Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Գործնականում մենք բոլոր հնարավոր տեղերում, բոլոր հնարավոր ձևերով պետք է ճանապարհներ կառուցենք, որովհետև ավտոմեքենաների թիվն այնպիսին է, որ շուտով միջպետական և հանրապետական ճանապարհներին ենք խցանումներ ունենալու»։ Այս մասին Կառավարության նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՀ տարածքում նոր ավտոճանապարհներ կառուցելու վերաբերյալ որոշման նախագծին։
Վարչապետը նշեց, որ տարվա որոշակի ժամանակահատվածներում արդեն նկատելի են միջպետական ճանապարհներին գոյացած խցանումները, որոնցից խուսափելու համար ուղղակի պետք է այլընտրանքներ ստեղծել։
«Շատ դեպքերում այլընտրանքները կան, սակայն մարդիկ շարունակում են իներցիայով նույն ճանապարհներն օգտագործել։ Պետք է հնարավորություններ ստեղծել, որպեսզի մարդիկ Ա կետից Բ կետ տեղաշարժվելու համար այլընտրանքային տարբերակներ էլ ունենան»,— ասաց վարչապետը։
Փաշինյանը նաև ընդգծեց, որ կառուցվում է դեպի Բերդ խոշորացված համայնք տանող երրորդ ավտոճանապարհը։
«Այս ճանապարհը կառուցելով՝ մենք երեք ուղղությամբ բարձր մակարդակի ճանապարհ ենք ունենում դեպի Բերդ տանող։ Ընդ որում՝ խաղաղության միջավայրում ամենաշատ չօգտագործված պոտենցիալով համայնքներից մեկն է։ Այդ թվում՝ Ճամբարակն էլ։ Ճամբարակն էլ, Բերդն էլ տնտեսական ամենաշատ չօգտագործված պոտենցիալով համայնքներն են»,— ասաց վարչապետը։
Նա նաև հավելեց, որ համոզվածություն ունի, որ կատարվող նոր ներդրումներով առաջիկայում զբոսաշրջային ակտիվություն է սպասվում։


