Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանը ոչ մի առնչություն և ազդեցություն չունի Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցների հարցում: Այս մասին իններորդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանի շրջանակում Կառավարության 2026-2031 թվականների ծրագիրը ներկայացնելիս իր ելույթում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հասկանալի է, որ մենք խնդիր չունենք նաև այն փաստի հետ, որ Հայաստանի երկաթուղին գտնվում է «Ռուսական երկաթուղիների» կառավարման ներքո. սա մեզ համար որևէ խնդիր չի եղել, և մենք երբեք այս թեմային չենք անդրադարձել: Ընդ որում՝ երկաթուղին Հայաստանի սեփականությունն է և ընդամենը գտնվում է «Ռուսական երկաթուղիների» կառավարման ներքո, ու մենք ոչ մի խնդիր չունենք այս փաստի հետ: Մենք մեծագույն հարգանքով ենք վերաբերվում ՌԴ-ին և նրա շահերին, բայց Հայաստանի երկաթուղին ռուսական կառավարման ներքո լինելու պատճառով հիմա մենք կանգնած ենք Հայաստանը միջազգային երկաթուղային ցանցին ինտեգրելու պատմական այս հնարավորությունը կորցնելու վտանգի առաջ:
Մենք չենք կարող մեզ թույլ տալ կորցնել պատմական այդ հնարավորությունը, այս է պատճառը, որ ՌԴ մեր գործընկերներին խնդրում ենք ճկունություն ցուցաբերել և կոնցեսիայի իրավունքը վաճառել ՀՀ-ի և ՌԴ-ի համար ընդունելի երրորդ երկրի: Ընդ որում ՝ բոլորիդ ուշադրությունն եմ հրավիրում այն փաստի վրա, որ այս հանգամանքներում ավելի է ակտիվացել Կարս-Դիլիջու, այսինքն՝ Կարսից Նախիջևան երկաթուղու կառուցման ընթացքը:
Հասկանալի է, որ մենք չենք կարող արգելել կամ արգելակել այդ երկաթուղու կառուցումը, պետք է առերեսվենք այն փաստի հետ, որ Երասխ-Ախուրիկ երկաթուղին պետք է մրցակցի Դիլիջու-Կարս երկաթուղու հետ, և սրա համար մենք պետք է հնարավորինս արագ Երասխ-Ախուրիկը բերենք մրցակցային լավ վիճակի, հետագայում էլ ապահովենք երկաթուղու կողմից ծառայությունների բարձր որակն ու մրցունակ գինը: Եվ ահա այս ամենի կարևորության գիտակցումն է, որ հանգեցրել է Կառավարության քննարկվող ծրագրի հետևյալ ձևակերպմանը, որը կարող եք գտնել ծրագրի 4-րդ բաժնում:
«Երկաթուղու հավատարմագրված կառավարման համակարգը վերանայվելու է այնպես, որ չխոչընդոտի ՀՀ միջազգային տրանսպորտային համակարգի ինտեգրման պատմական այն հնարավորության իրականացմանը, որը ստեղծվել է»:
Մենք շարունակելու ենք աշխատանքն այս ուղղությամբ, և ՌԴ մեր գործընկերներին կրկին խնդրում եմ հնարավորինս արագ հասնել այս խնդրի բարեկամական լուծման»,- ասաց նա:


