Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Ամոթ է, որ մեր գյուղի կոլեկտիվի մեջ այսպիսի բան եղավ»: Zarkerak.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց Գեղարքունիքի մարզի Վարդաձոր համայնքի միջնակարգ դպրոցի տնօրեն Գևորգ Ներսիսյանը սեպտեմբերի 30-ին դպրոցում տեղի ունեցած միջադեպի մասին:
Հիշեցնենք, որ համացանցում տեսանյութ էր տարածվել, որում երևում էր, թե ինչպես է Վարդաձոր միջնակարգ դպրոցում ուսուցչուհին բռնություն կիրառել 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ՝ հարվածելով ու հրելով նրան։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ ուսուցչուհու նկատմամբ կայացվել է ձերբակալման որոշում:
«Որպես վկա շատ բան չեմ կարող խոսել, միայն կարող եմ ասել, որ ամսի 1-ին Երեխաների պաշտպանության թիմով նիստ է հրավիրվել, իրեն էլ գրավոր բացատրություն ու նկատողություն է տրվել»,-ասաց տնօրենը:
Ըստ նրա՝ հարցաքննության համար Քննչական կոմիտեից են ժամանել հոգեբանների հետ միասին, որոնք հանդիպումներ են ունեցել դպրոցի աշակերտների ու նրանց ծնողների հետ:
«Շոշափվում էր այնպիսի տեղեկություն, որ երեխան ասել է, որ նման բան էլի է տեղի ունեցել»,-ասաց տնօրենը:
Նրա խոսքով՝ դպրոցում նման միջադեպ առաջին անգամ է գրանցվել:
Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է ուսուցչուհին ապտակել աշակերտուհուն, Ներսիսյանը նշեց. «Ըստ իրեն աշակերտուհին հրել է իրեն ապա դուրս եկել, այդ պահին ինքն է գնացել դուրս, աշակերտուհին այդպիսով արհամարհական վերաբերմունք է ցույց տվել, հետո հարվածել է ու հրել, որի իրավունքը իհարկե չուներ: ԿԳՄՍ նախարարությունում քննարկվում է գործընթաց, որ ուսուցչի իրավունքներից զրկեն»:
Նշենք, որ Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ նշվում է, որ ուսուցչուհին դասի ժամանակ խոսելու համար ցուցափայտով հարվածել է աշակերտուհուն, որից հետո, երբ երեխան փախել է միջանցք, ուսուցչուհին դուրս է եկել և ձեռքով հարվածելով անչափահասին՝ քաշելով տարել է դասասենյակ:
Տնօրենը նաև նշեց, որ ուսուցչուհին ատեստավորված չի եղել:


