Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային, որն ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում։
Նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին պաշտոնավարման ընթացքում կատարած աշխատանքի և հայ-հնդկական հարաբերությունների զարգացմանն ուղղված ջանքերի համար։ Վահագն Խաչատուրյանն ընդգծել է, որ Հայաստանի և Հնդկաստանի միջև ձևավորվել են բարեկամական և վստահության վրա հիմնված հարաբերություններ, որոնք վերջին տարիներին ակտիվ զարգացում են ապրում։
«Մենք տարբեր բնագավառներում բավական ակտիվ համագործակցում ենք, այդ թվում՝ քաղաքական, մշակութային, տնտեսական: Ակտիվ է նաև միջկառավարական, միջխորհրդարանական մակարդակներում համագործակցությունը։ Մեծ վստահություն և հույս ունեմ, որ մեր հարաբերություններն առաջիկայում նոր մակարդակի կհասցնենք»,- նշել է նախագահը։
Դեսպան Նիլակշի Սահա Սինհան շնորհակալություն է հայտնել ընդունելության և գնահատանքի խոսքերի համար։ Նա ընդգծել է Հայաստանում իր դիվանագիտական առաքելության ընթացքում ձևավորված ջերմ և բարեկամական կապերի ու համագործակցության կարևորությունը։
Հանդիպման ընթացքում առանձնահատուկ շեշտվել է Հայաստանի և Հնդկաստանի միջև պաշտպանական բնագավառում ձևավորված սերտ և արդյունավետ համագործակցությունը՝ նշելով, որ այն դինամիկ զարգանում է և հանդիսանում է երկկողմ գործընկերության կարևոր ուղղություններից մեկը։
Կողմերն անդրադարձել են նաև տնտեսական, մշակութային, կրթական և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորություններին՝ կարևորելով առկա ներուժի լիարժեք օգտագործումն ու համատեղ ծրագրերի իրականացումը։
Մտքեր են փոխանակվել նաև Հայաստանի և Հնդկաստանի միջև ուղիղ ավիահաղորդակցության հնարավորությունների վերաբերյալ։ Նշվել է, որ ուղիղ թռիչքների իրականացումը կնպաստի երկու երկրների միջև զբոսաշրջային հոսքերի ավելացմանը, ժողովուրդների միջև շփումների և փոխադարձ ճանաչողության խորացմանը, ինչպես նաև տնտեսական և գործարար կապերի ակտիվացմանը։
Կարևորվել են վերջին տարիներին ակտիվացած բարձրաստիճան փոխայցելություններն ու տարբեր մակարդակներում կայացած հանդիպումները, որոնք նոր խթան են հաղորդում հայ-հնդկական հարաբերությունների զարգացմանն ու փոխադարձ վստահության ամրապնդմանը։
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում անցկացվելիք COP-17-ին։ Նախագահը կարևորել է համաժողովի նշանակությունը գլոբալ կլիմայական և բնապահպանական մարտահրավերներին միջազգային հանրության միասնական ջանքերով դիմակայելու տեսանկյունից։ Բարձր է գնահատվել Հնդկաստանի՝ բարձր մակարդակով պատվիրակության մասնակցության պատրաստակամությունը համաժողովին՝ ընդգծելով, որ Հնդկաստանի ներգրավվածությունը կարևոր է համաշխարհային օրակարգի այս առանցքային հարցերի շուրջ համագործակցության խորացման համար։


