Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Մեր հասարակությունում կա ընտանեկան բռնություն երևույթը և ցավոք վերջին 2 տարիներին թվային առումով մեծացել է, ինչը կապում ենք նաև իրազեկման բարձրացման հետ»,-Zarkerak.am-ի հետ զրույցում ասաց «Կանանց աջակցման կենտրոն»-ի ծրագրերի տնօրեն Աննա Սաֆարյանը:
Հիշեցնենք, որ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի կողմից սկսվել է լայնամասշտաբ արշավ ընտանեկան բռնության դեմ, որի նպատակն է կանխարգելել բռնությունն ընտանիքում: Այդ ճանապարհին առաջին անհրաժեշտ քայլը, ըստ Հակոբյանի, ընտանեկան բռնությունը որպես ինքնուրույն հանցագործություն քրեականացնելն է։ Այս ամենի շրջանակում մշակվել է օրենսդրական նախագծերի փաթեթ, որով ընտանեկան բռնությունը կդիտարկվի առանձին հանցագործություն և բոլոր դեպքերը կդառնան հանրային մեղադրանքի առարկա:
Սաֆարյանի խոսքով՝ նախկինում ընտանեկան բռնությունը փակ էր, 4 պատի արանքում էր տեղի ունենում, շատերն ամաչում էին բարձրաձայնել, մտածում էին, որ դա նորմալ երևույթ է, բայց վերջին տարիներին իրազեկման արդյունքում մարդիկ սկսել են ավելի ու ավելի շատ ճանաչել երևույթն ու բարձրաձայնել դրա մասին. «Այս առումով առաջին տիկնոջ նախաձեռնած արշավը միայն կարելի է ողջունել, այն դրական ազդեցություն կարող է ունենալ, որովհետև այն մարդիկ, ովքեր լսում են, բնականաբար ավելի իրազեկված են լինում: Այս թեման միշտ արդիական է եղել, Աննա Հակոբյանն էլ իր ազդեցությունը կարող է ունենալ նման երևույթների վերհանման մասով»:
Աննա Սաֆարյանը նշեց, որ թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեբանական, թե՛ սեռական բռնությունը մեր իրականության մեջ կա. «Մեկը մյուսով է պայմանավորված, այսինքն, եթե կա բռնության մի տեսակը, եթե ուսումնասիրում ենք դեպքը՝ տեսնում ենք, որ նույն դեպքում մյուս տեսակներից էլ կան: 2024 թվականին, երբ «Ընտանեկան և կենցաղային բռնության» մասին օրենքում փոփոխություն տեղի ունեցավ, պաշտպանական մեխանիզմներն ավելի ուժեղացվեցին, հիմա, երբ օրինակ՝ կինը դիմում է ոստիկանություն, կիրառվում է ոստիկանության կողմից անհետաձգելի միջամտության որոշումը, որը մինչև 25 օր պաշտպանում է բռնարարի հետ ուղղակի շփումից, դրանից հետո պաշտպանական որոշման ժամկետն է մինչև 12 ամիս ժամկետով լինում, այսինքն՝ զոհն իրեն ավելի պաշտպանված է զգում: Իրավապահ մարմինների արձագանքն էլ է փոխվել, եթե մի քանի տարի առաջվա հետ ենք իրավիճակը համեմատում, չեմ ասում, որ իդեալական է, դեռ շատ խնդիրներ կան, բայց փոփոխություն նկատում ենք և այդ ամենը նպաստում է, որ կինն ավելի համարձակ լինի, բարձրաձայնի ու տեր կանգնի իր իրավունքներին, պաշտպանի իրեն ու իր երեխաներին»:
Անդրադառնալով ընտանեկան բռնությունն առանձին հանցագործություն դիտարկելու նախաձեռնությանը՝ Սաֆարյանն ասաց. «Մենք ակտիվ աշխատում ենք օրենսդիր իշխանության ներկայացուցիչների հետ: Այս պահի դրությամբ ընտանեկան բռնության հետ կապված տարբեր դրվագներ տարբեր հանցակազմերում կան ներառված, եթե առանձին հանցակազմ նախատեսվի՝ գուցե ավելի նպաստի, որ թվերի նվազման գնանք»:
Սաֆարյանն ընդգծեց, որ հստակ պետք է կարողանալ տարբերակել ընտանեկան բռնությունը. «Կարող են լինել թեթև կենացաղային վեճեր, նման վեճերն առօրյա կյանքում բոլորի հետ էլ լինում են, բայց այստեղ շատ կարևոր է, որ երբ կինը զգում է, որ իր իրավունքը որևէ տեղ սահմանափակվում է, ոտնահարվում է կամ իր նկատմամբ ինչ-որ տեսակի բռնություն է կիրառվում, երբ դիմում է իրավապահ մարմիններին, նրանք կարողանան ճիշտ գնահատել երևույթը, այսինքն՝ հստակ կարողանան ճանաչել ընտանեկան բռնությունը: Ընտանեկան բռնությունը մեկ օրում ի հայտ չի գալիս, միշտ նախապայմաններ, ազդակներ է ունենում, եթե ի սկզբանե ոչինչ չի արվում կանխարգելման համար, արդեն վեր է ածվում ավելի վտանգավոր երևույթի: Հիմնականում հենց լռությունն է բերում ընտանեկան բռնության շարունակականությանը, երբ տեսնում են՝ անպատժելիություն կա, տեսնում են, որ դա նորմալ է ընդունվում կնոջ կողմից, բնականաբար դա նպաստում է, որ բռնարարի մոտ այդ վարքն ամրապնդվի»:
Նրա խոսքով՝ հիմնականում գերակշռում են կանանց նկատմամբ ընտանեկան բռնության դեպքերը. «Երեխաների իրավունքի մասին օրենքում փոփոխություն է տեղի ունեցել. այն երեխաները, որոնք նույնիսկ տանը ներկա են լինում, համարվում են ընտանեկան բռնության ենթարկված երեխաներ: Երեխան համարվում է զոհ, որովհետև արդեն իսկ ականատես է լինում, լսում է ձայները և դա իր բացասական ազդեցությունն է ունենում երեխայի վրա: Եթե կինը դառնում է իրազեկված և հասկանում է, որ իր իրավունքները ոտնահարվում են մի միջավայրում, որտեղ ինքը պետք է առավել պաշտպանված իրեն զգա, գուցե ամուսնալուծվում է, որ հեռու մնա նման միջավայրից»:
Հարցին, թե արդյոք ինչ-որ երևույթի առկայությունը կարող է արդարացում համարվել ընտանեկան բռնության համար՝ Սաֆարյանն ասաց. «Ընտանեկան բռնությունը որևէ արդարացում չունի, շատերն այդ պահվածքը վերագրում են հոգեկան առողջության խնդիրներին, խմած լինելուն, կախվածություններին, դրանք միայն արտաքին ազդակներ են, որոնք նպաստում են այդ պահին դիտավորությունն առաջ բերելուն»:
Իսկ թե որքանով կարող է կապ ունենալ մարդու կրթվածությունը հարցը բարձրաձայնելու համատեքստում՝ Սաֆարյանը նշեց. «Մենք ունենք շահառուներ, որ և՛ բարձրագույն կրթություն ունեն, և՛ ընդհանրապես չունեն: Ընտանեկան բռնությունը կրթական ցենզ, պաշտոնական դիրք, սոցիալական դաշտում որևէ դիրք չի ճանաչում, դա կարող է տեղի ունենալ ցանկացածի ընտանիքում»:
Իսկ թե ինչի կարող է հանգեցնել լռությունը՝ մեր զրուցակիցը նշեց. «Ընտանեկան բռնության դեմ աչք փակելը կարող է հանգեցնել ընդհուպ մինչև մահվան: Հաճախ հարևանի տանն ենք լսում այդ ձայները, մտածում ենք՝ մեր գործը չի, չպիտի խառնվենք, բայց իրականում դա հասցնում է ցավալի իրավիճակի, եղել են դեպքեր, որ լռությունը, անտարբերությունը բերել են շատ ցավալի հետևանքների, դրա համար յուրաքանչյուր մարդ պետք է հասկանա, եթե ականատես է լինում ընտանեկան բռնության, պետք է բարձրաձայնի»:


