Ագրարային համալսարանը մասնագիտությունները գրավիչ դարձնելու առաջարկ է ներկայացրել ԿԳՄՍՆ․ որոնք են դիմորդների թվի նվազման պատճառները, ի՞նչ լուծումներ են անհրաժեշտ Zarkerak - Ագրարային համալսարանը մասնագիտությունները գրավիչ դարձնելու առաջարկ է ներկայացրել ԿԳՄՍՆ․ որոնք են դիմորդների թվի նվազման պատճառները, ի՞նչ լուծումներ են անհրաժեշտ
Zarkerak Zarkerak - Ագրարային համալսարանը մասնագիտությունները գրավիչ դարձնելու առաջարկ է ներկայացրել ԿԳՄՍՆ․ որոնք են դիմորդների թվի նվազման պատճառները, ի՞նչ լուծումներ են անհրաժեշտ
Ագրարային համալսարանը մասնագիտությունները գրավիչ դարձնելու առաջարկ է ներկայացրել ԿԳՄՍՆ․ որոնք են դիմորդների թվի նվազման պատճառները, ի՞նչ լուծումներ են անհրաժեշտ

Ագրարային համալսարանը մասնագիտությունները գրավիչ դարձնելու առաջարկ է ներկայացրել ԿԳՄՍՆ․ որոնք են դիմորդների թվի նվազման պատճառները, ի՞նչ լուծումներ են անհրաժեշտ

«Պաշտոնական տվյալի համաձայն, այս տարվա հայտագրված դիմորդների ընդհանուր թիվը կազմել է 13.887, միասնական քննություններին մասնակցել են 11.587 դիմորդ: 2022-2023 ուսումնական տարում բուհ է ընդունվել  9729 դիմորդ, որից 1670-ը՝ անվճար: Թափուր տեղերի քանակն է՝ 14158, որից 13900՝ վճարովի, 258-ը՝ անվճար»,- այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսում ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Լուսինե Գրիգորյանը:

Դիմորդների թվի նվազման և անվճար տեղերի թափուր մնալու խնդրի հետ կապված՝  Zarkerak.am-ը զրուցեց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի հետ. «Դիմորդների թվի նվազումը մի քանի պատճառ ունի: Առաջինն այն է, որ մենք անցանք 12-ամյա կրթության և հենց այս համակարգի ներդրումից հետո անմիջապես սկսվեց դիմորդների թվի էական նվազում: Երեխաները դպրոցում երկար սովորելու պարագայում այլևս ցանկություն չեն հայտնում բուհում կրթությունը շարունակելու: Այստեղ մի ուրիշ զարգացում էլ եղավ՝ Հայաստանի աշխատաշուկայում բացվեցին աշխատատեղեր, որոնք պահանջում են ցածրորակ աշխատուժ: Օրինակ՝ հիմա տեսնում ենք, որ Երևանում սրճարանները, սուպերմարկետները բազմապատկվում են և ահա այս ոլորտնեին պետք են 17-18 տարեկան երեխաներ, որոնք ցածր գումարով կաշխատեն: Հիմա, երբ երեխան ավարտում է 12-րդ դասարանը, նախընտրում է գնալ, նմանատիպ տեղերում  աշխատել, ստանալ ամիսը 100000 դրամ աշխատավարձ և այս պարագայում արդեն սկսում է գնահատել իր շանսերը: Նա մտածում է, որ բարձրագույն կրթություն ստանալու վրա գումար ծախսելու փոխարեն, ավելի լավ է մնա և սուպերմարկետում աշխատի: Սա բավական մեծ թվով շրջանավարտների է ներգրավվում, նրանք գումարը չեն ուզում փոխարինել դիպլոմի հետ, այս սերունդն ավելի պրագմատիկ է մտածում: Մյուս պատճառն այն է, որ շատ երեխաներ, ավարտելով հայտնի դպրոցներ, հեշտությամբ կարող են միանգամից ընդունվել աշխարհի տարբեր հայտնի բուհեր, այս պատճառով էլ է պակասում դիմորդների քանակը»:

Սերոբ Խաչատրյան

Խաչատրյանի խոսքով՝ այս գործընթացի վրա ազդում է նաև ներկայումս Երևանում և՛ բնակարանների վարձերի, և՛ ուսման վարձերի թանկացումը. «Մարզերից եկող ուսանողները դժվարանում են վարձերը վճարելու հետ կապված, թեկուզ եթե անվճար ընդունվեն, միևնույնն է բնակարանների գներն այնքան են թանկացել, որ հնարավոր է շատերը հնարավորություն չունենան վճարելու դրանք: Սա ևս իր մեծ ազդեցությունն է ունենում դիմորդների թվի նվազման և անվճար թափուր տեղերի վրա»,- ասում է նա և հավելում, որ այս մի քանի գործոնները գումարվում են իրար և ունենում ենք նմանատիպ պատկեր:

Կրթության փորձագետը նշում է, որ տեղի է ունեցել նաև դիմորդների բևեռացում. «Ավելի շատ դիմորդներ գնում են մրցակցային ֆակուլտետներ՝ բժշկություն, ինֆորմատիկա, իրավաբանություն, միջազգային հարաբերություններ, իսկ ահա մյուս թևը՝ ավելի գիտություններ, գյուղատնտեսություն, մանկավարժություն արդեն դատարկվում են: Դա է նաև պատճառը, որ հսկայական թվով պետպատվերով տեղեր են թափուր մնում: Մեր այսօրվա խնդիրն այն է, որ նաև պետպատվեր չենք կարողանում լրացնել: Իսկ ինչ վերաբերում է անվճար տեղերին, ապա դրանք այնպիսի ֆակուլտետներում են թափուր մնում, որոնք աշխատաշուկայում գրավիչ չեն»:

Սերոբ Խաչատրյանն առանձնացնում է նաև ֆինանսների և պահանջների խստացման հետ կապված խնդիրները. «Ժամանակին, երբ Ագրարային համալսարանում առանց քննության էին ընդունվում, որոշները գալիս էին, բայց հենց խստացրին, դարձրին երկու քննություն, արդեն դիմողների թիվը պակասեց և ով էլ դիմեց, չկարողացավ սահմանված շեմը հաղթահարել: Մեր խնդիրն այն է, որ ունենալով դիմորդների թվի նվազում, խստացրինք պահանջները: Նույն անասնաբուժությունը շատ կարևոր մասնագիտություն է, բայց վարձատրությունը շատ ցածր է, կամ մանկավարժությունը, որը ծանրագույն աշխատանք է, էլի ցածր են վարձատրում, դրա համար ոչ ոք չի ուզում նման դժվար աշխատանք կատարել»:

Խաչատրյանը կարծում է, որ նման խնդիրների պարագայում մանր լուծումները չեն փրկի. «Այսօր նույնիսկ չի օգնի այն, որ մենք տվյալ մասնագիտություններում կրթությունը դարձնենք անվճար: Պետք է գլոբալ հասարակական լուծումներ գտնել,  պետք է մեր քաղաքական, տնտեսական, կրթական ինստիտուտները  սկսեն աշխատել: Հասարակությունը պետք է զարգանա, որ նաև այս փոփոխությունները կարողանա իրագործել»:

Իսկ ինչ վերաբերում է բուհական կրթության մակարդակին, ապա կրթության փորձագետն ասում է, որ  այժմ բուհերն էլ չեն տալիս այն կրթությունը, որի պահանջը կա և որը կհետաքրքրի բուհ ընդունվող ցանկացողներին. «Բուհերի և ԿԳՄՍ նախարարության միջև պետք է լինի համագործակցություն: Համալսարաններն իրենց քայլերը պետք է անեն, դրան զուգահեռ պետությունն էլ պետք է միջավայր փոխի: Երբ մարդիկ տեսնում են, թե ինչ աշխատավարձեր են ստանում դատավորները, դատախազները, քննիչները, էլ ո՞վ կուզի ուսուցիչ դառնալ: Պետությունը պետք է այնպես անի, որ կարողանա այն ոլորտներին, որտեղ աշխատավարձերը ցածր են, ռեսուրսներ տալ»:

Անդրադառնալով այն  հարցին, որ այժմ երիտասարդները հիմնականում ընտրում են ոչ ֆորմալ կրթությունը՝ Խաչատրյանը դա նորմալ համարեց և նշեց, որ նրանք ցանկանում են կարճ ժամանակահատվածում ձեռք բերել հմտություններ և արագ մտնել աշխատաշուկա:

Փորձեցինք տեղեկատվություն ստանալ նաև Հայաստանի ազգային ագրարային համալսարանից. «2022-2023 ուսումնական տարում Ագրարային համալսարանին հատկացվել է առկա ուսուցման 930 անվճար և  վճարովի տեղ։ Բուհն այս տարի ունեցել է 192 դիմորդ, որոնց կեսը՝ 97 դիմորդ, նախընտրել է ընդունվել Ագրոբիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետ։ Հիմնական փուլով համալսարան է ընդունվել 38-ը, լրացուցիչ փուլով ընդունվել է ևս 2 դիմորդ, այսպիսով առկա ուսուցման համակարգ ընդունված դիմորդների վերջնական թիվը 40-ն է։ Անշուշտ, ակնկալում ենք հեռակա համակարգով ընդունվող դիմորդների շատ ավելի մեծ, անցյալ ուսումնական տարվա ցուցանիշին (ավելի քան 400) համարժեք թիվ»,- մեզ հետ զրույցում ասաց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի  լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչ Սոս Ավետիսյանը:

Իսկ թե որ մասնագիտություններն են թափուր մնացել, Ավետիսյանը նշեց, որ 18 մասնագիտություններից 11-ում որևէ դիմորդ չի ընդունվել․ այդ մասնագիտություններն են՝

1․ Ագրոնոմիա,սելեկցիա և գենետիկա

2․ Ագրոարդյունաբերության տեխնոլոգիաներ

3. Ճշգրիտ գյուղատնտեսություն

4. Կենդանագիտություն և կենսատեխնոլոգիա

5. Տրանսպորտային և լոգիստիկ համակարգեր

6. Մեքենասարքավորումների ճարտարագիտություն

7. Ագրոէկոլոգիա

8. Անասնաբուժական-սանիտարական փորձաքննություն

9. Սննդամթերքի անվտանգություն

10. Հողային և ջրային ռեսուրսների ճարտարագիտություն

11. Անտառային տնտեսություն և բնակավայրերի կանաչապատում

Ավետիսյանի խոսքով՝ դիմորդների անընդհատ նվազող թիվn առաջին հերթին օբյեկտիվ գործոններով է պայմանավորված. «Այս խնդիրը պահանջում է համալիր պետական մոտեցում և լուծում մի երկրում, որտեղ գյուղատնտեսությունը հռչակված է որպես տնտեսության գերակա ոլորտ։ Ագրարային համալսարանի բուն ագրարային մասնագիտությունները գրավիչ դարձնելու ուղղությամբ համալսարանում ստեղծված են բոլոր պայմանները, վերջին 4 տարիներին հիմնովին բարեփոխվել և միջազգային չափորոշիչների են բերվել ուսումնական պլաններն ու առարկայական ծրագրերը, հիմնվել են լաբորատոր, ուսումնահետազոտական արդիական և գերարդիական ենթակառույցներ, ստեղծվել է ուսանողակենտրոն խիստ բարենպաստ միջավայր և այլն։ Ուստի, մասնագիտությունների գրավչությունը մեծացնելու գործում անելիքներից մեկը բարեփոխումների և ագրարային մասնագիտությունների կարևորության մասին իրազեկության բարձրացումն է»:

Ավետիսյանը նշում է, որ տարիներ առաջ որոշ մասնագիտությունների գծով առանց ընդունելության քննությունների ընդունվելու արտոնությունը, որն այժմ վերացված է, լրջորեն վնասել է Ագրարային համալսարանի հեղինակությունը. «Հասարակության որոշակի շերտեր տարիներ շարունակ Ագրարային համալսարանը համարել են այլ բուհերի դուրս մնացած դիմորդների համար «ապաստանելու» հնարավորություն տվող հաստատություն։ Այսօրվա իրականությունը մինչդեռ այլ է՝ այսօր Ագրարայինում տալիս են ժամանակակից, միջազգայնորեն մրցունակ կրթություն»։

Սոս Ավետիսյանի խոսքով՝ մասնագիտությունները գրավիչ դարձնելու այս պահի լուծումներից մեկը կարող է լինել նվազագույն շեմին մոտ ցուցանիշ ապահոված դիմորդներին բուհի միջոցներով վերապատրաստելը և լրացուցիչ քննություն հանձնելու հնարավորություն տալը, ըստ Ավետիսյանի՝ այս առաջարկով համալսարանը դիմել է ԿԳՄՍ նախարարությանը։

 

Աննա Բզնունի

03 Օգոստոս, 2022 15:47
Վեր