Ավագ դպրոցի այսօրվա աշակերտները 20 տարի հետո Հայաստանի լոկոմոտիվն են լինելու․ արհեստական բանականությունը մտնում է ՀՀ դպրոցներ

Հայաստանյան և նաև արցախյան ավագ դպրոցների աշակերտների համար վիրտուալ հնարավորություններն  այս սեպտեմբերից իրական և շոշափելի կդառնան։  

«Արհեստական բանականություն»․ մտնելով դպրոցներ

«Արհեստական բանականություն» ամբողջությամբ թվայնացված դասընթացը նախաձեռնվել է ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի մասնաճյուղի կողմից։ Դասընթացը նախատեսված է ՀՀ և Արցախի ավագ դպրոցների աշակերտների համար։   

Դասընթացը ստեղծվել է «Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության» (ՏՀՏ ԳՄ) կողմից՝ Սինոփսիս ընկերության հիմնադրամի աջակցությամբ։ Դասընթացի բովանդակությունը մշակվել է Սինոփսիս Արմենիայի կրթական դեպարտամենտի կողմից, իսկ փորձագիտական գնահատումն իրականացրել են ՀԲԸՄ Սիլիկոնային hովտի մասնաճյուղի և ՏՏ ոլորտի առաջատար կազմակերպությունների մասնագետները։ ՏՀՏԳՄ-ի կողմից պատրաստված տեսադասերը ներդրվել են ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանի (AGBU AVC) կրթական էլեկտրոնային հարթակում: Հայկական վիրտուալ համալսարանը տրամադրելով իր հեռավար ուսուցման e-հարթակը՝ ապահովելու և կազմակերպելու է դպրոցներում ուսուցման ողջ գործընթացը՝ էլեկտրոնային ուսուցման (e-learning) հեռավար հիբրիդ եղանակով։

Տեսադասեր․ հաղթահարելով հեռավորությունը

«Արհեստական բանականություն» դասընթացը  բաղկացած է տեսադասերից, ունի հարուստ մուլտիմեդիա բովանդակություն՝ հագեցած էլեկտրոնային ուսուցման արդիական լուծումներով, ինչը ուսուցման ինտերակտիվության և սովորողների ակտիվ մասնակցության հնարավորության շնորհիվ կապահովի կրթական գործընթացի արդյունավետությունը։ Դասընթացը երեք տարվա ծրագիր է՝ նախատեսված ավագ դպրոցների համար, ներառում է թեստավորման մաս, ինտերակտիվ հարցեր և նախագծային աշխատանք։ Արդեն իսկ  պատրաստ է ավագ դպրոցի 10-րդ դասարանի դասընթացը, որը բաղկացած է 15 տեսադասից և ունի ինտերակտիվ թեստեր։  Սկսվել են  նաև ավագ դպրոցի 11-րդ դասարանի համար «Արհեստական բանականություն» դասընթացը ստեղծելու աշխատանքները։ «Մենք չցանկացանք կրթական ծրագիրը 0-ից ստեղծել»,-Zarkerak.am-ի հետ զրույցում ասում է «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանը․ «Ուսումնասիրեցիք Սիլիկոնյան հովտի փորձը, թե այլ ավագ  դպրոցներում  ինչպես են արհեստական բանականությունը սովորեցնում և դրանից օգտվեցինք։ Ստացվածը հարմարեցրինք Հայաստանի դպրոցական ծրագրին»։

Զորյանի խոսքով, Հայաստանն ունի ոլորտային ուսուցիչների խնդիր և այս պարագայում լավագույն տարբերակը ուսուցման առցանց տարբերակն էր․  «Սա նրա համար, որ կարողանանք  հասնել բոլոր դպրոցներին։ Եթե օնլայն ես դասավանդում, կարող ես մինչև վերջին գյուղն էլ հասնել»։

Մենք բոլորս արհեստական բանականության օգտագործողներն ենք

«Եթե ուզում ենք Հայաստանում և ամենուր իսկապես արհեստական բանականության օգուտները քաղել,ապա  2 տեսակի գործողություն պետք է անենք։ Առաջինը՝ կարող ենք  արհեստական բանականությունը մեր ծրագրերի մեջ օգտագործել, հատկապես ՏՏ ոլորտում՝ նորություններ և նորարարություններ բերելու համար»,- խոսելով արհեստական բանականության կարևորության և այն դպրոցական ծրագրում ներառելու մասին ընդգծում է Երվանդ Զորյանը, հետո մատնանշում հաջորդ գործողությունը․ «Պետք է  արհեստական բանականության ենթակառույցներ ստեղծել։ Ոլորտում հաջողելու համար մենք կարիք ունենք ամեն տեղ  ենթակառույցներ ստեղծելու և դրանք պետք է դառնան աշխարհի համար  այն հարթակները, որոնցից կարող են արհեստական բանակությամբ հետաքրքրված մարդիկ օգտվել»։

 

Մեզ մարդիկ են պետք՝ դպրոցներից

«Արհեստական բանականությունն  օգտագործելու համար մենք պետք է պատրաստենք ոլորտում աշխատելու ունակ տարբեր ուղղվածություններով մասնագետներ»,-  ասում է Զորյանը՝ նկատելով, որ թեև ՏՏ ոլորտի զարգացման պլանները լավ հեռանկարներ ունեն, բայց մենք արհեստական բանականության թեթև օգտագործողներն ենք, մինչդեռ ոլորտը շատ առավել խորքային հնարավորություններ ունի․ «6-7 տեսակ մասնագետների կարիք ունենք արհեստական բանականության հնարավորությունները ամբողջապես օգտագործելու համար»,- մեր զրուցակցի խոսքով, պետք է սկսել այս մասնագետներին պատրաստել դեռ դպրոցում․« Բավարար չէ արհեստական բանականության մասին գիտելիքներ տալ միայն  համալսարարանի մակարդակում։

Դրա համար էլ  որոշեցինք կրթական ծրագիրը դպրոցներ տանել»,- ասում է Զորյանը և հավելում, որ դպրոցականները արհեստական բանականություն կուսումնասիրեն ելնելով տարիքային առանձնահատկություներից, իրենց տարիքի համար նախատեսված օրինակներով։ Արհեստական բանականությունը դպրոց մտցնելու գործընթացը հնարավորրինս արդյունավետ դարձնելու համար դասընթացի կազմակերպիչներն իրենց առաջ մի խնդիր էլ են դրել․ «Չէինք  ցանկանում, որ սա լինի արտադպրոցական ծրագիր, սկսվի դասերից հետո, որպեսզի չլինի փոքր թիմի համար, այլ լինի յուրաքանչյուրի համար»,- ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ աշխատանքի կարևոր մասն էլ այն էր, որ դասընթացը ներառվի դպրոցական ծրագրում, միևնույն ժամանակ լինի ընտրովի։  

Արհեստական բանականությունը սլանում է նախ Արցախ

Շուտով դասընթացի պիլոտային մեկնարկի առաջին ակորդը կտրվի Արցախում․ «Հիմա արդեն  2 կենտրոն կա՝ մեկը Ստեփանակերտում, մյուսը Մարտակերտում։ Համակարգիչներով հագեցած դասարանները պատրաստ են։ Այս գարնանը  կսկսենք դասավանդել 10-րդ դասարանի ծրագրով»,- ասում է Երվանդ Զորյանը․ «Առաջին խնդիրը Արցախում տեխնոլոգիական ոլորտը զարգացնելն է, երկրորդը՝  առցանց դասավանդումը քաջալերելը»։ Հատկապես արցախցի դպրոցականները պետք է լավ յուրացնեն արհեստական բանականության ոլորտը, քանի որ, ըստ Զորյանի՝ արհեստական բանականությունը պաշտպանական ոլորտը, ռազմարդյունաբերությունը զարգացնելու կարևոր խթան է։

Իսկ ակնկալիքները հավակնոտ են

Մեր զրուցակցի խոսքով, դասընթացի գլխավոր ակնկալիքը նոր սերնդին  նոր աշխարհի համար պատրաստելը, այդ աշխարհը բացահայտելու համար համապատասխան գործիքներով հագեցնելն է։ Լինել զինված և պատրաստված նոր աշխարհում ապրելու և աշխատելու համար․ արհեստական բանականությունը բացահայտելը հայ աշակերտներին  կօգնի համալրել այդ զինված անհատների շարքերը։   

«Երիտասարդներն ավագ դպրոցում արդեն հնարավորություն  կունենան ծանոթանալու արհեստական բանականությանը և  ոչ միայն ծանոթանալու, այլ նաև  մուլտիմեդիա միջոցներով  սովորելու,  ձիրքեր և հմտություններ ստանալու։Հասկանալու՝  ինչպես կարելի է օպտիմալ լուծումներ գտնել ծրագրային փաթեթների օգնությամբ»,- դասընթացի սպասվող արդյունքներից  է  խոսում Սինոփսիս Արմենիա ընկերության Հանրային կապերի և հաղորդակցության ղեկավար Գայանե Մարկոսյանը․ «Երբ դու  տվյալների հիման վրա վճիռ ես կայացնում, դու միայն քո ուղեղն ես օգտագործում, իսկ արհեստական բանականության օգտագործմամբ վճիռ կայացնելու դեպքում դու օգտագործում ես  ալգորիթմներ, որոնք իրենց մեջ միավորում են միլիոնավար ուղեղների  փորձառություն, մտածելու ձև և արդյունք»։

«Եթե մենք մեր երիտասարդներին  կրթում ենք այս ոլորտում, նրանք դառնում են կենտրոններ, միջուկներ, որոնք տարբեր ոլորտներ զարգացնողներն են դառնալու, և ես կարծում եմ, որ դա ամենակարևորն է»,- ընդգծում է Գայանե Մարկոսյանը․ «Մեր երկրում  խաղաղությունն ապահովելու, պաշտպանվածությունը մեծացնելու ամենակարևոր միջոցը տեխնոլոգիաների զարգացումն է, իսկ կրթությունը ամեն ինչի  հիմքում է։ Ցանկացած նոր արտադրանքի և գործիքի ստեղծում, որը կրթական համակարգը զինում է,  անփոխարինելի ներդրում է, իսկ կրթությունը ներդրում է է ապագայի մեջ»։

Գայանե Մարկոսյանը վստահ է․ «Ավագ դպրոցի այսօրվա աշակերտները 20 տարի հետո Հայաստանի լոկոմոտիվն են լինելու»։

 

 

Մարիամ Մկրտչյան

28 Մարտ, 2022 17:30
Վեր