Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Կառավարությունն ընդունել է որոշում, որով առկա ուսուցման մեջ ընդգրկված անձինք ևս հնարավորություն կունենան դառնալ ինքնազբաղվածության խթանման ծրագրի շահառու։ Որոշմամբ հստակեցվում են այն կազմակերպությունների նկատմամբ պահանջները, որոնց հետ պետք է հրապարակային օֆերտայի պայմանագրեր կնքվեն: Մասնավորապես՝ սահմանվում է, որ վերջին տասը տարվա ընթացքում կազմակերպությունն առնվազն 2 տարի պետք է իրականացրած լինի բիզնես դասընթացների կազմակերպման և բիզնես ուղեկցման գործունեություն, որն էլ հավաստվի համապատասխան փաստաթղթերի (պայմանագիր, հանձման-ընդունման ակտ կամ արձանագրություն կամ այլ հավաստող փաստաթղթեր) առկայությամբ։
Որոշմամբ առաջարկվում է, որպեսզի ծրագրի շահառուն հարթակում կատարի նշում ՀՀ պաշտպանության նախարարությունում, ՀՀ ներքին գործերի նախարարությունում, Ազգային անվտանգության ծառայությունում, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում, Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում և այնպիսի մարմիններում, որոնց աշխատողների մասով գործում է տեղեկատվության սահմանափակ հասանելիության ռեժիմ, աշխատանքային գործունեություն չիրականացնելու մասին և տա համաձայնություն նշված տեղեկատվությունը ստուգելու վերաբերյալ։ Առաջարկը պայմանավորված է այն հանգամանքով, որ նախատեսված կարգավորումների համաձայն՝ ծրագրին մասնակցելու ցանկության դեպքում շահառուն սահմանված կարգով պետք է հաշվառված լինի e-work.am հարթակում, որտեղ նշում կատարելուց հետո ինքնաշխատ եղանակով տվյալ անձի՝ ծրագրի պահանջներին համապատասխանության վերաբերյալ տեղեկատվությունն արտացոլվում է հարթակում՝ տվյալների շտեմարանների փոխգործելիությամբ անձի տվյալների համադրման միջոցով։ Առաջարկը կատարվել է՝ հաշվի առնելով այն, որ «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման համակարգում» առկա տեղեկատվության հիման վրա հնարավոր չէ ստանալ հավաստիացում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունում, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունում, Ազգային անվտանգության ծառայությունում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում, Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում և այնպիսի մարմիններում, որոնց աշխատողների մասով գործում է տեղեկատվության սահմանափակ հասանելիության ռեժիմ, աշխատանքային գործունեություն իրականացնելու մասին։ Որոշմամբ առաջարկվում է սահմանել, որ դրամաշնորհը կտրամադրվի գործարար ծրագրով նախատեսված գումարի 30%-ի չափով շահառուի կողմից ներդրում կատարելը հավաստվելուց հետո, ընդ որում, շահառուի կողմից ներդրումները կարող են լինել դրամական կամ գույքային (հիմնական միջոցներ, տարածքի տրամադրում)։

