Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ներկայումս առկա են մի շարք իրավական բացեր, որոնք գործնականում դժվարություններ են առաջացնում որոշելու, թե որ իրավասու մարմինն է պարտավոր իրականացնել ձերբակալված, կալանավորված կամ տնային կալանքում գտնվող անձի փոխադրումը՝ հաշվի առնելով նրա կարգավիճակը: Այս մասին ԱԺ հերթական նիստում ասել է Արդարադատության նախարարի տեղակալ Գեւորգ Քոչարյանը՝ առաջին ընթերցմամբ խորհրդարանում ներկայացնելով «Պրոբացիայի ծառայության մասին» օրենքում լրացումներ նախատեսող եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:
Ըստ գերատեսչության ներկայացուցչի՝ օրենսդրական փաթեթով նախատեսվում է փոխադրումների իրականացման պարտավորությունը բաշխել երեք ծառայությունների միջեւ՝ ըստ անձի կարգավիճակի, այսինքն՝ յուրաքանչյուր ծառայություն պետք է իրականացնի իր իրավազորության ներքո գտնվող անձանց փոխադրումները:
Փոխնախարարը նշել է, որ առաջարկվում է պրոբացիայի ծառայությանը վերապահել տնային կալանքի տակ գտնվող անձանց փոխադրման լիազորություն, ինչպես նաեւ երեք ծառայությունների գործունեությունը կարգավորող օրենքներում նախատեսել լիազորող նորմեր, որոնցով Արդարադատության եւ Ներքին գործերի նախարարներին կվերապահվի իրավասություն՝ համատեղ հրամանով սահմանելու փոխադրման յուրաքանչյուր իրավիճակում դրա իրագործման համար պատասխանատու ծառայություն:
Նախատեսվում է, որ նախագծերի ընդունման պարագայում նախարարների համատեղ հրամանով ոլորտն ամբողջությամբ կկարգավորվի, կվերացվեն բոլոր առկա անորոշությունները:
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Անուշ Քլոյանը:

