշում»,- նշում է սարկավագը, ապա հավելում, որ  «Զատիկ»  արտահայտությունը հին արմատներ ունի և մեզ է հասել հին հրեաներից, երբ նրանք նշում էին եգիպտական գերությունից ազատվելը․  «Իրենք տոնը նշեցին որպես  Զատիկ՝ այսինքն գերությունից զատվել, ու ինչպես  իրենք ազատվեցին եգիպտական գերությունից, այնպես էլ մենք՝ քրիստոնյաներս, Քրիստոսի հարությամբ, ազատվեցինք մեղքերից, զատվեցինք այդ մեղքերից »,- պարզաբանում է Գրիշա Հարությունյանը։  Նրա խոսքով, հենց այս պատճառով էլ Հարության տոնը կոչվում է  Զատիկ։ «Սուրբ Ծնունդը  Փոքր Զատիկ անվանելը շատ սխալ է»,- ընդգծում է սարկավագը։

Գրիշա Հարությունյանը կարծիքով՝ սխալը գալիս է շատ հնուց․ «Կարելի է ասել ժողովրդի հորինվածքի արդյունք է։ Սխալ է նաև Հին Զատիկ, Նոր Զատիկ ասելը»։

«Ստացվում է,  որ մենք տարբեր կարևորություններ ենք տալիս տոներին։ Ունենք Զատիկ, որը վերաբերում է  Հարության տոնին, նաև ունենք Սուրբ Ծնունդ․ տարբերակում դնել այս երկու տոների միջև սխալ է»,-բացատրում է սարկավագը։

Տոներին առնչվող արմատացած պատկերացումներին հակազդելու համար էլ  եկեղեցին իրականացնում է նախ բանավոր քարոզ՝ հավատացյալների շրջանում։ Որոշակի հաղորդագրություններ հանրության շրջանում տարածելու հարցում օգնության են գալիս սոցիալական հարթակները․ «Բազմաթիվ հոգևորականներ իրենց սոցիալական էջերում տարածում են հաղորդագրություններ, որոնք իրենց ազդեցությունն ունենում են հանրության շրջանում»։

Այցելություն ննջեցյալներին․ օրը հունվարի 7-ն է

«Ինչպես Զատիկն անվանում են Հին կամ Նոր, Մեծ կամ Փոքր, այնպես էլ կա սխալ տպավորություն, որ  հունվարի 6-ին   պետք է այցելել ննջեցյալներին»,-նկատում է սարկավագը ։

«Եկեղեցին հստակ տարանջատել է ուրախ տոները  ու տխուր տոները, այսպես ասած ուրախությունը և տխրությունը։ Հունվարի 6-ի հաջորդ օրը՝ հունվարի 7-ը, եկեղեցին նշանակել է մեռելոց՝ ննջեցյալների հիշատակության օր»,-հավելում է նա։

Այսպիսով՝ հունվարի 6-ին քրիստոնյաները ստանում են Աստվածահայտնության ավետիսը, ճրագներ են վառում, Ավետիսը բերում են իրենց տուն՝ լուսավորելով տները այդ ավետիսով։ Իսկ հունվարի 7-ին արդեն պետք է  հիշել ննջեցյալներին, այցելել գերեզմաններ՝ տանելով Աստվածահայտնության Ավետիսը նաև նրանց։

«Եկեղեցին ամեն ինչ անում է, որ մեռելոցի օրերը դառնան ոչ աշխատանքային, բայց տպավորություն է, որ սա պարզապես աշխատանքից ազատ օր է, որը կարելի է վայելել և փոխարենը այցելել ննջեցյալներին հունվարի 6-ին»,-ընդգծում  է Գրիշա Հարությունյանը։  

Մարիամ Մկրտչյան

05 Հունվար, 2022 16:32
Վեր