Այս տարի ևս կիրառվել է մեկ մասնագիտություն, մեկ բուհ սկզբունքը, որն իրենից ենթադրում էր, որ դիմորդը հիմնական առաջին փուլում հայտագրում էր մեկ բուհ և իր նախընտրած մեկ մասնագիտությունը, և լրացուցիչ փուլով մենք հնարավորություն էինք տալիս հիմնական փուլի մրցույթը չհաղթահարած դիմորդներին դիմելու և համալրելու թափուր մնացած տեղերը՝ դրական միավորներ ստանալու և համապատասխան ընդունելության առարկայական քննությունների համապատասխանության դեպքում: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսում ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Լուսինե Գրիգորյանը:
«Մեկ փոփոխությունն էլ այս տարի. ընդունելության քննությունները սահմանված են եղել բոլոր բուհերում միասնական չափանիշներով, երկու միասնական քննության պարտադիր պայմանով, ինչպես նաև, նույն մասնագիտությունների համար, նույն մուտքային պայմաններով»,- ասաց Լուսինե Գրիգորյանը։
Նա ներկայացրեց նաև վիճակագրական տվյալներ: Ըստ այդմ,այս տարվա հայտագրված դիմորդների ընդհանուր թիվը կազմել է 13,887, միասնական քննություններին մասնակցել են 11,587 դիմորդ: Միասնական քննությունների արդյունքով բուհ են ընդունվել՝ առաջին և երկրորդ փուլերի արդյունքում, մոտ 9729 դիմորդներ: Հատկացված ավելի քան 1900 անվճար տեղերից համալրվել են 1670-ը: Ընդհանուր առմամբ, թափուր է մնացել 22 հազար տեղից, մոտ 16 հազար տեղ:
«Թափուր տեղերի մասով , ուզում եմ նշել, որ հիմնականում ոչ պետական բուհերի մասնակցությունն է դրանում մեծ: Ոչ պետական բուհերի համար հատկացված են եղել 7500 տեղ, որից համալրվել են 131-ը»,- նշեց նա:
Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս մրցույթը հիմնականում մի քանի մասնագիտությունների շրջանակում է իրականացել՝ իրավագիտություն, բուժական գործ, ստոմատոլոգիա, միջազգային հարաբերություններ, հանրային կառավարում և կիրառական մաթեմատիկա: Նախորդ տարվա համադրությամբ որևէ էական փոփոխություններ չեն եղել:
«Թափուր են մնացել մասնագիտություններ, որոնք առաջնային են, պահանջարկ ունեն աշխատաշուկայում, սակայն նույնիսկ անվճար տեղ հատկացնելու դեպքում մնացել են թափուր: Դրանք հիմնականում վերաբերում են բնագիտական մասնագիտություններին: Հիմնական թափուր տեղերը մնացել են Ագրարային համալսարանում, որտեղ ընդունվել է 40 ուսանող, օրինակ՝ հողային և ջրային ռեսուրսների ճարտարագիտություն, պարենամթերքի տեխնոլոգիա, ագրոէկոլոգիա, կենդանագիտություն, կենսատեխնոլոգիա, անասնաբուժություն և այլ մասնագիտությունները, ԵՊՀ-ում ևս կան թափուր տեղեր, օրինակ՝ աշխարհագրության, երկրաբանության, քիմիայի, քիմիական տեխնոլոգիաներ մասնագիտությունները մնացել են թափուր: Մանկավարժական համալսարանում թափուր են մնացել օրինակ՝ սուրդոմանկավարժություն, մշակութաբանություն, գրադարանային տեղեկատվական աղբյուրներ և այլ մասնագիտություններ»,- նշեց ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչը:


