Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Մեր առաջ խնդիր ենք դրել, որպեսզի 2029 թվականին ԵՄ-ի հետ ունենանք վիզաների ազատականացում: Այս մասին Կառավարության նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՀ Կառավարության 2026-2031 թվականների գործունեության միջոցառումների հաստատելու մասին հարցի քննարկմանը:
«Ընդհանրապես լինում է այնպես, որ երբ խնդիր ենք սահմանում, ժամանակի հետ այդ խնդրի իրականացումը սկսում է թվալ պակաս իրատեսական: Պիտի իմ տպավորությունը ասեմ, որ ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման թեման այն թեման է, որ 2029 թվականին այդ արդյունքն ունենալը ինձ թվում է ավելի իրատեսական, հատկապես մեր քաղաքական հարաբերությունների համատեքստում: Այս առումով կենսաչափական անձնագրերի ներդրումը շատ էական է և սահմանների կառավարման համակարգում մենք պետք է առաջիկայում բարեփոխումներ իրականացնենք»,-ասաց վարչապետը՝ հավելելով, որ այս թեմայի հետ ձեռք-ձեռքի կքայլի թվայնացման գործընթացը:
Փաշինյանն ընդգծեց, որ Կենսաչափական անձնագրերի ներդրումով քաղաքացիները պետք է շատ արագ զգան իրենց կյանքի փոփոխությունը՝ սկսած ճամփորդելուց մինչև ծառայությունների մատուցման հարմարավետություն:


