Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանի ընտրողներին տրվել էր իրական ընտրություն կատարելու հնարավորություն: Ցավոք, նրանք ստիպված էին այդ ընտրությունն անել աննախադեպ արտաքին միջամտության և ճնշումների պայմաններում, որոնք հիմնականում արտահայտվում էին պատժիչ առևտրային քայլերի, ամենօրյա սպառնալիքների միջոցով՝ կախված կատարած ընտրությունից: Այդ մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության ղեկավար Յանեժ Լենարչիչը:
Նա տեղեկացրեց, որ առաքելության ներկայացուցիչները Հայաստանում են ապրիլի վերջից, և այդ ժամանակից դիտարկել են նախընտրական քարոզարշավի ամբողջ ընթացքը:
«Մեր 30 երկարաժամկետ դիտորդները երկրի տարբեր հատվածներում մասնակցել են 120 քարոզչական միջոցառումների և դիտարկել դրանք, ավանդական քարոզչության այլ ձևեր նույնպես ուսումնասիրվել են:
Քարոզարշավը աշխույժ և խաղաղ է եղել, ինչպես առցանց, այնպես էլ ամբողջ երկրում: Միաժամանակ կարող եմ ասել, որ եղել է խիստ բևեռացված և առճակատային՝ ուղեկցվող պարբերաբար հնչող պառակտիչ և սադրիչ հռետորաբանությամբ:
Մենք չենք արձանագրել վարչական ռեսուրսների համակարգային չարաշահում տեղական մակարդակում, սակայն մեր դիտորդներն անմիջականորեն արձանագրել են և ստացել են բազմաթիվ հաղորդումներ, որոնց մի մասը գնահատվել է որպես արժանահավատ ընտրողների, այդ թվում՝ հանրային ծառայողների նկատմամբ ճնշումների ու խրախուսումների վերաբերյալ քարոզչական միջոցառումներին մասնակցելու նպատակով՝ հիմնականում հենց իշխող կուսակցության կողմից»,-ասաց նա:
Երկարաժամկետ դիտորդները նաև Երևանից ու մարզերի մեծ մասից ստացել են հաղորդումներ, որոնք, ըստ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության ղեկավարի, նկարագրում են ընդդիմության կողմնակիցների շրջանում վախի մթնոլորտը:
«Այս հաղորդումները վերաբերում են ընդդիմադիր ակտիվիստների նկատմամբ ենթադրյալ ահաբեկումներին, քննություններին և կալանավորումներին: Որոշ տարածքներում դա ազդել է ընտրողների պատրաստակամության վրա՝ մասնակցելու ընդդիմության նախաձեռնած միջոցառումներին»,- ասաց նա:
Արձանագրվել է նաև ԱԲ-ի կողմից ստեղծված բովանդակություն, որի նպատակը մրցակիցներին վարկաբեկելն է եղել:


