Գարնան համար ոչ սովորական ձմեռային այս եղանակը դժվար թե մոռացնել տա, որ, այնուամենայնիվ, գարուն է, և հեռու չէ ոռոգման սեզոնը։ Իսկ ոռոգումը թերևս հող մշակողի ամենածանր բեռն է իր աշխատանքում։ Իսկ վերջին տարիներին հենց այս խնդրի պատճառով շատերի աշխատանքը ինչպես ասում են՝ ջուրն է լցվել։ Վերջին շրջանի տեղումնառատ օրերը, թերևս հույս են ներշնչում, որ ոռոգման համար կենսական նշանակություն ունեցող ջրամբարներում լցվածության խնդիրը խիստ մտահոգիչ չի լինի։

Որքանո՞վ են լցված մեր ջրամբարները, արդյոք դրանց լցվածությունը բավարար է, պատրաստ ենք ոռոգման սեզոնին և առհասարակ ինչպիսի ջրամբարներ են պետք Հայաստանին։ Այս հարցերի շուրջ Zarkerak.am-ը զրուցել է ոլորտային պատասխանատուների և մասնագետի հետ։

Լևոն Ազիզյան
Ջրամբարները դեռ թերի են լցված
Ախուրյան, Արփի լիճ, Ապարան, Ազատ, Մարմարիկ․ Հայաստանի 5 խոշոր ռազմավարական նշանակության ջրամբարներում անցած տարվա նույն օրերի համեմատությամբ 35 միլիոն խորանարդ մետրով պակաս ջուր է ամբարված։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանի խոսքով, Ախուրյան և Արփի լիճ ջրամբարներում է, որ առավել քիչ է ջուրը։ Անցած տարվա համեմատությամբ Ախուրյանի ջրամբարում պակաս է 25 միլիոնով խորանարդ մետրով, Արփի լճում՝ 10 միլիոնով։ Մնացած ջրամբարներում նույն պատկերն է։

Մարմարիկի ջրամբար
Տեղումնառատ եղանակը՝ ջրամբարների լցվածության երաշխիք
«2000 մետրից բարձր հատվածներում ձնածածկույթի բավական բարձր է։ Եթե համեմատում ենք անցած տարվա հետ, մոտ կրկնակի անգամ ավել է։ Այս 4-5 օրերին բավական ինտենսիվ տեղումներ ենք սպասվում ձյան տեսքով՝ հատկապես լեռնային շրջաններում․ պատկերը բավական լավ է»,-Լևոն Ազիզյանն ասում է, որ եղանակային այս պայմաններում ջրամբարների լցածությունը բարձր ցուցանիշներով կապահովվի․ «Նախնական կանխատեսումներով Մարմարիկի և Ազատի ջրամբարներում կանխատեսում ենք 100 տոկոս լցվածություն, Ախուրյանի, Ապարանի ջրամբարներում՝ 70-75 տոկոս, Արփի լճում՝ 75-80 տոկոս»։

Ախուրյանի ջրամաբար
Մեր զրուցակիցը վստահեցնում է ՝ այս պահի դրությամբ ցուցանիշները դրական են․ «Բնության մեջ այսպիսի երևույթ կա․ ձնհալը պետք է ուղեկցվի անձրևով։ Եթե ապրիլին ձնհալը ուղեկցվի անձրևով, ապա անցյալ տարվա համեմատ ջրառատությունը մոտ 25-30 տոկոսով ավել կլինի»։ Ազիզյանը նշում է, որ բոլոր հուսադրող կանխատեսումներով գետերի և ջրամբարների լցվածության խնդիր չենք ունենա․ «Ապրիլ ամսին էլ տեղումները նորմայից բարձր են կանխատեսվում, միջին ջրառատության տարի կունենանք և ոռոգման խնդիրներ չենք ունենա»,- կարծում է մեր զրուցակիցը։

Ազատի ջրամաբար
Հայաստանի ջրամբարները
Ջրամաբարների վերաբերյալ մեր հարցմանն ի պատասխան Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություից հայտնեցին, որ տասնյակ ջրամբարներից պետական նշանակություն ունեն 24-ը, դրանցից են՝ Ախուրյան, Ապարան, Հալավար, Սևաբերդ, Դավիթ Բեկ, Ջողազ, Հախում, Տավուշ, Արփի լիճ, Թավշուտ, Ազատ, Զանգակատուն, Սպանդարյան և այլն։ Zarkerak.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին նաև, որ նշված ջրամբարների տեխնիկական վիճակը գտնվում է շահագործող/տնօրինող կազմակերպությունների մշտական հսկողության ներքո, անհրաժեշտության դեպքում իրականացվում են համապատասխան միջոցառումներ։

Հայաստանի ջրամբարները
Նոր ջրամաբարների կառուցումը քննարկվում է և իրագործվում
Նախարարությունից հայտնում են, որ տարբեր ժամանակահատվածներում քննարկվել են ջրամբարների կառուցման ծրագրերը։ Դրանք փոփոխությունների են ենթարկվել որոշ հետազոտությունների (հիդրոլոգիական, սեյսմիկ, տեխնիկատնտեսական հիմնավորումների) ոչ բավարար լինելու պատճառով։ Այժմ օրակարգում են փոքր և միջին ջրամբարների կառուցման ծրագրերը։ Նախագծման փուլում են Գեղարունիքում Արգիճիի և Աստղաձորի՝ 6․5 և 1․3 մլն խորանարդ մետր ծավալներով ջրամաբարները։
Վերջին տարիներին կառուցվում է նաև Վեդիի ջրամբարը․ աշխատանքներն ընթացքի մեջ են, պատվարի շինարարության ավարտը սպասվում է տարեվերջին։

Վեդու ջրամաբարի շինարարությունը
1988-իվ ի վեր անավարտ են Կապսի և Եղվարդի ջրամբարների շինարարությունը։ Նախարարությունից հայտնում են, որ Կապսի ջրամբարի նախագծային փաստաթղթերը նորացվել են, ներկայումս ընթանում է շինարարական աշխատանքների կապալառուի ընտրության մրցութային գործընթացը։ Եղվարդի ջրամբարի շինարարությունը վերսկսելու հարցը նախատեսվում է քննարկել առաջիկայում։

Կապսի ջրամբար
Ջրային ռեսուրների ճիշտ կառավարումը՝ մարտահրավեր
«Այսօր մենք այսօր ունենք 80-ից ավել գործող ջրամբարներ, սակայն դա բավարար չէ, մեզ շատ ջրամբարներ են պետք»,- ասում է ջրաբան Թրահել Վարդանյանը։ Նա ընդգծում է կարևոր խնդիր՝ մենք չունենք ջրային ռեսուրսների ճիշտ կառավարում, մասնավորապես՝ գետերի և ջրամաբարների։ Ջրաբանի խոսքով, գլոբալ փոփոխությունները բերելու են ջրային ռեսուրսների պատկերի փոփոխության, որի հետ ստիպված ենք հաշվի նստել․ «Սա բացասաբար է ազդելու տարածաշրջանի, ինչպես նաև Հայաստանի վրա։ Բոլոր ոլորտներում, թե ջրամբարաշինության, թե գետերի, թե ոռոգման,թե ջրային ռեսուրսենրի կառավարման հիմքում մենք պետք է ունենանք գլոբալ տաքացումը և դրա հետևանքները»։

Թրահել Վարդանյան
Հայաստանին պետք են փոքր ջրամբարներ․ ինչու՞
«Հայաստանի պարագայում ամենաօպտիմալ լուծումը փոքր և միջին ջրամբարներ կառուցելն է, առավելապես՝ փոքր»,- նկատում է ջրաբանը․ «Դրանք շատ հեշտ են կառուցվում,սեյսմիկ առումով վտանգ չեն ներկայացնում։ Նաև դրանք առավել հեշտ են լցվում»։

Սևաբերդի ջրամաբար
Թե Հայաստանի ջրային կարիքները բավարարելու համար մեզ քանի փոքր ջրամբար է պետք, մասնագետը հստակ թիվ դժվարանում է նշել։ Հիշում է․ «Դեռ Խորհրդային միության վերջին տարիներին նախագծված էր, որ 100-ից ավելի փոքր ջրամբարներ պետք է կառուցվեին»։

Վեդու ջրամբարի սպասվելիք տեսքը
Վարդանյանը նկատում է, որ փոքր ջրամբարների կառուցման տեսանելի օրինակներից է Վեդիի ջրամբարը․ «Վեդիի ջրամբարը կարծես թե պետք է շահագործման հանձնվի։ Այն չափազանց մեծ կարևորություն ունի Արարատյան դաշտի համար, այն շահագործելով 23 միլիոն խորանարդ մետրով ջուր պակաս բաց կթողնվի Սևանա լճից»,- ընդգծում է ջրաբանը։
Մարիամ Մկրտչյան


