Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Շուրջ 30 տարի Հայաստանի Հանրապետության կողմից հայտեր չեն ներկայացվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում մեր պատմամշակութային որևէ հուշարձան ընդգրկելու համար, և մենք մեկնարկել ենք այս աշխատանքն ու այն դարձրել մեր ամենօրյա աշխատանքը։ Այդ մասին խորհրդարանում՝ Ազգային ժողովում, բյուջետային քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նրա խոսքով՝ այդ աշխատանքի շնորհիվ մենք վերջին երեք տարիներին չորս հայտ ենք ներկայացրել։
«Հայտերի պատրաստումն իրականում բավական ժամանակատար է․ պետք է պեղումներ արվեն, համապատասխան հոդվածներ տպագրվեն, ամբողջական գիտական հայտ պատրաստվի, որը նաև կկարողանանք ներկայացնել ՅՈՒՆԵՍԿՕ-ին, և այդ աշխատանքը շարունակաբար արվում է շատ մեծ թիմերի ընդգրկմամբ։
Ես ուրախ եմ, որ մենք այս պահին էլ բավականին լուրջ աշխատանքներ ենք իրականացնում։ Առաջիկայում նախատեսում ենք ներկայացնել Արտաշատ մայրաքաղաքի և Սյունիքի մարզի ժայռափոր բնակավայրերի հայտերը, որոնք մշակման ընթացքում են։ Պլանավորում ենք նաև մեր բերդերից Լոռի բերդի հայտը ներկայացնել և այսպիսով նաև մեր պետականության խորհրդանիշն ամրագրել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում»,– հայտնեց ԿԳՄՍ նախարարը։
Այս տարի, ըստ նախարարի, կատարված աշխատանքների արդյունքում «Արենի 1 (Թռչունների քարայրը), նախնադարյան կյանքը և գինեգործությունը Արփա գետի կիրճում» հայտն է ներկայացվել ու հաստատվել, ինչը վկայում է կատարված ամենօրյա աշխատանքի մասին։
Անդրեասյանը տեղեկացրեց՝ նախարարությունը նաև ոչ նյութական մշակութային ժառանգության հայտերն է պատրաստում ու ներկայացնում՝ դա համարելով կարևորագույն աշխատանք։
«Դրանով մեր պատմամշակութային ժառանգության ճանաչելիության բարձրացման ու հանրահռչակման նոր հնարավորություններ են ստեղծվում, նաև զբոսաշրջության զարգացման շատ կարևոր ուղղություն է դառնում»,- ընդգծեց ԿԳՄՍ նախարարը՝ տեղեկացնելով, որ բյուջեում հատուկ տող կա այդ հայտերի պատրաստման ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործընկերներին ներկայացնելու համար։

