Աշխարհը մտնում է նոր տեխնոլոգիական մրցավազքի փուլ, և դրա գլխավոր ճակատը դառնում է արհեստական բանականությունը։
Սեպտեմբերի 29-ին Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ տեղի ունեցած բարձր մակարդակի հանդիպմանը մեկ սեղանի շուրջ էր համախմբել աշխարհի առաջատար տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին՝ Իլոն Մասկ, Մարկ Ցուկերբերգ, Սունդար Պիչայ, Ջենսեն Հուանգ, Դարիո Ամոդեյը և Գրեգ Բրոքմանը։
Հանդիպման ուղերձը բավական հստակ էր։ Վաշինգտոնն արհեստական բանականությունը դիտարկում է ոչ թե պարզապես որպես հերթական տեխնոլոգիական նորարարություն, այլ որպես տնտեսական աճի, գիտական առաջընթացի, պետական կառավարման և ԱՄՆ-ի տեխնոլոգիական առաջնորդության առանցքային գործոն։
ԱՄՆ նախագահ Թրամփը՝ ԱԲ-ի զարգացումը համեմատել է արդյունաբերական հեղափոխության հետ՝ ընդգծելով դրա հնարավոր ազդեցությունը տնտեսության, աշխատանքի արդյունավետության, բժշկության և գիտության վրա։
Բայց այստեղ կա մեկ կարևոր հանգամանք։
ԱԲ-ի զարգացումը տեղի է ունենում ԱՄՆ-ի և Չինաստանի միջև ավելի լայն տեխնոլոգիական մրցակցության պայմաններում։ Այսինքն՝ հարցը միայն այն չէ, թե ով ավելի լավ արհեստական բանականություն կստեղծի։ Հարցն այն է, թե ով է ձևավորելու նոր տեխնոլոգիական դարաշրջանի կանոնները։
Միաժամանակ առաջանում է անվտանգության խնդիրը։ Որքան արագ է զարգանում ԱԲ-ն, այնքան ավելի մեծ են նաև դրա հնարավոր ռիսկերը։ Եվ հենց այստեղ էլ հանդիպման կարևոր արդյունքներից մեկը դարձավ «գերբանականության վերաբերյալ համաձայնագիրը»։
Տեխնոլոգիական ընկերությունները կամավոր պարտավորվել են ներդնել անվտանգության ներքին վերահսկողության մեխանիզմներ, գնահատել ռիսկերը, գործակցել անկախ արտաքին աուդիտորների հետ և ապահովել տնօրենների խորհրդի մակարդակով վերահսկողություն։
Իսկ հիմա մեզ համար կարևոր հարցը՝ որքանով է սա վերաբերում Հայաստանին։
Այս ամենը մեզ համար հեռավոր ամերիկյան տեխնոլոգիական պատմություն չէ։ Եթե աշխարհում փոխվում է տնտեսական և տեխնոլոգիական ուժի չափանիշը, Հայաստանը նույնպես պետք է հասկանա՝ որտեղ է իր տեղը այդ նոր իրականության մեջ։
Մենք չենք կարող մրցել ԱՄՆ-ի կամ Չինաստանի հետ ներդրումների և ռեսուրսների ծավալով։ Բայց փոքր երկիրը պարտադիր չէ, որ մեծի հետ մրցի նրա կանոններով։
Հայաստանի հնարավորությունը մարդկային կապիտալն է՝ տեխնոլոգիական մասնագետները, ինժեներական ներուժը, կրթությունը, գիտությունը և ՏՏ ոլորտում արդեն ձևավորված փորձը։
Հետևաբար Հայաստանի համար հարցը այն չէ, թե մենք կստեղծե՞նք աշխարհի հաջորդ ամենամեծ արհեստական բանականության համակարգը։ Հարցն այն է, թե կարո՞ղ ենք գտնել այն ոլորտները, որտեղ ԱԲ-ի նոր տնտեսության մեջ Հայաստանը կարող է ոչ միայն օգտագործող, այլև ստեղծող և արտահանող լինել։
Որովհետև հակառակ դեպքում ԱԲ-ի հեղափոխությունը մեզ մոտ պարզապես կգա պատրաստի արտադրանքի տեսքով։ Մենք կօգտագործենք ուրիշների ստեղծած համակարգերը, կվճարենք ուրիշների տեխնոլոգիաների համար և կրկին կհայտնվենք արժեք ստեղծողների ու արժեք սպառողների տարբեր կողմերում։
Իսկ ճիշտ քաղաքականության, կրթական համակարգի, գիտության և տեխնոլոգիական միջավայրի համադրման դեպքում այս փոփոխությունը կարող է Հայաստանի համար դառնալ հնարավորություն։
Աշխարհը հիմա ոչ թե սպասում է ապագային, այլ կառուցում է այն։
Եվ Հայաստանի համար ամենակարևոր հարցն այս պահին մեկն է՝ մենք այդ ապագան միայն օգտագործելո՞ւ ենք, թե՞ նաև մասնակցելու ենք դրա ստեղծմանը։
Մկրտիչ Իսրայելյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։


