Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Երևանում մեկնարկել են ՈւԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի նախնական փուլի E խմբի հանդիպումները։ Հայաստանի չեմպիոն «Յունիսպորտը» եվրոպական արշավը սկսել է վստահ և տպավորիչ հաղթանակով։
Օգոստոսի 26-ին կայացած առաջին տուրում մեր թիմն ուժերը չափեց էստոնական «Տալինի» հետ և մրցակցին որևէ շանս չտալով՝ հաղթեց 5:1 հաշվով։
«Յունիսպորտը» նախաձեռնությունը վերցրեց հենց մեկնարկից և առաջին կեսից հետո արդեն հաղթում էր 2 գնդակի առավելությամբ. աչքի ընկան Գարեգին Մաշումյանն ու Արթուր Մելքոնյանը:
Երկրորդ խաղակեսում հայկական թիմը շարունակեց ճնշումն ու զարգացրեց հաջողությունը։ Մրցակցի դարպասը գրավեցին նաև Ռաֆիկ Մելիքյանը, լեգեոնական Վիտինյոն և Միհրան Դերմենջյանը՝ ձևակերպելով վերջնական խոշոր հաշիվը: Էստոնական ակումբի կազմում հեղինակության միակ գնդակը խփեց Էրվին Ստուֆը։
Նշենք, որ E խմբի մյուս հանդիպումն աչքի է ընկել անհավանական արդյունավետությամբ. գերմանական «Վայլիմդորֆը» 13:1 հաշվով քարը քարի վրա չի թողել իսլանդական «Ռեյկյավիկից»։


