Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ինտրիգ, անսպասելի շրջադարձ, անելանելի թվացող իրավիճակ և այս ամենը համեմված հումորով։ Հուլիսի 16-ին Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կայացավ «Թանկարժեք դիակ» կատակերգության պրեմիերան, որին հանդիսատեսին հրավիրել էին միայն սև հագուստով։

Երեք ընկերուհի, դիակ, կեղծ հոգևորական, երիտասարդ նորանշանակ ոստիկան։ Դիակից ազատվելու աղջիկների ծրագիրը խճճվում է և նրանց տանն այդ ընթացքում հայտնվում են տարօրինակ հյուրեր։ Սյուժեն կառուցված է այնպես, որ հանդիսատեսը միաժամանակ և՛ ծիծաղում է, և՛ փորձում է հասկանալ, թե ինչ է իրականում տեղի ունենում։

Դերերում են Մոսո Կարապետյանը, Զիրոյանը, Էլեն Ասատրյանը, Մոհանան, Արուսիկ Գրիգորյանը և Արթուր Դանիելյանը։ Պիեսի հեղինակն է Արշակ Սեմիրջյանը, ռեժիսորը Քրիստինե Սլոյանն է, պրոդյուսերը՝ Հռիփսիմե Բասենցյանը։

«Թանկարժեք դիակ» ներկայացման հիմքում ընկած է ժամանակակից հայ դրամատուրգ Արշակ Սեմիրջյանի համանուն պիեսը, ով էլ Zarkerak.am-ի հետ զրույցում առանձնացրեց այն կարևոր մեսիջները, որ ունի այս կատակերգությունը․ «Սա տվյալ պիեսի երկրորդ բեմադրությունն է, առաջինը՝ 2020 թվականին եղավ։ Իմ ու Հռիփսիմեի համագործակցությունը շատ հեշտ ստացվեց և ունենք պիեսի երկրորդ բեմադրությունը։ Ներկայացումն ամբողջությամբ ժամանակակից լուծումներով է, բոլորը ժամանակակից հերոսներ են, ժամանակակից իրավիճակներ, տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ և իրավիճակային խառնաշփոթություն։ Հերոսներն ընկնում են վատ դրության մեջ թվացյալ դիակի պատճառով և փորձում են ամեն ինչ անել, որպեսզի հարթեն իրավիճակը, սակայն գործողությունների շղթան գնալով ավելի է խճճվում»։

Նրա խոսքով՝ ներկայացումը ժամանցային բնույթ էլ է կրում՝ կատակերգական երանգներով համեմված․ «Գլխավոր ասելիքն այն է, որ բավականին մեծ խորություն կա հոգևոր աշխարհի հետ կապված, որ մարդիկ այդպիսին չպետք է լինեն, երբ ներկայանում են Աստծո ծառաներ, պետք է զերծ մնան կեղծիքներից, անարդարություններից»։












